Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Քաղաքագետները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կստանձնի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: Այս մասին օրերս հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկման ժամանակ միաձայն որոշում է կայացվել, որ  մայիսի 2-ից այդ պաշտոնը  կստանձնի Յուրի Գրիգորի Խաչատուրովը»,-հայտնել էր նա՝ ՀԱՊԿ անդամ երկրների  ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո: Ի՞նչ նշանակություն ունի այս նշանակումը եւ ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին : ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման ձգձգումը պայմանավորված էր ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների խնդրով, այլ՝ ռուս-բելառուսական հարաբերություններում անհարթություններով: Այս մասին հիշեցրեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նկատելով նաեւ, որ այդ անհրաթություններն անցել են եւ ռուս-բելառուսական հարաբերությունների համատեքստը փոխվել է. «Բելառուսն օգտագործեց բոլոր լծակները Ռուսաստանի հետ իր հարաբերություններում եւ այդ խնդիրները, կարծես թե, լուծվել են, իրավիճակը վճռվել է»: Ի դեպ, ռուս-բելառուսական հարաբերությունների համատեքստում սա առաջին սկանդալը չէր՝ հավելեց քաղաքագետը: Նրա դիտարկմամբ՝ Լուկաշենկոն աշխատեցնում է ցանկացած բան, ինչ կա ձեռքի տակ՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ այդ նպատակը, սովորաբար լինում է էներգակիրների գինը, ինչը տեղի ունեցավ նաեւ այս անգամ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի`Յուրի Խաչատուրովի նշանակմանը. «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, թե դրանում ոգեւորվելու, դրական սպասելիքներ ունենալու որեւէ բան չի տեսնում. «Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատորովի նշանակումը կարող է լրջորեն ազդել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների վրա: Ուղղակի, որովհետեւ այդ հարաբերությունների ձեւաչափը բավականին լուրջ է, բավականին հակասական, բավականին բարդ, որպեսզի հնարավոր լինի փոխել մեկ մարդու նշանակմամբ: Դա կախված չէ անձերից»: Դրական բան սպասելու ակնկալիք չունի նաեւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում առանցքային որոշումները 90 տոկոսով Ռուսաստանն է կայացնում, իսկ գլխավոր քարտուղարի ռոտացիոն կարգը ուղղակի ձեւական բնույթ է կրում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մինչդեռ, կարծում է, որ Ռուսաստանի դերը ՀԱՊԿ-ում բավականին մեծ է, բայց ոչ ամեն ինչ է, որ 90 տոկոսով կարող է նրա կամքից կախված լինել: Վերլուծաբանը, այդուհանդերձ, նույնպես նկատեց, որ կառույցի գլխավոր քարտուղարը չի կարող միանձնյա որոշումներ ընդունել, ունի լիազորությունների իր շրջանակը եւ հետեւաբար այս դեպքում եւս պետք չէ ակնկալել, որ Հայաստանի ներկայացուցիչը կարող է Հայաստանի շահը առաջ տանել: Այս նշանակման մեջ, այդուհանդերձ, Ստեփան Գրիգորյանը Հայաստանի համար դրական բան տեսնում է. «Ռոտացիոն մեխանիզմը սկսեց աշխատել: Հայաստանի հերթն էր եւ, ի վերջո, Հայաստանի ներկայացուցիչը նշանակվեց: Դա նշանակում է, որ Հայաստանն իր դիրքերն ունի այդ կազմակերպությունում: Ի վերջո, դա Հայաստանի պատիվն էր, թե այդ կազմակերպությունում ինչ հեղինակություն ուներ: Հիմա մենք կարող ենք ասել՝ այո, հարգեցին Հայաստանի առաջարկը»: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես նկատեց, որ այս նշանակումը ընթացակարգային գործընթաց էր եւ  ինչ-որ ժամանակ այնտեղ լինելու են նաեւ այդ կառույցի այլ անդամների ներկայացուցիչները եւ պետք չէ կարծել, թե ամեն անգամ շրջադարձ է լինելու ՀԱՊԿ-ի քաղաքականությունում: Իհարկե, վատ չէ, որ այնտեղ կլինի Հայաստանի ներկայացուցիչը, բայց չեմ կարծում, որ այդ նշանակումը Հայաստանին մեծ բան կտա՝ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրենը՝ շեշտելով, թե՝ սպասել ինչ-որ հեղափոխական փոփոխությունների, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի դիտարկմամբ, մինչդեռ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձը ինչ-որ բան կարող է փոխել՝ այդ կազմակերպության օրենսդրությունը ամբողջապես կիրառելու առումով: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով նույնպես՝ որոշ առումով Հայաստանը կարող է շահել. օրինակ, Հայաստանի սահմանին տեղի ունեցող ոտնձգությունների դեպքում որպես Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատորովը ավելի արագ կարող է ներկայացնել տեղի ունեցած փաստը, հետեւաբար նաեւ՝ ավելի արագ կարելի է ակնկալել ՀԱՊԿ-ի արձագանքը:

Հայաստանի հանրային ռադիո