Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԱԺ-ում խոսքի արվեստից անցնում են ձեռնամարտի արվետին

Այսօր աշխատանքային քննարկմանը զուգահեռ բուռն իրադարձություններ էին զարգանում խորհրդարանի միջանցքներում: Քաղաքական խոսքի արվեստից այսօր խորհրդարանականներն անցել են ձեռնամարտի արվեստին: «Ռադիոլուրը» ներկայացնում է, թե ինչն էր պատճառը, ով էր կիզակետում եւ ի վերջո՝ ինչ էր տեղի ունեցել:     Այսօր ԱԺ-ում Եվրոպայից ժամանած պատվիրակություն կար։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանն էր զբաղված նրանց ընդունելությամբ: Այդ կարեւորագույն գործի միջակայքում նա ժամանակ գտավ ԱԺ լիագումար նիստում հարակից զեկույցով հանդես գալ։ Հենց այդ ընթացքում էլ պարզեց, որ Հայաստանի խորհրդարանում ամենեւին եվրոպական բարքեր չեն տիրում: Ինչի մասին է խոսքը. «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հանրապետական խմբակցությունից «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Իսկ այս երկու պատգամավորի տարաձայնությունները սկսվել էին դեռ առավոտյան՝ դահլիճում՝ «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի քննարկման ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում: Սրանից հետո պատգամավորները հանդիպել են միջանցքում եւ միջադեպը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ: Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի կորցրել եւ «Ֆեյսբուքում» միանգամից գրառում է կատարել՝ հարձակման է ենթարկվել Գեղամյանի կողմից եւ կոշիկները մի երկու անգամ փայլեցրել է գործընկերոջով: Հաջորդող կրքերը բորբոքվում էին առանց Գեղամյանի՝ նա իր աշխատասենյակում էր, ասում է՝ աշխատում է իր նոր գրքի վրա: Պատգամավորը չի հերքում, որ միջանցքում հանդիպել է Փաշինյանին, բայց ասում է «մատչելի եւ բարեկամաբար է զրուցել» կրտսեր գործընկերոջ հետ: Ուժի գործադրումը հերքում է: «Ելք» խմբակցության գրեթե բոլոր անդամները այլեւս քննարկվող հարցերի շուրջ չէին այսօր հերթագրվում: Առաջնայինը իրենց համար դարձավ հենց այս միջադեպը: Նիկոլ Փաշինյան, Գեւորգ Գորգիսյան, Մանե Թանդիլյան, Արտակ Զեյնալյան՝ պահանջները նույնն էին: Պատասխանողի եւ հանդարտեցնողի դերում ոչ միայն հանրապետականից Արմեն Աշոտյանն էր, այլեւ «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Հատկանշական է, որ անհրաժեշտություն է առաջացել անգամ ԱԺ կանոնակարգով ամրագրել պատգամավորական էթիկայի կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Այս պահին ԱԺ ղեկավարությունից որեւէ արձագանք չկա, թե կստեղծվի՞ արդյոք Էթիկայի հանձնաժողով:

Հայաստանի հանրային ռադիո