Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Անդրադարձ Արցախի խնդրին ու խորհրդարանական ընտրություններին. Սարգսյան-Պուտին հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա պաշտոնական այցով երեկվանից Մոսկվայում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բարձր մակարդակի հանդիպումները գրեթե բոլոր ոլորտներին են առնչվել: Կային նաեւ հստակ ասելիքներ եւ ուղերձներ, որոնք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում՝ ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:     Նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի առանցքը Արցախի խնդրի առնչությամբ հստակ ասելիքով է աչքի ընկնում: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Հայաստանի նախագահը խոսել է մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Հաստատումը, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, իհարկե, հնչեց, բայց Սերժ Սարգսյանը նաեւ ակնարկել է՝ «անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են ծայրահեղ արդիական մնալ»: «Մինչև 2016թ-ը մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում: 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ` հակադրվելով սեփական հողի վրա սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու՝ Արցախի ժողովրդի ցանկությանը»: Ահա հենց այստեղ էլ առաջ են գալիս անվտանգության հարցերը, որոնցով, հստակ լիազորությունների շրջանակներում, պետք է զբաղվի ՀԱՊԿ-ը:  «Ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչեւ ռազմական համագործակցություն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ՀԱՊԿ շրջանակում դեռեւս 2000 թվականին ընդունված հայտարարության մասին: Նշված փաստաթղթում հստակ արձանագրված է.«Պայմանագրի անդամ երկրների միջեւ ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի եւ շփումների համեմատ»: «Վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն եւ կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»: Այսօր օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախապես ծրագրված էր՝ ղեկավարները նույնպես կանդրադառնան եւ կքննարկեն արցախյան հիմնախնդիրը: Հանդիպումից հետո արդեն, ճիշտ է, լրագրողների համար կարճ ճեպազրույցում նախագահներից ոչ մեկը չանդրադարձավ այս հարցին: Վլադիմիր Պուտինը Հայաստանին հաջողություն մաղթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում եւ բարձր գնահատեց երկու երկրների հարաբերությունները՝  դրանք գնահատելով «բարձր դաշնակցային»: Ապրիլի 3-ը Հայաստանի եւ Ռուսաստանի համար հոբելյանական օր է՝ նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Սա, ի դեպ, հիշեցրեց ՌԴ նախագահը: «Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ տեղի ունեցան, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները միշտ կառուցվել են դարերի անցյալ ունեցող խորը արմատների հիման վրա: Այդպես շարունակվում է նաեւ զարգացումների ներկա փուլում»: Հատկանշական է, որ Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի նախագահի նաեւ փարիզյան այցի առանցքում էր: Մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ մեկ այլ երկրի՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումներում նույնպես անդրադարձ է եղել խնդրին: «Ֆրանսիայից եկող ազդակները շատ կարեւոր են»,- ATV-ի եթերում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհուրդ տալով ուշադրություն դարձնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը՝ շփման գծում հետաքննության մեխանիզմը վերջապես կյանքի կոչելու անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող այս երկրի ղեկավարի խոսքում Հայաստանի փոխարտգործնախարարը հստակ նոր ազդակներ է տեսնում: Արցախյան հիմնախնդրին Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ  իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Իսպանացի լրագրողի հարցին պատասխանելով՝ նա բացատրել է, որ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը միմիայն մեկ պատճառով, որպեսզի բանակցային գործընթացները շարունակվեն: Սա ասելով՝ Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի Արցախի դեմ, ապա Հայաստանը միանշանակ եւ անմիջապես ճանաչելու է Արցախի անկախությունը: Վերջում հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերջերս Բաքվում էին, իսկ մարտի 27-ին գալու են Երեւան եւ Արցախ:

Հայաստանի հանրային ռադիո