Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Քաղաքական ուժերը դեմ չեն ընտրությունների օրը փոխելուն

ՀՀԿ խորհրդի երեկվա նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու առաջարկին: Ընտրությունները, հիշեցնենք, նշանակված են ապրիլի 2-ին, սակայն քաղաքակական- հասարակական որոշակի  տարակարծություն կա:     Ապրիլի 2-ին  լրանում է քառօրյա պատերազմի մեկ տարին: Քաղաքական մի քանի ուժեր արդեն հայտարարություններ են արել  և առաջարկել են իշխանություններին  տեղափոխել  ընտրությունների օրը: ՀՀԿ առաջնորդի անդրադարձն ըստ էության  արձագանք էր այդ առաջարկին: «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ, թե ինչ մոտեցումներ  ունեն քաղաքական հիմնական դերակատարները և արդյո՞ք հնարավոր է լինելու քաղաքական լայն կոնսենսուսը: Հենց դրա անհրաժեշտությամբ էր առաջարկի ընդունումը պայմանավորել հանրապետության նախագահը: Մինչ հանրապետության նախագահի երեկվա հայտարարությունը քաղաքական- հասարակական մի շարք կառույցներ առաջարկ էին ներկայացրել իշխանություններին ՝ փոխել ընտրությունների օր: Հիմնավորումները,  ի դեպ, երկու հարթությունում են՝ իրավական և բարոյական: Որոշ ուժերի կարծիքով՝ խնդիր կա  իրավական առումով: ՀԱԿ-ն, օրինակ, կարծում է, որ  ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։ Քաղաքական–հասարակական շրջանակների մեկ այլ թևում էլ մտահոգությունը միայն բարոյական է. ճիշտ չէ, երբ ընտրություններն անցկացվում են ապրիլյան պատերազմի տարելիցի օրը: Հանրապետության նախագահը երեկ խոսեց հիմնավորումների երկու խմբի մասին էլ: Իրավական առումով,  ասաց, որ փաստարկները, թե ինչու ապրիլի 2-ին, խիստ հիմնավոր են:  Մեր մասնագետներն ունեն համոզիչ փաստարկներ և դրանք հանգամանորեն կներկայացվեն՝ ասաց  Սերժ Սարգսյանը։ Բայց նաև հավելեց, որ իրավականից բացի Հանրապետականին  այլ հարց է մտահոգում. ապրիլի 2-ին  լրանում է  ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին և իշխող կուսակցությունն այս կետում համաձայն է ընդդիմադիրների հետ, որ բարոյական խնդիր կա: «Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը»: Տեխափոխելը, ըստ հանրապետության նախագահի, կախված է հանգամանքից, թե որքանով կհաջողվի ընդհանուր համաձայնության գալ ընտրություններին մասնակից  բոլոր ուժերի հետ: Բոլորի հետ առանց բացառության՝ շեշտեց  Սարգսյանը: Այս պահին քաղաքական ուժերի մեծամասնությունն առաջարկին կարծես թե դեմ չէ:  Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցությունը առարկություն չի ունենա, եթե բոլորը համաձայնության գան, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Եթե բոլոր քաղաքական ուժերը գան համաձայնությամբ, մենք որևէ խնդիր չեն տեսնում»: Հարցը, թե հետաձգումն արդյո՞ք իրավական խնդիրներ  չի առաջացնի, Աղվան Վարդանյանը նախընտրում է թողնել իրավաբաններին: Ի դեպ՝ նկատելով նաև, որ ՀՅԴ-ն այն ուժերի թվում չի եղել, որոնք լուրջ խնդիր են տեսել ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու մեջ: «Ինձ համար ապրիլի 2-ը,  այո, կորուստների օր է, բայց նաև համախմբման և հաղթանակի օր է, նաև տարվա 365 օրերից մեկն է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե ընտրությունները ապրիլի 2-ին լինեն: Բայց կրկնում եմ, եթե մյուսները համաձայնության գան, մենք խնդիր չենք տեսնում»: ԲՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել հարցը, բայց ոչ պաշտոնական ընդհանուր դիրքորոշմամբ կողմ է, որ ընտրությունները չհամընկնեն քառօրյա պատերազմի օրվա հետ՝ ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: « Կողմ ենք, որ չհամընկնի: Հարցը  և իրավական, և բարոյական կողմ ունի, բայց կարծում ենք, որ որևէ բան չի լինի, եթե մեկ շաբաթով ընտրությունները հետաձգվեն»: Իրավական խոչընդոտները պետք է լրացուցիչ քննարկվեն՝ ասում է Մելքումյանը, բայց համոզված է, որ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն կգտնվի: «Կարծում եմ՝ սա այն հարցն է, որի շուրջ կկարողանանք կոնսենսուսի գալ»: Կկարողանա՞ն կոնսենսուսի գալ բոլոր ուժերն անխտիր, թե՞ ոչ՝ առայժմ չգիտի «Հայկական վերածնունդ»  կուսակցության ներկայացուցիչը: Մհեր Շահգելդյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ ՕԵԿ-ը չի լինի այն ուժը, որ դեմ կլինի առաջարկին: «Առաջարկը տրամաբանական ենք համարում»: «Համախմբում» կուսակցության առաջնորդը նույնպես անդրադարձել է հարցին: Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր հիմնած քաղաքական ուժը կմիանա մեծամասնության որոշմանը, բայց միևնույնն է՝ համոզված են, որ իրավական խնդիր կա: «Միանշանակ իրավական խնդիր կա, բայց մեզ համար ընդունելի կլինի այն որոշումը, որին կհանգի քաղաքական ուժերի մեծամասնությունը»: Քաղաքական ուժերի մեծամասնությունն այս պահին հետաձգման հետ կապված առարկություն կարծես թե չունի, մնում է խնդիրը ստանա իր իրավական հիմնավորություններն ու ձևակերպումը:

Հայաստանի հանրային ռադիո