Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ադրբեջանը խնդիր ունի ներքին լսարանին «կշտացնելու»

Երեկ Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի, իբր օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքեց ադրբեջանական կողմի տարածած լուրը: Ադրբեջանական հերթական կեղծիքին անդրադարձավ նաեւ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, իսկ այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է թեմային անդրադարձել՝ պատասխանելով լրագրողների հարցերին:   Պարզունակ ապատեղեկատվությունը Ադրբեջանի մշտական գործելաոճն է: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր երեկվա հայտարարությամբ արձանագրել է, որ ադրբեջանական կողմից նման հայտարարության համար որեւէ հիմք չկա: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանն ընդհանրապես թեման թեժ պահելու քաղաքականություն է վարում: Նման կարգի տեղեկություններով, ըստ Կարեն Վրթանեսյանի, Ադրբեջանը խնդիր ունի մի կողմից իր ներքին լսարանին «կշտացնելու», մյուս կողմից հայկական լսարանը պահելու հոգեբանական ճնշման տակ՝ փորձելով ստեղծել վախի, անորոշության մթնոլորտ: Անընդհատ լարված իրավիճակը պահելը ադրբեջանական քաղաքականությունն է՝ շեշտեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգողը: Ադրբեջնագետ Տարոն Հովհաննիսյանը խոսեց այն մասին, թե  ինչպես է ադրբեջանական կեղծ տեղեկատվությունն ընդունվում այդ երկրի հասարակության կողմից: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ այսօր, հակիրճ անդրադառնալով թեմային, հիշեցրեց, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք. «Մի պետության հետ գործ ունենք, որ ընդամենը մի բան կարող եմ նշել, հայտնի է՝ ով է բոլորից բարձր բղավում՝ «բռնե՛լ գողին». հենց գողը եւ հենց գողին է ձեռնտու, որ որեւէ հետաքննության մեխանիզմ չլինի»: Կարեն Վրթանեսյանը չի կարծում, որ ադրբեջանական նմանօրինակ բացահայտ կեղծիքներին իմաստ կա ավելի բարձր մակարդակով պատասխանելու: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր նաեւ շեշտեց, որ  Ադրբեջանի նման պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին՝ անիմաստ է: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ փոխարտգործնախարարն ասաց. «Առաջարկությունը եղել է, գիտեք, համանախագահների կողմից: Այդ ուղղությամբ արտգործնախարարները աշխատում են: Դեռ վերջնական որեւէ պայմանավորվածություն-որոշում չկա»:    

Հայաստանի հանրային ռադիո