Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

2017թ-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ կլինեն նաեւ Սփյուռքից

տեղադրված 12.08-ին լրացված 14.49-ին Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել են հազարավոր հայեր: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը: Նա տեղեկացրել է, որ հանուն ժողովրդավարության, արդարության և թափանցիկ ընտրությունների դիտորդական նախաձեռնություն են հիմնել, որը նպատակ ունի գործնական մասնակցություն ունենալ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին: Սփյուռքահայության դերակատարության եւ նրանց ունեցած մտահոգությունների վերաբերյալ քննարկումներին այսօր տեսակապի միջոցով մասնակցել են նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ռոք-երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը:   Ընդհանրապես Սփյուռքում եւ մասնավորապես «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամների համար Հայաստանի անկախությունը եղել է կարևորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար միգուցե մենք՝ որպես անհատներ, այդ պահին չենք կարողացել մեծ ներդրում ունենալ, բայց ապրել ենք այս երկրին սատար լինելու գիտակցությամբ՝ հայտարարեց կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը: «Օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային ասպարեզում, այլ որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավար պետություն»: Կանադահայ դերասանուհու խոսքով, սակայն, պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում, ինչն էլ մեծ մտահոգություն է առաջացրել Սփյուռքում, եւ հիմք դարձել նախաձեռնությամբ հանդես գալու: Հայտնի դերասանուհու փոխանցմամբ՝ հատկապես ծանր եւ մտահոգիչ էր այս տարին: «Ապրիլյան պատերազմի օրերին մեր երիտասարդ տղաների անմնացորդ սերն առ հայրենիք մեզ ստիպեց վերագնահատել մեր հայացքներն ու քայլերը. Հայաստանի ներկան ու ապագան այլևս գնահատվում է այդ տղաների կյանքի գնով, նրանց պաշտպանած պետությունը պետք է արժանի լինի նրանց անմնացորդ սիրուն»: Դերասանուհին հշեցրեց նաեւ հունիսյան իրադարձությունները, ինչը, նրա ձեւակերպմամբ, ակնհայտ ահազանգ էր, որ իրադրությունը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից, և երկրում անհապաղ փոփոխությունների ձեռնարկման կարիք կա: Այդ մտահոգությունները հանգեցրել են այն բանին, որ Սփյուռքում հասկանան՝ Հայաստանի իրադարձություներին գործնական մասնակցություն ունենալու անհրաժեշտություն կա: Օգտագործելով Սփյուռքի ներուժը, կանգնել ՀՀ քաղաքացիների կողքին և բարձրաձայնել նրանց արդար պահանջը: Սա է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շուրջ համախմբվածների ցանկությունը: Նախաձեռնության՝ սեպտեմբերի 21-ին արած հայտարարության մեջ կոչ էր արվել իշխանություններին՝ ուշադրություն դարձնել կարևորագույն օղակներին և հետևողական լինել: Ստորագրահավաքին Հայաստանից միացել է նաեւ դերասան, մշակույթի գործիչ Հրանտ Թոխատյանը: Նա կարծիք հայտնեց, որ մտահոգ մարդկանց բոլոր համախմբումներն էլ միշտ կարող են դրական լինել Հայաստանի համար: Միաժամանակ՝ դերասանը մտահոգություն հայտնեց, որ այս ընթացքում մտահոգ մարդկանց տարբեր խմբեր ձեւավորվեցին ու այդ նախաձեռնությունները գործում են առանձին: Մինչդեռ, դերասանը ակնկալում էր, որ լիներ միասնական ինչ-որ աշխատանք. «Այդ դեպքում աշխատանքը շատ ավելի հեշտ կլիներ: Բայց արի ու տես, որ էլի չստացվեց: Էլի եղավ այն, ինչ-որ եղել է դարերի ընթացքում՝ ամեն մեկը առանձին մնաց»: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը մտահոգություն հայտնեց սփյուռքահայության եւ Հայաստանի անջատ լինելու կապակցությամբ: Ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանին լսենք. «Ապրիլից մինչեւ հունիս-հուլիս իրավիճակը ինձ համար դարձավ էության հարց, թե ինչ ենք մենք դարձել եւ ինչ քայլերի պետք է դիմենք, որ որպես սփյուռք մենք էլ այդ դիալոգի մեջ մասնակից լինենք»: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Սփյուռքահայությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, թե ինչպիսին պիտի լինի իր դերակատարությունը Հայաստանում: Այս տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Սփյուռքը պիտի գործուն մասնակցություն ունենա, օրինակ, արդարությանն առնչվող խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված՝ ասաց նա: «Ցավալին այն է, որ երիտասարդության շրջանում նկատվում է որոշակի անտարբերություն: Նրանք կարծում են, որ իրադրությունը չի փոխվի; Բայց մենք ուզում ենք ցույց տալ, որ իրականում մենք նրանց կողքին ենք, որ պատրաստ ենք աջակցել, կրթել, որպեսզի իրադրությունը փոխվի եւ սա շատ կարեւոր խնդիր է մեզ համար»: Սփյուռքահայ մշակութային գործիչները կարծում են, որ ժողովրդավարության լուրջ խնդիր կա՝ կապված ընտրությունների հետ եւ իրենք կարծում են, որ պետք է սփյուռքն իր գործուն աջակցությունը բերի՝ ցույց տալու ՀՀ քաղաքացուն, որ իր քվեն իր կյանքի արժեքն է, որը պետք է պահել: Այդ նպատակով նրանք ծրագրում են գալիք խորհրդարանական ընտրություններում գործուն մասնակցություն ունենալ՝ դիտորդական առաքելությամբ լինելով Հայաստանում:

Հայաստանի հանրային ռադիո