Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Քաղաքական ինտրիգները մոտենում են հանգուցալուծման

Երեք օրից ավարտվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի սահմանած ժամկետը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, դաշինքների փաստաթղթերն ընդունելու համար: 8-րդ օրն է՝ որեւէ քաղաքական ուժ դեռեւս չի դիմել ԿԸՀ: Ապագա խորհրդարանում հայտնվելու հավակնություններ ունեցող գործիչները, սակայն, համոզված են՝ ժամկետը կբավարարի եւ նրանք կհասցնեն գրանցվել, թեեւ որեւէ մեկը դեռ չի հայտարարում, որ լուծված են կազմակերպչական բոլոր խնդիրները:   Ոչ թե բովանդակային քննարկումներ, այլ բացառապես հավանական ցուցակներում հավանական տեղի համար պայքար: Մոտավորապես այս վիճակն է այսօր քաղաքական դաշտի այն հատվածում, ովքեր մտադրվել են մասնակցել խորհրդարանական ընտրությունների: Այսօր հենց «ցուցակային» խնդիրներն են առաջացրել հիմնական ինտրիգները, միացում-բաժանումներն ու անակնկալ այլ որոշումները, թե որ գործիչը որ դաշինքում կամ կուսակցությունում կհայտնվի: Հանրապետական կուսակցությունից գործող պատգամավոր Արտակ Դավթյանը չի թաքցնում, որ ցուցակների հետ կապված խնդիրը «կուլմինացիոն կետին են» հասել: Առանձնապես անակնկալներ այս կուսակցությունն ընտրողների համար չի պատրաստում՝ առաջադրվող թեկնածուների առումով: Համենայնդեպս հանրապետականների տարածքային կամ ինչպես ընդունված է ասել «ռեյտինգային» ցուցակում ընտրողը կրկին կհանդիպի այնպիսի գործիչների, ովքեր անցնող խորհրդարանում աչքի են ընկել ոչ թե օրինաստեղծ, այլ ավելի շատ անկանխատեսելի վարքագծային շեղումներով: Անցյալում մութ պատմություններ ունեցող գործիչներին ցուցակում ընդգրկելը հանրապետական գործիչ Արտակ Դավթյանը նորմալ է համարում շատ անսպասելի հիմնավորումով: «Եվ հանրապետականի եւ մնացած ուժերի տարածքային ցուցակները լինելու են այնպիսին, ինչպիսին այսօր մեր հանրությունն է: Կոնկրետ այդ ցուցակներում մենք կտեսնենք եւ հեղինակությունների, եւ մանկավարժների, նաեւ գործարար աշխարհի ներկայացուցիչների: մեր հանրության բոլոր շերտերն այդտեղ ներկայացված կլինեն: Տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների կոնկրետ այս պահի առաքելությունն է՝ աշխատեղ ընտրողների հետ եւ առավելագույն ձայներ ապահովեն այն քաղաքական ուժին, որը ներկայացնում են»: Այս պահի դրությամբ ցուցակային որոշակի հստակություն կա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում: Այս ուժն ընտրությունների է գնում առանձին իր ցուցակով, իսկ գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կհանձնեն, հավանաբար փետրվարի 15-ին կամ 16-ին՝ ասում է կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը: Այս քաղաքական ուժի համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 100-ից 110 հոգուց: Ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, իսկ առաջին կին թեկնածուն՝ Անահիտ Բախշյանն է: Այստեղ ինտրիգը պահպանվում է մեկ այլ հարցում՝ արդյո՞ք այս ցուցակով կառաջադրվի այս պահին ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նախապես որոշված էր, որ նա է գլխավորելու «Ազատ Դեմոկրատների» ցուցակը, եւ ահա արդեն այսօր հայտարարվեց առաջին տեղի համար հստակ որոշման մասին: Ինչպես կլուծվի այս խնդիրը ու վերջնական ինչ որոշում կկայացվի, հավանաբար, կորոշվի այսօր երեկոյան: «Ռեյտինգային» ցուցակի առումով «Ազատ դեմոկրատները» դեռ չեն կողմնորոշվել: Պատվիրել էին  սոցհարցում եւ արդյունքները ստացել են նախատեսվածից ավելի ուշ, ուստի դեռ պետք է կողմնորոշվեն, թե որ գործիչը որ ընտրատարածքում ունի ավելի լայն հեղինակություն ընտրողների մոտ եւ համապատասխան ներուժ՝ մրցակիցների դեմ պայքարելու համար: «Ցուցակային» հստակեցումները «Ելք» դաշինքում նախատեսվում են վաղը: Լրագրողների ներկայությամբ է որոշվելու, թե այս դաշինքի համամասնական ցուցակի առաջին տեղերն ինչպես են բաշխվելու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը փակագծերը չի բացում, թե ինչպես է կայացվելու որոշումը, բայց հստակեցնում է՝ «վիճակահանություն չի կազմակերպվելու»: Ալեն Սիմոնյանն, ի դեպ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Կենտրոն համայնքում եւ չի բացառում, որ մրցակցի կուսակից Նիկոլ Փաշինյանի հետ: Ի դեպ, «Ելք» դաշինքի անդամ կարող էր լինել նաեւ «Ժառանգությունը»: Բայց այս կուսակցությունն, ինչպես հայտնի է զուգահեռ բանակցությունների արդյունքում ի վերջո ընտրեց Օսկանյան-Օհանյան դաշինքը: Պատճառների մասին Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է խոսի: Բայց նա գիտի, թե բանակցությունները հիմնականում ինչի շուրջ էին պտտվում: «Հարց է եղել, ցանկություն է եղել տեղերի հետ կապված՝ առավելություն ունենալ եւ այլն, մենք ասել ենք, որ հավասար սկզբունքով է լինելու դա: Բայց այդ տարբերակը չի բավարարել ըստ էության «Ժառանգության» կուսակցությանը եւ երեկվա որոշումից հետո ինձ համար, ներեցեք, բայց «Ժառանգություն» կուսակցությունը միայն Զարուհի Փոստանջյանն է»: Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ «Ելք» դաշինքն իր համամասնական ցուցակում տեղ առաջարկի, ըստ էության, «Ժառանգությունից» դուրս մնացած Զարուհի Փոստանջյանին: Վերջին օրերի զարգացումներին ի պատասխան Զարուհի Փոստանջյանը, ինչպես ասում են «թայմ աութ» է վերցրել եւ մինչեւ առաջիկայում հրավիրվելիք ասուլիսը հրաժարվում է բոլոր տեսակի հարցազրույցներից: Կատարվածի առնչությամբ ասելիքը կփոխանցի մի քանի օրից: «Ռադիոլուրի» հետ պարզապես զրույցում ասաց՝ որոշում է կայացրել չմասնակցել առաջիկա նախընտրական գործընթացներին:

Հայաստանի հանրային ռադիո