Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԺ- ն ընդունեց «1000 դրամի» օրենքը եւ սկսեց իր կանոնակարգի քննարկումը (լրացված)

տեղադրվել է ժամը 12։32- ին լրացվել է ժամը 18։37- ին Այսօր շարունակվող ԱԺ արտահերթ աշխատանքների ընթացքում պարզվեց, որ ապագայում <<Գնումների մասին>> օրենքով նախատեսվում է նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի համար արարողակարգային ծախսերը գաղտնի պահել: <<Միջազգային փորձը նայել ենք եւ հասկացել, որ դա անվտանգության կարևոր նորմ է>>,- հարցի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից արված հիմնական առաջարկներն ընդունվել են: Ըստ այդմ՝ կարեւորվում է մրցակցության խթանումը: Նաեւ էլեկտրոնային աճուրդի մասով սահմանվել է կարգավորում, որպեսզի գնումներն էլեկտրոնային աճուրդի տարբերակում անպայման հրապարակվեն: <<Մրցակիցները մեկը մյուսին չեն տեսնի, բայց կտեսնեն մրցակիցն ինչ գին է տեսնում, որ ավելի քիչ առաջարկեն, որ լինի նվազող աճուրդ: Այսինքն՝ չեն տեսնում իրար, բայց տեսնում են գները, որ մրցեն>>,- պարզաբանել է նախարարը: ԱԺ արտահերթ նիստի մյուս մանրամասները՝ ռեպորտաժում:   84 <<կողմ>>, 4 <<դեմ>> եւ 1 <<ձեռնպահ>> քվեարկությամբ ԱԺ- ն այսօր վերջին ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց <<1000 դրամների>> նախագիծը, եւ ընդհանրապես բոլոր այն նախագծերը, որոնք պատգամավորները քննարկել էին երեկ: Քվեարկությունները խորհրդարանում սակայն այսօր ուղեկցվել են խառնաշփոթով: Ընդդիմադիր պատգամավորներն անընդհատ պնդում էին, որ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկություն է իրականացվում, պահանջում էին վերականգնել քվեարկությունների պատկերը՝ ակնառու տեսնելու, որ բացակայողների տեղերում <<կողմ>> կոճակի կանաչ լույսերն են վառվել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սակայն այդպես էլ չիրականացրեց կանոնակարգ-օրենքով նախատեսված պատգամավորների պահանջը: Խորհրդարանի խոսնակը գերադասեց պարզապես նվազեցնել <<կողմ>> քվեարկությունների ձայները: Ի դեպ, այս վիճաբանության ընթացքում պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր, որ գործընկերոջը անվանեց <<գործ տվող>> եւ հենց հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողքին նստող պատգամավոր Ռուբեն Սադոյանն էր, որ բացակայում էր, բայց  քվեարկության արդյունքներով՝ փաստացի քվեարկել էր: ԱԺ կանոնակարգ-օրենքում վերջին փոփոխությունից հետո ուրիշի փոխարեն քվեարկելը համարվում է կարգազանցություն եւ այսօրվա կարգազանց պատգամավորների հարցը օրակարգային դարձավ ԱԺ կանոնակարգ-օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Խորհրդարանական կառավարմամբ նոր գումարվելիք ԱԺ աշխատանքները կանոնակարգող օրենքի նախագծում սակայն պատգամավորներն առավել կարեւորեցին պատգամավորին խմբակցությունից հանելու եւ մանդատից զրկելու հարցերը: Ասում են՝ այստեղ կա հակասություն: Մի դեպքում խմբակցության կարգազանց պատգամավորների հարցը պետք է լուծում ստանա՝ խմբակցության իրավունքները չոտնահարելու համար, մյուս կողմից էլ՝ պատգամավորին հեռացնելով կամ մանդատից զրկելով խախտվում է ընտրողի իրավունքը, քանի որ հենց ընտրողն է իր քվեով այդ անձին գործուղել խորհրդարան: Յուրատեսակ առաջարկություն այս առումով ուներ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: <<Մեր սահմանադրագետները երբեմն բաներ են ասում, որ երբեմն չի հասկացվում: Տարածված ֆրազ կա <<սպանիր քո մեջ Նապոլեոնին>>: Հիմա ես առաջարկում եմ մեր սահմանադրագետներին սպանել իրենց մեջ Մոնտեսքյուին կամ ում ուզում են թող սպանեն, բայց խնդիրը լուծեն: Չի կարելի այսպես>>: Այս <<չի կարելիի>> կողմնակիցը նաեւ <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցության անդամներն են: Ի դեպ, այս գումարման խորհրդարանում հենց այս խմբակցությունն է, որն ամենաշատն է տուժել պատգամավորների քմահաճույքներից: ԲՀԿ-ի ցուցակներով անցնելով խորհրդարան՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո անմիջապես լքեցին այդ խմբակցության շարքերը, ոմանք ստեղծեցին նոր քաղաքական ուժեր եւ ԲՀԿ-ի մանդատով սկսեցին իրականացնել այլ քարոզներ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իհարկե այս ամենը հիշեցրեց: Ինչ վերաբերում է հենց հանրապետական խմբակցությունից պատգամավորների քննադատություններին, թե մանդատից զրկելու իրավունքը պահպանվում է իբրեւ մահակ՝ քվեարկության որոշումներին չենթարկվող պատգամավորներին պատժելու, հետեւապես՝ անկախությունից զրկելու համար, ապա պետա- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հակադարձեց: <<Ես ուզում եմ հիշել, որեւէ մի անգամ դուք մեր խմբակցության որոշումներին դեմ քվեարկե՞լ եք: Դե լավ է, մենք էլ դա ենք ասում: Խմբակցությունից հեռացնելու հիմքը որեւէ մեկը չի ասում՝ քվեարկությունն է: մենք խոսում ենք ավելի լուրջ գործընթացների մասին>>: Առաջին ընթերցումից հետո ընդհանուր առմամբ նախագծի շուրջ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ: Արդարադատության նախարարի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունելի է կառավարության համար, քանի որ բոլոր հարցերի հետ կապված ձեռք են բերել պայմանավորվածություններ: Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույնպես հաստատեց՝ նախագիծը զգալիորեն բարելավվել է, բայց թերություններ դեռեւս կան՝ հատկապես խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հատվածում: <<Գործադիրն իր սովորության համաձայն ցանկանում է ավելի քիչ հաշվետու լինել օրենսդիրին եւ սրանով խնդիրը համարել փակված: Մենք մոռանում ենք, որ 2018 թվի մինչեւ մարտ-ապրիլը՝ էդ ապագայում առաջնային մանդատ ունեցող նախագահի ինստիտուտը վերանալու է, վերանում է, չկա: Եվ մենք այս կոմպլեքսի մեջ ենք, չենք կարողանում պատկերացնել>>: Պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռեւս չի հավատում, որ Աժ կանոնակարգ- օրենքը լինելու է այն փաստաթուղթը, որը թույլ կտա ապագա խորհրդարանին գործել լիարժեք, անկախ գործադիրի թելադրանքներից՝ լինի դա հրավիրվող արտահերթ նստաշրջանի օրակարգերը, ներկայացվող նախագծերի ընդունման կարգը եւ այլ հարցեր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բոլոր քննադատություններին ի պատասխան նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը դեռ մի քանի անգամ էլ փոփոխվելու է: Կիրառումը ցույց կտա, թե ինչն է անհրաժեշտ:

Հայաստանի հանրային ռադիո