Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ադրբեջանը՝ ԵԱՀԿ ՄԽ և միջազգային հանրության ճնշման տակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,-  ասել է Շավարշ Քոչարյանը: Բաքուն անվստահելի է, ու Ալիևի ցինիկ պահվածքը որևէ երաշխիք չի տալիս, որ ցանկացած պայմանավորվածության դեպքում այս երկիրը կկատարի ստանձնած պարտավորությունները, կարծում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ու բանակցությունների անցկացման նպատակահարմարությանը. «Բանակցությունների 2 հարթություն կա, մեկը որ բանակցեն առաջընթաց գրանցեն, մյուսը որ չվերսկսվեն ռազմական գործողությունները»: Ու եթե Բաքուն  շարունակաբար խեղաթյուրում է  իրողությունն ու հայտարարություններն իր շահերին հարմարեցնում, ապա ինչ վստահության մասին կարող է խոսք լինել: «Փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանավորվածություններից ու չի կատարում, ինքնին հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնագրի իրագործման հարցը»: Ու թեև հանդիպման օրն ու ժամը դեռ պարզ չէ, սակայն  ակնհայտ է՝ Բաքվին հանդիպման ու քննարկվելիք հարցերի բովանդակությունը դուր չի գալիս՝ կարծում է փոխարտգործնախարարը։ Շավարշ Քոչարյանը նման եզրակացության է հանգել Իլհամ Ալիեւի հայտարարությունից հետո։ Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարել էր, թե, «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»: Հայաստանի նախագահի պատասխանը չուշացավ։ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարեց. Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումը Ադրբեջանը համարում է մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու պատասխանատվությունից: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ նախագահների հանդիպումը կկայանա մինչև այս տարվա վերջ: Ադրբեջանի նկատմամբ դժգոհությունները միջազգային հանրության մոտ օր օրի սրվում են և այդ վիճակում Ալիևը շարունակում է ցինիկ պահվածքն ու հանդուգն հայտարարությունները, սակայն արդյունքում կմնա ձեռնունայն: Ցանկացած բանակցություն ունի նախապայման և Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունների հարցը միշտ օրակարգում է՝ ասում է դիվանագետը։ Նրա համոզմամբ,  Հայաստանի համար այսօր կարևորը Արցախի կարգավիճակն է և մյուս բոլոր հարցերը բխում են դրանից:

Հայաստանի հանրային ռադիո