Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԺ այսօրվա քննարկումները՝ նաեւ բանակի խնդիրներն էին

Պատգամավորներն այսօր շարունակել են իրենց աշխատանքը՝ ավարտին էին հասցնում  խորհրդարանի մշտական հանձնաժողովները ձեւավորումը: Այսօր դրանց ղեկավարների նախընտրական ելույթներն էին եւ պարզաբանումները` ամենահնչեղ հարցերին: Հիշեցնենք, որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել է՝ հասնելով 9-ի: Այս խորհրդարանում հանրապետականը կղեկավարի 6, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով: Դաշնակցությունն ու «Ելքն» այս հարցում մնացին ձեռնունայն:  Նախորդ գումարման խորհրդարանից իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ձեւափոխված եւ միավորված առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի երկրորդ հատվածը նորություն չէ Հակոբ Հակոբյանի համար: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բաժին հասավ Արմեն Աշոտյանին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանին, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանին: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովը կղեկավարի ծառուկյանական Վարդեւան Գրիգորյանը, նույն խմբակցությունից տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ այս անգամ կզբաղվի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով: Նորընտիր խորհրդարանի աշխատանքի արդեն երրորդ օրը  միանգամից բարձրացվեց նախընտրական շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային միջոցների կամայական ծախսերի հարցը: «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հարցն ուղղեց տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդեւան Գրիգորյանին: Հանրության համար ամենաուշագրավ եւ սրտացավ քննարկումը թերեւս պաշտպանական եւ անվտանգության խնդիրների հետ էր կապված: «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը եւ Գեւորգ Գորգիսյանը անդրադարձան ԶՈՒ-ում տիրող իրավիճակին: Կորյուն Նահապետյանը, ով նախորդ 5 տարիների ընթացքում ղեկավարել է նույն հանձնաժողովը, հարցերը չափազանցված համարեց: Տարբեր հարցերի շուրջ վերահսկողություն իրականացնելու առումով այս անգամ հանձնաժողովների ղեկավարները խոսում են ավելի վստահ, քանի որ նոր խորհրդարանում մշտական հանձնաժողովներին տրվել են վերահսկողական լուրջ լիազորություններ: Այս հարցի շրջանակներում պատգամավոր Շուշան Պետրոսյանին առավելապես անհանգստացնում է ԶԼՄ-ների աշխատանքը, նրանց կողմից «ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների անզգույշ հրապարակումներին»: Նա առաջարկում է օրենսդրական կարգավորումներով լուծել այդ խնդիրը: Անհարկի խստացումներին Կորյուն Նահապետյանը կողմ չէ: Ընդունում է, որ վերջին տարիներին անզգույշ հրապարակումների թիվը նվազել է, բայց դեռեւս խնդիրն առկա է։ Այս քննարկման ժամանակ չէր կարող չհնչել նաեւ քառօրյա պատերազմի հետ կապված հարցը՝ որքանով էինք պատրաստ եւ որքանով էինք տեղյակ խնդիրներին, որոնք ակնառու երեւացին հենց ապրիլին: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ Արցախի առաջնագիծ այցերի ժամանակ նկատել են այն նշանակալի աշխատանքները, որոնք կատարվել են առաջնագծում՝ ինչպես ամրաշինական, այնպես էլ Զինված ուժերում տեխնիկական հագեցվածության բարելավման առումով: Պատգամավորը սակայն հստակեցրեց. «Կան որոշակի աշխատանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով հարցի էությանը»:

Հայաստանի հանրային ռադիո