Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԺ խմբակցությունների անդրադարձը՝ ԼՂ հակամարտության հարցով երեկվա հայտարարությանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոնը ԼՂ հակամարտության հարցով երեկ համատեղ հայտարարություն են ընդունել: Այսօր այդ հայտարարությանն անդադարձել են ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները: Ով ինչպես է հասկացել այդ հայտարարությունը եւ ինչ ազդակներ է տեսել այնտեղ. առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ:   ԵԱՀԿ-ն ցանկանում է արդյունք ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանն այս ցանկությամբ է պայմանավորում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվեց երեկ Համբուրգում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում: Քաղաքական գործիչներն այսօր տարբեր կերպ են վերլուծում հայտարարության մեջ տեղ գտած դրույթները: Խնդիրն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը պնդում է՝ բանակցությունները սառեցված են մինչեւ կյանքի չկոչվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք, հիշեցնենք, հետեւյալն էին՝ օրինակ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում: Այս, ինչպես նաեւ մյուս պայմանները դեռեւս կյանքի չեն կոչվել, բայց երեկվա հայտարարության մեջ արդեն ակնարկ կար բանակցությունների վերսկսման մասին: Փաստորեն՝ այս պահին խնդիրը գործողությունների հերթականության մեջ է: Արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ նախատեսում է բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել բանակցությունների վերսկսմանը զուգահեռ, թե՞ բանակցությունները վերսկսվեն պայմանավորվածությունների իրականացումից հետո: Առաջին տարբերակն անիմաստ են համարում ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ու Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս պնդում է՝ այս պայմաններում նույնիսկ երկրների նախագահների հանդիպումն անարդյունավետ կլինի:   Այսպիսով՝ Հայաստանը շարունակում է պնդել ոչ թե զուգահեռ, այլ՝ հաջորդական քայլերի անհրաժեշտությունը: Այս դեպքում արդյո՞ք չի ավելանում պատերազմի վերսկսման հնարավորությունը նաեւ այն պատճառով, որ երեկվա հայտարարության մեջ կա հետեւյալ միտքը՝ «եթե բանակցություններում առաջընթաց չկա՝ բռնությունն ավելի կմեծանա»: Այս հարցերին Վահրամ Բաղդասարյանի պատասխանը հետեւյալն է. «Մենք երբեք չենք հայտարարել պատերազմի անհնարինության մասին: Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի, որովվհետեւ մեր թշնամին անկախնատեսելի է: Համենայնդեպս ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի , բայց այս ձգձգվող իրավիճակը ձեռք չի տալիս ոչ ադրբեջանական կողմին, ոչ հայկական կողմին: Իմ կարծիքով մեր խնդիրը միանշանակ է դրված՝ մենք ունենք առաջնահերթ մեկ խնդիր՝ դա ԼՂ ինքնորոշման, կարգավիճակի խնդիրն է»: Համբուրգում ընդունված երեկվա հայտարարության մեջ, ի դեպ, կա նաեւ անդրադարձ հնարավոր պատերազմական գործողություններին: Հաշվի առնելով ապրիլյան դեպքերը եւ խստորեն դատապարտելով դրսեւորված վայրագությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարները հստակ հայտարարել են. «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Վերադառնալով պայմանավորվածությունների կատարմանն ու բանակցությունների վերսկսման խնդրին՝ նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ծանոթանալով փաստաթղթի անգլերեն տարբերակին հասկացել է հետեւյալը. «Մոտավորապես ասածն այն է, որ պետք է եւ մեկը արվի, եւ մյուսը: Այսինքն՝ մեկը անելուց հետո անմիջապես սկսվեն բանակցությունները: Ես անգլերեն տեքստն եմ կարդացել եւ տպավորություն չեմ ստացել, որ զուգահեռի մասին է խոսքը»: Գործընկերոջ այս կարծիքը կիսում է եւ նույն կերպ է մեկնաբանում հայտարարությունը «Օրինաց երկիր» խմբակցությունից պատգամավոր Մհեր Շահգելդյանը: «Այստեղ բավականաչափ երկար աշխատանքի տեղ կա եւ հնարավոր է ինչ որ կետերով կտարումներ չլինեն, բայց անհրաժեշտ է մեթոդաբանական հստակություն: կարող է ժամանակահատված լինի, որ դրանք նաեւ զուգահեռ լինեն, բայց այսօր ճիշտը այն դիրքորոշումն է, որ առկա է»: Ի դեպ, հանրապետական խմբակցության ղեկավարը չի համաձայնում, որ Մինսկի խումբը ադրբեջանամետ կեցվածք է արտահայտում: Վահրամ Բաղդասարյանն այդ կեցվածքը չեզոք է համարում, որը, ի դեպ, կարծում է վնասում է հետագա բանակցություններին: Ասում է. «Այդ զգուշավորությունը կարող է երկար տեւել» եւ հիշեցնում, որ բազմիցս են հայտարարել՝ այսօրվա եւ վաղվա խնդիր չէ Ղարաբաղի հարցի կարգավորումը:

Հայաստանի հանրային ռադիո