Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արցախի հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը սուր բախման մեջ չեն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջև վատթարացող հարաբերություններին ՝ այս վստահեցումը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում  արել էր  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:   Քաղաքական գործիչները կարող են բախվել, բայց  մենք կատարում ենք մեր աշխատանքը ձեռք ձեռքի տված՝ ասել էր ամերիկացի համանախագահը, նաև նկատել, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից մեծ սպասելիքներ կան: Կիսո՞ւմ են արդյոք այս լավատեսությունը հայ փորձագետները, ի՞նչ են ակնկալում առաջիկա հանդիպումից և ընդհանրապես՝ ինչպես են բնորոշում գործընթացի ներկա փուլը: Սրված հարաբերություններն արդյոք  չեն խանգարի Վաշինգտոնին ու Մոսկվային  աշխատել միասին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Ոչ հեռու ապագայում՝ սեպտեմբերին, նախատեսվում  է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հերթական հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հարաբերությունների սրումն ուղիղ անդրադարձ միջնորդների հարաբերությունների վրա չի ունենա: «Մի քանի պատճառներով: Մինսկի գործընթացն , ըստ էության, բացառիկ ձևաչափ է: Մեկ այլ նման ձևաչափ, որը շարունակի աշխատել Ռուսաստանի և արևմուտքի, այսպես ասենք, բարդ հարաբերությունների տարբեր շրջափուլերում, ես չեմ հիշում: Սա արդեն ավանդույթներ, մշակույթ ձևավորած ձևաչափ է: Մյուս կողմից էլ՝  մենք Մերձավոր Արևելք կամ Ուկարինա չենք, որ անկախ ամեն ինչից կողմերի հակասությունները գլուխ բարձրացնեն: Կողմերի առաջնահերթություններն ու շահերն այս հարցում դեռևս համադրելի են ու որևէ կողմից այս հնարավորությունը կորցնելու, այս գործիքից հրաժարվելու ցանկություն կարծես թե չկա»: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը   նույնպես կարծում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ԼՂ հարցում  սուր բախման մեջ չեն  և առայժմ համադրելի են , երկուսն էլ շահագրգռված են, որ խնդիրը չմտնի տաք գործողությունների փուլ: Վերլուծաբանը ենթարդրում է, որ բանակցային գործընթացում  առաջիկայում առավել ակտիվ եւ նախաձեռնող կփորձի լինել ԱՄՆ-ն: Նախաձեռնությունը սեփական ձեռքում պահելու պայքարը հատկապես նկատելի է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Որպես կանոն կողմերից մեկի ակտիվացմանը հաջորդում է մյուսի պատասխան քայլը: Միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն առաջիկայում Նյու Յորքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, որին աշնանը կարող են հետևել բանակցություններ՝ արդեն նախագահների մակարդակով՝ Ամերիկայի ձայնին ասել էր   ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ  Հոգլանդը: Իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեն հարցին, հետևյալ պատասխանն էր տվել: «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաև դրան հասնելու քայլեր և փուլեր և ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և նույնիսկ եթե վերջնական կարգավորման հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»: Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է՝  համանախագահները հայտարարում են լուրջ սպասելիքների մասին, բայց որ  իրականում բեկումնային քայլերի ակնկալիք ունեն, դժվար է հավատալ: «Քաղաքական գործիչները մարգարեներ չեն, ու նրանց շուրթերից միշտ չէ, որ ճշմարտությունն է հնչում: Շատ հաճախ այդ հայտարարություններն արվում են, որ գործիքը շարունակի աշխատել: Այս փուլում իրական ակնկալիքը ՄԽ-ից մեկն է՝  բռնության գործադրումը կանխելը, նոր լարվածություն թույլ չտալը:  Հակամարտության կարգավորմամբ ՄԽ-ը վաղուց, առնվազն Կազանից հետո չի զբաղվում: Խնդիրն այս փուլում ստատուս քվոն պահպանելն է, հանդիպումները ծառայում են այդ նպատակին ու սա իհարկե լավ է»: Ամերիկացի համանախագն ասել էր, որ  կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, նաև հավելել՝  խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է, որոնք կապառազմականացնեին իրավիճակը:  

Հայաստանի հանրային ռադիո