Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«1000 դրամների» օրինագիծը շարունակում է մնալ ԱԺ քննարկման առանցքում

Ի սկզբանե կասկածի տակ չդնենք նոր ձևավորվող  համակարգի արդյունավետությունը,  փորձենք կայացնել այն ու դարձնել իսկապես թափանցիկ՝ այսօր խորհրդարանում զինծառայողների սոցիալական ապահովությանը վերաբերող  օրենսդրական խնդրահարույց  փաթեթի քննարկման ժամանակ ասել է  ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և  ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Խորհրդարանը երեկվանից սկսել ու այսօր էլ շարունակում է «1000 դրամների» պայմանական անվանումը ստացած փաթեթի քննարկումը, որով կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է  հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նոր համակարգ ներդնել, ստեղծել հատուկ ապահովագրական հիմնադրամ, որի  գումարները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից ամեն ամիս պահվող 1000-ական դրամներից: Նախաձեռնության մասին կարծիք հայտնելու համար այսօր  հերթագրվել է  38 պատգամավոր: Թեման ստիպել է ամբիոնին մոտենալ անգամ գեներալ պատգամավորներին:    Յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ գանձելու  ու այդ գումարները հատուկ ապահովագրական հիմնադրամում կուտակելու գաղափարը,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, խորը բարոյական է և խորը քրիստոնեական:  «Սա նվազագույնն է  և բարոյական, և նյութական առումներով, որ կարող ենք անել»: Բյուջեն այս հնարավորությունը, ըստ Շարմազանովի,  չունի: Թե ինչու չունի, ԱԺ փոխնախագահը չի մանրամասնում, բայց հորդորում է չարաշահումների, կոռուպցիայի թեման  չկապել  իր ձևակերպմամբ «մաքուր ու ներկուսակցական»  գաղափարին: Կոռուպցիայի, չարաշահումների թեման առաջարկվող փաթեթի հետ ուղիղ կապի մեջ է տեսնում  խորհրդարանական ընդդիմությունը: Ոչ իշխանական պատգամավորները այս երկու օրերի ընթացքում  կառավարությանը հուշել են հնարավոր գրեթե բոլոր աղբյուրները՝ ստվերի կրճատումից,  կարմիր գծերի համար գանձվող գումարներից  մինչև Դիլիջանի կրթական կենտրոնի վաճառքից գոյացած միջոցներ: Էդմոն Մարուքյանը կոնկրետ առաջարկ կներկայացնի կառավարությանը, թե որտեղից գտնել միջոցներ զինծառայողների սոցիալական ապահովությունը հոգալու համար՝ հիմնված  կոնկրետ թվերի վրա: Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ սա այն գինն է, որ հասարակությունն  ու պետությունը պետք է վճարեն անարդյունավետ կառավարման համար: Մյուս ամենագլխավոր հարցը, ըստ ընդդիմադիրների, բյուջեի միջոցները անարդյունավետ ծախսող պաշտոնյաների պատասխանատվության խնդիրն է և վստահության դեֆիցիտը: Չեք կարծում, որ մինչ այս նախաձեռնությամբ հանդես գալը կառավարությունը պետք է պատասխանատվության քայլեր  նախաձեռներ  և հետո միայն նման առաջարկ ներկայացներ՝ այսօր հարցնում էր ԲՀԿ խմբակցության ղեկավարը: «Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչպես են պաշտպանության նախարարության մի շարք գեներալներ զբաղվում ցոփ ու շվայտ կյանքով, իմ իմանալով Բիլ Գեյթսը չեն կամ ՏՏ ոլորտում հայտնագործություններ չեն արել: Որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքը»: Գեներալների հասցեին հնչող քննադատությունը ստիպեց ելույթ  ունենալ անգամ Սեյրան Սարոյանին: Գեներալ պատգամավորն այս  4 տարիների ընթացքում ամբիոնին էր մոտենում 2-րդ անգամ: Գնահատականները, ինչպես առաջին ելույթում, անկեղծ էին: Բանակի միջոցները յուրացրած պաշտոնյաներին, եթե անգամ իրավապահները չպատժեն, Աստված միևնույնն է պատժելու է ՝ համոզված է գեներալ պատգամավորը, բայց միևնույնն է անընդունելի է համարում բոլորի ու ամեն ինչի վրա ցեխ շպրտելը:

Հայաստանի հանրային ռադիո