Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

2020 թվականին Դադիվանքը 90 տոկոսով նախկին Դադիվանքի նման կլինի. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

«2020 թվականին Դադիվանքը 90 տոկոսով նախկին Դադիվանքի նման կլինի»,-վստահեցնում է Արցախի քարակերտ հրաշքներից մեկի՝ Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ռադիոլուրին նա պատմել է, որ մինչ օրս վերանորոգվել են եկեղեցու երիցատունը, ժամատունը, մատուռները, եկեղեցու մուտքը,  դարպասները, իսկ օրերս Դադիվանք այցելած Բակո Սահակյանը խոստացել է ՝ մոտ ապագայում կվերանորոգվի դեպի համալիր տանող մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհը:   Առաջին անգամ նա Դադիվանք մտավ 1993 թվականի ապրլի 3-ին, երբ ազատագրեցին այն: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ  տեսավ քարակերտ հրաշքը, որի պատերն ամբողջությամբ սևացած էին, այդ թվում՝ 700-ամյա պատմություն ունեցող որմնանկարները: Խաչեր, բնականաբար, չկային: Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը մեզ նաև պատմեց, որ 1950-ականներին Ադրբեջանի իշխանությունները Դադիվանքի տարածքը վերաբնակեցրել են. Ադրբեջանաբնակ քուրդ հովիվն իր տասնյակ անասուններին պահել է հենց եկեղեցու ներսում՝ վերածելով այն անասնագոմի: Ծխից ամբողջությամբ սևացած ու անասնագոմի վերածված վանական համալիրն այսօր գործող եկեղեցի է: Որպես այդպիսին հավատավոր ժողովրդի առջև Դադիվանքն իր դռները բացեց  2016-ի հունվարի մեկից: Վերանորոգման աշխատանքներն այստեղ այս պահին էլ շարունակվում են։ Սուրբ  Զատկի տոնին այս տարի 3000 մարդ է հավաքվել Դադիվանքում: Ամեն կիրակի պատարագ կա այստեղ, մկրտություններ ու պսակադրություններ  են իրականացվում: Դադիվանքը կյանք ու աշխուժություն է ներարկել Քարվաճառի ողջ տարածաշրջանին: «Հավատավորների թիվն այստեղ օր օրի ավելանում է: Նյութականից զատ մարդիկ նաև հոգևոր պահանջներ  ունեն, որոնք փորձում են հագեցնել Դադիվանքում»,- ասում է Տեր Հովհաննեսը։ Տեր Հովհաննեսը նաև տեղեկացրեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն օրերս այցելել է Դադիվանք, հոգևոր օրհնություն ստացել ու խոստացել, որ դեպի վանական համալիր տանող 1 կմ երկարությամբ ճանապարհը կասֆալտապատվի մինչև օգոստոսի մեկը: Ինչ վերաբերում է Հայաստանն Արցախին կապող երկրորդ՝ Վարդենիս-Քարվաճառ կամ, ինչպես ավելի հաճախ անվանում են՝ Կյանքի ճանապարհին, ապա այն, ըստ հոգևարականի, ոչ միայն Քարվաճառի, այլև ողջ տարածաշրջանի կյանքը  աշխուժացրել է 50 տոկոսով:

Հայաստանի հանրային ռադիո