Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԺ- ն արտահերթ քննարկում է ՄԻՊ- ի եւ կուսակցությունների ճակատագիրը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում երեք հիմնարար օրինագծեր են՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Կուսակցությունների մասին» և ԱԺ կանոնակարգ: Սրանք այն օրենքներն են, որոնց ընդունման պահանջը դրվել է 2015թ. դեկտեմբերին փոփոխված Սահմանադրությամբ:  Առաջին երկուսը ներկայացրել է կառավարությունը, երրորդը մշակել են ԱԺ պատգամավորները: Խորհրդարանն այսօր հասցրել է ավարտել  օմբուդսմենին վերաբերող օրինագծի քննարկումն ու անցնել կուսակցությունների խնդրին:  Այս նախագիծը, ի դեպ, նիստերի դահլիճում նկատելիորեն ավելի շահագրգիռ վերաբերմունքի է արժանացել: Ի՞նչ անել, որ քաղաքական ուժերը սնկի նման չավելանան, ինչպե՞ս տարբերակել մարդ-կուսակցությո՞ւն է ստեղծվում, թե՞ սպասարկող կուսակցություն: Ի դեպ, քննարկումն այսօր ցույց է տվել, որ պատգամավորներից շատերը չեն ողջունում կառավարության լիբերալ մոտեցումները:    Մարդու իրավունքների պաշտպանը նույնքան  անձեռնմխելի կլինի, որքան   ԱԺ պատգամավորը:  Նմանությունն այնքան մեծ է, որ «Պաշտպանի մասին» նոր օրինագծում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը՝  «իր լիազորությունների ժամկետում ու  դրանից հետո Պաշտպանը  չի կարող հետապնդվել կամ  պատասխանատվության ենթարկվել այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»: Բայց չէ՞ որ օմբուդսմենը չի քվեարկում՝ տարակուսեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը բացատրեց, որ  «քվեարկություն» բառը պատգամավորին վերաբերող տեքստից է նախագծում մնացել: «Վրիպակ է»,- ասաց։ Օրենքը սահմանադրականների շարքից է, մշակվել է փոփոխված Սահմանադրության պահանջով և ներկայացվել կառավարության կողմից: Ըստ հեղինակների ՝պաշտպանի լիազորություններն ընդլայնվում են: Հիմնական փոփոխություններից մեկն այն է, որ Պաշտպանն այսուհետ   կարող է քննարկել ոչ միայն պետական կառույցների, այլ նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների դեմ բերված բողոքները: Նախատեսվում է նաև, որ պաշտպանը ներկայացուցիչներ կունենա ԱԺ-ում և Սահմանադրական դատարանում: Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունը խստացվում է: Արդյո՞ք այս փոփոխություններն ավելի ուժեղ ու պաշտպանված են դարձնելու Պաշտպանին՝  հետաքրքրում էր  «Ժառանգությունից» Թևան Պողոսյանին: «Ի՞նչ իմաստով է ազդելու, որ պետական կառավարման այլ մարմիններն ուղղակի ավելի մեծ գիտակցությամբ մոտենան մարդու իրավունքների խախտումներ չկատարելուն։ Այս իմաստով օրենքը նպաստո՞ւմ է, թե՞ ուղղակի միջազգային փորձից վերցրած ինչ-որ բաներ ենք ներկայացրել»: «Երբ մենք ասում ենք՝ ոչ միայն պաշտպանը, այլև փորձագետների խումբն իրավունք ունի մտնել ազատազրկման վայրեր, իսկ նրանց խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, սա նշանակում է, որ, այո, պետական մարմիններն էլ ավելի զգոն պետք է լինեն ու ոչ մի կերպ չխոչընդոտեն ՄԻՊ-ի գործունեությանը»,- պատասխանում է փոխնախարարը։ Հաջորդ սահմանադրական օրենքն արդեն ոչ թե փոխնախարարը, այլ նախարարն էր ներկայացնում: «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը, որը ընդունումը նույնպես թելադրված է փոփոխված Սահմանադրության պահանջով,  Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ,  հստակեցնում է քաղաքական ուժերին առաջադրվող պահանջները: Գործող օրենքով կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները: Նոր նախագծում կուսակցությանն անդամակցելու արգելքների շարքը համալրվել է. իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԿԸՀ, ՀՌԱՀ, ԿԲ խորհրդի անդամները: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է նշված մարմինների ցանկում ավելացնել բոլոր անկախ կառույցները: Արդարադատության նախարարն առաջարկը քննարկելի է համարում: Նաիրա Զոհրաբյանը ներկայացված օրենքում ռադիկալ  փոփոխություններ չի տեսնում, ավելին՝ մտահոգվում է   կուսակցության գրանցման ընթացակարգի  լիբերալացումից: «Սա նոնսենս է, 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, որ գրանցվեն։ Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում  չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն։ Սա նորմալ բան չէ։ 79-ից առնվազ 70-ը մարդ-կուսակցություններ են, որոնց գոյության  մասին մենք իմանում ենք միայն այն ժամանակ,  երբ ընտրություն է, պետք է գնան որևէ խոշոր կուսակցությանը կցվեն՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար։ Ես դեմ չեմ լիբերալացմանը, բայց եթե մենք գնում ենք կուսակցական քաղաքական  համակարգի կայացմանը, էս աջաբսանդալը բերելու է շատ ավելի վատ հետևանքների»։ Արփինե Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ 79 կուսակցությունը Հայաստանի համար շատ է: Համաձայն է, որ քաղաքական ուժերի կայացման, խոշորացման խնդիր կա: Բայց չի կարծում, որ գրանցող մարմինը պետք է գնահատի ՝ մարդ-կուսակացությո՞ւն է, սպասարկո՞ղ կուսակցություն է թե՞ մեկ այլ բնույթի: Գնահատողը, ըստ նախարարի, ընտրողն է: «Արդարադատության նախարարությունը կամ որևէ այլ գերատեսչություն չէ, որ պետք է ասի՝ դու մարդ-կուսակցությո՞ւն ես, դու անելիք չունե՞ս քաղաքական դաշտում, դու ծառայություններ տալու համա՞ր ես ստեղծված։ Նրանց գնահատողն ընտրողն է»։ Փոխարենը Նաիրա Զոհրաբյանի հարցը համարյա բարկացրեց ՀՀԿ խմբակցության անդամ, բայց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությույունյանին: Ակնարկը գրեթե թափանցիկ էր: «Մեր իրականության մեջ ազդեցիկ կոչվող շատ կուսակցություններ կան, տիկին Զոհրաբյան, որոնք այս խորհրդարանում ընդամենը մեկ տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը»: Ըստ Հարությունյանի ՝ կուսակցության որակը անդամների քանակով պայմանավորված չէ: «Բարի եղեք, կուսակցության որակի մասին խոսելիս՝ չպայմանավորեք միայն և միայն  քանակով։ Ցավոք սրտի, այսօր ազդեցիկ կուսակցություն ասելով հասկանում ենք հսկայական քանակությամբ անդամներ ունեցող  կուսակցություն՝ առանց  հաշվի առնելու այդ կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրին ունի՞ և ունա՞կ է ներկայանալ հանրությանը՝ հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու քաղաքական կարողությունով։ Սրանք անհամեմատ ավելի կարևոր են, քան 79-ը կամ չգիտեմ՝ ինչ»,- հայտարարեց Խ. Հարությունյանը։ Նախարարն այսօր հայտարարեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում դոգմատիկ ճշմարտություններ չեն ամրագրել: Հեղինակները պատրաստ են լսել օրենքի հիմնական շահառուների՝ քաղաքական ուժերի բոլոր դիտողություններն ու առարկությունները: Քննարկումը վաղն է շարունակվելու:

Հայաստանի հանրային ռադիո