Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«1000 դրամների» նախագիծը՝ կրկին խորհրդարանում

Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին վիճահարույց օրինագիծն այսօր կրկին Աժ օրակարգում էր: Հիշեցնենք՝ ընդամենը օրեր առաջ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Չնայած պաշտպանության նախարարը քվեարկությունից առաջ նախագիծը քննադատողներին խնդրել էր «դեմ» կոճակի փոխարեն նախընտրել ձեռնպահը կամ գոնե չքվեարկել, բայց առաջին քվեարկության ժամանակ նիստին ներկա 110 պատգամավորներից 102-ը կողմ քվեարկեցին, դեմ՝  3-ը։  Օրինագծին դեմ քվեարկեցին Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախարարն այսօր կրկին հորդորել է ընդդիմախոսներին՝ «դեմ» կոճակի փոխարեն ընտրել այլընտրանքային տարբերակները:   4.5 միլիարդ դրամ. սա ակնկալվող գումարի այն չափն է, որը նախատեսվում է հավաքագրել այսպես կոչված «1000 դրամների» նախագծի պարտադիր գանձումների միջոցով: Մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նպատակով ստեղծվող հիմնադրամի հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կրկին թեժ մթնոլորտում էր ընթանում: Ընդդիմախոսները ներկայացնում էին տարբեր պատճառաբանություններ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը թեեւ նորմալ է ընդունում ցանկացած քննադատություն, բայց միեւնույնն է՝ անդրդվելի է օրենսդրական իր առաջին նախաձեռնությունն անցկացնելու հարցում: Նախարարը տեղեկացրեց, որ հատուցման հիմնադրամի կողմից շահութահարկ չի վճարվելու, հիմնադրամը նաեւ ազատվելու է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարներից։ Նախարարի խոսքով՝ հատուցման հիմնադրամի վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որեւէ այլ սահմանափակում: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը եզրակացրեց՝ «ստեղծվում է պետություն՝ պետության մեջ»: Թեեւ հիմնադրամը շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, բայց օրինակ՝ կարող է թողարկել պարտատոմսեր եւ դրանից ստանալ շահույթ: Եվ նույնիսկ այս դեպքում օրենքը հետադարձ ուժ չունի: Կիրառվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացած խնդիրների վրա: Սա այն դեպքում, երբ Դանիելը դեռ սպասում է, օրինակ բերեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախարար Վիգեն Սարգսյանը խոստովանեց՝ նախորդ դեպքերի ժամանակ վիրավորների հարցը միեւնույնն է պահելու են ուշադրության կենտրոնում: Պատգամավորներից շատերը պնդում են՝ քննարկվող նախագիծը պարզապես հասարակության վերաբերմունքն է հերոսի հանդեպ: Սրանով են բացատրում «կողմ» քվեարկելու որոշումը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաեւ կարեւորում է խնդրի ինստիտուցիոնալ լուծումը՝ անվերջ ակցիաների եւ դրամահավաքների միջոցով պահի լուծումների փոխարեն: «Հերոսին հարգելը պարտադրանքով եւ օրենքով չէ»,- հակադարձում են մյուս պատգամավորները: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր էլ պատգամավորներին հորդորեց՝ նույնիսկ եթե դեմ են, եթե քննադատում են, ամեն դեպքում չնախընտրեն «դեմ» կոճակը: Խորհուրդ տվեց՝ կարող են չքվեարկել կամ «ձեռնպահ» քվեարկել, քանի որ նախագիծը խոսում է մեր միասնականության մասին եւ նախարարն անգամ կասկած չունի, որ այս քննարկումներին միայն Հայաստանում չէ, որ հետեւում են: Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 102-ը կողմ, 3 դեմ քվեարկությամբ: Դեմ էին քվեարկել Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը։ Երկրորդ ընթերցմամբ քվեարկության նախագիծը կդրվի արդեն վաղը կեսօրին:

Հայաստանի հանրային ռադիո