Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«ԱԺ մոնիտորինգ»-ը ԱԺ աշխատանքում վիճահարույց ու մտահոգիչ փաստեր է արձանագրել

Հասարակության համար արդեն սովորական է, որ մեր պատգամավորների մի մասը ոչ հայերենի իմացությամբ է աչքի ընկնում, ոչ էլ՝  էթիկակական նորմերի պահպանումով: Տարիներ առաջ եկավ մի պահ, երբ հույս արթնացավ՝ որոշ պատգամավորները կսկսեն իրենց ավելի զուսպ եւ կոռեկտ պահել: Այս գումարման խորհրդարանում առաջին անգամ ստեղծվեց Էթիկայի հանձնաժողով: Կառույցի գործունեության 4 տարվա աշխատանքին հետեւել է  «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը: Կառույցի աշխատանքը թվային պատկերով արդեն կա եւ այն որոշ դեպքերում հուշում է վիճահարույց եւ մտահոգիչ ուղղությունները:   Հայհոյանքներ, ուղիղ սպառնալիքներ, անհարիր բառապաշար եւ նույնիսկ հարձակումներ: Այս ամենի կիզակետում անցած տարիների ընթացքում հայտնվել են հասարակության վստահության քվեն ստացած մարդիկ՝ պատգամավորները: Պատկերը չշտկեց նույնիսկ 5-րդ գումարման խորհրդարանում ձեւավորված նոր մշակույթը: Անցած 10 նստաշրջանների ընթացքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը ստացել է 32 դիմում, դրանցից կեսից ավելին վարույթ չի ընդունվել: 4 տարվա ընթացքում հանձնաժողովը, ըստ էության, 7 անգամ է արձանագրել էթիկայի կանոնների խախտում: Հիմնականում շրջանառվել է 3 պատգամավորի անուն: Պատգամավոր Առաքել Մովսիսյանի այս արտահայտությունը էթիկայի հանձնաժողովում վարույթի պատճառներից ընդամենը մեկն էր: Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը երեք անգամ քննարկել է Առաքել Մովսիսյանի, երկու անգամ՝ Մհեր Սեդրակյանի եւ մեկ անգամ՝ Սամվել Ալեքսանյանի վարքը: Այս դեպքերում հանձնաժողովը կայացրել է էթիկայի կանոնները խախտելու որոշում: Սովորաբար գործերն ավարտվել են այսքանով, քանի որ էթիկայի կանոնների խախտման համար նախատեսված պատժամիջոցները սթափեցնող չեն՝ ասում է հանձնաժողովում ամենաերկար ժամկետով աշխատած պատգամավոր Թեւան Պողոսյանը: ԱԺ 10 նստաշրջանի ընթացքում հետեւելով էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին եւ կազմելով վիճակագրություն «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը հանգել է եզրահանգման, որը փոխանցում է ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: «Ըստ էության հանձնաժողովը վերածվել է մի կառույցի, որը պարզապես գնահատում է պատգամավորների վարքագիծը եւ այդպես էլ նստաշրջանների ընթացքում չի վերածվել այն հակակոռուպցիոն գործիքին, որի նպատակը դրա ստեղծման ժամանակ կար»: Հանձնաժողովի ստեղծման առաջին իսկ օրվանից կառույցին իրականում տրվել են ավելի լայն հնարավորություններ: Էթիկայի կանոնները խախտելու փաստերից բացի եւս երկու վերահսկիչ ուղղություն: Կարող է ուսումնասիրել պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստերը՝ սահմանադրական արգելքը պահպանելու համար, նաեւ՝ շահերի բախման հնարավորությունը: Այս վտանգների մասին բազմիցս է ահազանգ հնչել հենց ԱԺ ամբիոնից: Այս եւ նմանատիպ մյուս մեղադրանքները՝ ԱԺ-ում գործարար-պատգամավորներ ունենալու եւ փաստորեն Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ, ըստ էության լուրջ քննարկումների չեն արժանացել էթիկայի հանձնաժողովում: «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամեն դեպքում երկու դեպք գտել է: Անցյալ տարվա փետրվարից-սեպտեմբեր էթիկայի հանձնաժողովի նախագահի պարտականություններն իրականացնող Խոսրով Հարությունյանն ու նույն հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը չեն ընդունում կտրուկ ձեւակերպումը, թե հանձնաժողովը ձախողվել է եւ չի կայացել: Կայացած եւ չկայացած փորձի օրինակները կարելի է երկար թվարկել: Օրինակ՝ ինչպես պատահեց, որ ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորների գործով այդպես էլ որոշում չկայացվեց: Եթե հանձնաժողովի անդամները չեն ներկայանում նիստերի եւ չեն քվեարկում՝ դա դեռ չի նշանակում, որ կառույցը ձախողվել է՝ ասում է Խոսրով Հարությունյանը՝ պնդելով՝ կառույցն ավելի շուտ կկայանա, եթե հանձնաժողովը լինի մշտական եւ կայուն կազմով: Մինչ այս պահը այն միշտ ձեւավորվել է ամեն նստաշրջանի սկզբում, ղեկավարումը նույնպես ռոտացիոն կարգով էր: Բայց փաստերն ամեն դեպքում ապացուցում են՝ տարեցտարի դիմումների քանակը ԱԺ էթիկայի հանձնաժողով նվազում է: Իսկ դա կարող է նաեւ վստահության պակասի հետեւանք լինել:

Հայաստանի հանրային ռադիո