Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղի կանոններից. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանը չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը, ԱԺ–ում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Դիտարկմանը, թե մտահոգիչ չէ՞ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի այն հայտարարությունը, թե իրենք անզոր էին հասկանալ՝ որտեղից էին կրակում վերջին դիտարկման ժամանակ, երբ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, փոխնախարարն ասել է, որ բնական է, եթե հայտարարությունն անհասցե է, դա խրախուսում է Ադրբեջանին դիմել այդ քայլերին։ «Ադրբեջանը դա էլ անում է, բայց, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կտրվում է միջազգային խաղի բոլոր կանոններից», – ասել է ԱԳ փոխնախարարը: Շավարշ Քոչարյանի խոսքով, թեև Ադրբեջանն իր այդ պահվածքով մեկուսանում է միջազգային խաղից, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմն իրեն պետք է ապահով զգա. «Մենք առաջին հերթին պետք է ապավինենք մեր ուժերին»: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ստեղծված սկանդալին և հարուցված քրեական գործին, ըստ որի՝ ԵԽ պատվիրակներից ոմանք կաշառվել են ադրբեջանական շրջանակների կողմից, Շավարշ Քոչարյանն ասել է, որ դա ապտակ է Եվրոպային: «Եկեք ճիշտ հասկանանք: Մեկը նստած է դատարանում, դատում են, դու էլ ասում ես՝ ինչ քայլեր կարող ես ձեռնարկել: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան դատ փոխաբերական, ոչ թե իրավական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով, խոսում է մի բանի մասին, որ համբերության բաժակը լցվել է: Մարդիկ թույլ են, նույնիսկ եվրոպական պատգամավորներ Եվրոպայի սրտից այդ գայթակղությանը չեն դիմանում: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք այն պատգամավորներն են, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է, նրանք ընտրվելու հնարավորություն չունեն»: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ պատահական չէ, որ Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ հայերն են արել, ինչ պատահում է՝ հայերն են մեղավոր: «Ասում են, որ Ալիևի ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել: Սա իրենց պաշտոնական պատասխանն է: Այսինքն՝ ստացվում է, որ այդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց երեք միլիարդ գումար է դուրս հանվել»,- ասել է Քոչարյանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող էին էմբարգո դնել եւ արգելել որոշ երկրներին զենքի վաճառքը, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ուկրաինային ԱՄՆ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը եւ չեն նպաստում խնդրի կարգավորմանը եւ այն դիտարկմանը, թե կարելի է արդյոք դրանից եզրակացնել, որ Ադրբեջանին զենքի մատակարարումներով Ռուսաստանը չի ցանկանում լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ փոխնախարարն նշել է. «Ժամանակին ռուսական կողմն ասում էր, որ եթե իրենք դա չանեն, կանի ուրիշ պետություն։ Ես առաջ եմ քաշել հետեւյալ գաղափարը. քանի որ ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահ երկրները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, նրանք հնարավորություն ունեն որոշ երկրների վրա զենքի մատակարարումների էմբարգո դնել։ Դա հարցի լուծում կլիներ, եւ ոչ մի երկիր չէր կարող ասել, որ եթե ինքը չի մատակարարում, ուրիշից կգնեն»։ Նման որոշումներ կայացնելը բարդ է, սակայն ոչ անհնար, կարծում է Քոչարյանը։

Հայաստանի հանրային ռադիո