Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արցախի կառավարության նոր կազմը՝ անունների թարմությամբ եւ երիտասարդ կադրերով

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»-Ստեփանակերտ Արցախում նոր կառավարություն է ձեւավորվում. նախագահ Բակո Սահակյանը արդեն հրապարակել է նոր կառավարության կազմը, որոշ նորանշանակ նախարարների ներկայացրել իրենց աշխատակազմերին, արդեն կադրային փոփոխություններ են սկսվել պետական կառավարման այլ մարմիններում, այդ թվում նաեւ շրջաններում: Նոր կազմը աչքի է ընկնում անունների թարմությամբ, շատ պաշտոնյաներ երիտասարդ են: Նախարարական պաշտոն է ստացել նաեւ Մասիս Մայիլյանը, ով Բակո Սահակյանի մրցակիցն էր 2007 թվականի ընտրություններում: Ներկայացնելով նրան` նախագահ Սահակյանը նշել է, որ ապրիլից հետո Արցախը խստացրել է իր դիրքորոշումը եւ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում այնպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարել, որ ոչնչով չվնասի ժողովրդի անվտանգությանը: Արցախի նոր կառավարությունը կազմված  է պետնախարարից, 12 նախարարություններից ու պետական կառավարման այլ մարմիններից` դրանք են ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կառավարության կառուցվածքում, բացի նրանից, որ վերացվել է վարչապետի պաշտոնը , վերացվել է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնը, փոխարենը ստեղծվել է պետնախարարի պաշտոնը, պետնախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը: Փաստացի նա համակարգելու է նախարարությունների մի մասի աշխատանքը եւ որոշ լիազորություններ ունի պետական սեփականության եւ ֆինանսների կառավարման ոլորտում: Նախագահի հրամանագրերով նախարարությունների միջեւ լիազորությունների վերաբաշխում է կատարվել, որոշ լիազորություններ փոխանցվել են նախագահի աշխատակազմին: Թե ինչ արդյունավետությամբ կաշխատի այս կառուցվածքը, ցույց կտա ժամանակը: Այս պահին առավել շատ քննարկվողը կադրային նշանակումներն են: Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաների մեծ մասը 35-40 տարեկան են: Ամենաերիտասարդ նորանշանակ պաշտոնյան այս պահի դրությամբ թերեւս Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանն է: 25 տարեկան է: Մասնագիտությամբ քաղաքագետ է, Ազատամարտիկների միության երիտասարդական կառույցի ղեկավարն էր, իսկ մինչեւ նշանակումը աշխատում էր նախագահի աշխատակազմում: Նոր է նաեւ Կարեն Սարգսյանի անունը: Նախագահական աշխատակազմից կառավարություն եկած հաջորդ պաշտոնյան է նա: 36-ամյա Կարեն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով նախագահի ներկայացուցիչն էր, հիմա զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը: Ժիրայր Միրզոյանը Արցախի գյուղատնտեսության նոր նախարարն է: 38 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան: 2003 թվականից պետական համակարգում է` զբաղեցնելով տարբեր պաշտոններ նախագահական ապարատում եւ կառավարության աշխատակազմում: Վերջին պաշտոնը կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետի պաշտոնն էր: Նորանշանակներից թերեւս ամենատարեցը բնապահպանության եւ բանկան ռեսուրսների նախարար Վազգեն Միքայելյանն է:  Նա 55 տարեկան է: Զբաղեցրել է վարչապետի խորհրդականի պաշտոնը: Նախկինում Ստեփանակերտի քաղաքապետն էր, տարիներ առաջ զբաղեցնում էր նաեւ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի   պաշտոնը։  Հիմա փաստորեն նույն պաշտոնը վարելու է նախարարի կարգավիճակով: Ոլորտը կարգավորող մարմնին նախարարության կարգավիճակ տալու վերաբերյալ Արցախի նախագահի տեսակետն այսպիսինն է` հատված Ակնկալիքը նախարարությունից, որ Արցախը բնապահպանական առումով օրինակելի երկիր դառնա: Հին ու նոր անուն է Մասիս Մայիլյանի անունը: Վերջինս ԼՂՀ արտգործնախարարության ակունքներում կանգնած գործիչներից է: Երկար ժամանակ վարել է փոխարտգործնախարարի պաշտոնը: 2007 թվականի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր: Նույն թվականին ազատվել է պաշտոնից ու մոտ տասը տարի հասարակական գործունեությամբ էր զբաղված` ղեկավարելով իր ստեղծած Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նշանակվել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան: Նրան ներկայացնելով նախարարության աշխատակազմին՝ Բակո Սահակյանն ընդգծեց, որ պետական համակարգում չլինելով հանդերձ` Մասիս Մայիլյանը շարունակել է զբաղվել արտաքին քաղաքական հարցերով: հատված Մասիս Մայիլյանին լսենք: հատված Մասիս մայիլյանը  50 տարեկան է: Հին ու նոր անունների շարքից է Գրիգորի Մարտիրոսյանի անունը: Ֆինանսների նոր նախարարն է: Նախկինում փոխնախարարն էր: Նրա նախորդը` Սպարտակ Թեւոսյանը, Արցախի կառավարման համակարգի ամենաերկարակյաց պաշտոնյան է` ֆինանսական գործերը նա անփոփոխ ղեկավարում էր դեռեւս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժամանակներից` 1989 թվականից: Նորանշանակ նախարար Մարտիրոսյանը 39 տարեկան է: Իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության, արդարադատության, առողջապահության, քաղաքաշինության նախարարները: Իր պաշտոնին է մնացել Սամվել Ավանեսյանը` պարզապես վերաբնակեցման հարցերը եւս տեղափոխվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակ։  Էկոնոմիկայի նախարարության լիազորություններն են ընդլայնվել` ընդգրկելով նաեւ կադաստրի, պետական գույքի բնագավառները։ Նախարարը Լեւոն Գրիգորյանն է, եւս մեկ երիտասարդ, բայց փորձառու պաշտոնյա, ով նախկինում ղեկավարում էր կառավարության աշխատակազմը: Նա 38 տարեկան է: Վերակազմավորվել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ իր մեջ ներառելով նաեւ զբոսաշրջության ոլորտը։ Նախարարը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն է։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը ղեկավարելու է կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը: Այսպիսով՝ Արցախի նոր կառավարությունը կարելի է բնութագրել որպես երիտասրադների թիմ, որտեղ 55 տարեկանի սահմանն ընդամենը երեք նախարար են հատել` Վազգեն Միքայելյանը, արդարադտության նախարար Արարատ Դանիելյանը եւ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

Հայաստանի հանրային ռադիո