Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արցախի Սահմանադրության նախագծով առաջարկվում է նախագահական կառավարում

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Չի բացառվում, որ Արցախի Վերածննդի օրը՝ փետրվարի 20-ը, նշանավորվի  նոր սահմանադրական հանրաքվեով՝ այսօր հայտարարել է Արցախի խորհրդարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների  մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Արցախի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է, իսկ այսօր սկսվել են հանրային քննարկումները:   Արցախի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է կիսանախագահական կառավարումից անցնել կենտրոնացված նախագահական կառավարման: Նախագահը կղեկավարի գործադիր իշխանությունը՝  պետական նախարարի եւ ոլորտային նախարարների  միջոցով:  Հակակշռող թեւը խորհրդարանն է լինելու, որը  2020 թվականի ընտրություններից հետո կլինի 100 տոկոս համամասնական: Նախագահն ու խորհրդարանը կձեւավորվեն մեկ ընդհանուր համապետական ընտրություններով՝ նույն օրը: Նախագահը կարող է ցրել խորհրդարանը, խորհրդարանն էլ կարող է անվստահություն հայտնել նախագահին՝ մի պայմանով՝ եթե նախագահն է ցրում խորհրդարանը, ապա պետք է հրաժարական տա նաեւ ինքը, եթե Ազգային ժողովն է անվստահություն հայտնում նախագահին, ապա պետք է նաեւ իր արձակման մասին որոշում ընդունի: Վերջին ամիսների ինտրիգը  գործող նախագահի՝ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման  հնարավորությանն էր վերաբերում, քանի որ  նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականից, երբ կլրանա ներկա խորհրդարանի  լիազորությունների  ժամկետը: Այդ ժամանակ էլ համապետական ընտրություններով կընտրվեն նախագահն ու հարյուր տոկոսանոց համամասնական Ազգային ժողովը: Գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017-ին: Ըստ նախագծի՝ անցումային ժամանակաշրջանում հարցը լուծվելու է այսպես. նոր նախագահին 2017 թվականին ընտրելու է խորհրդարանը՝ խմբակցությունները իրենց թեկնածուներին են առաջադրելու եւ «մրցակցային պայքար է լինելու»՝ համոզված է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ  Ղուլյանը:  Կփոփոխվի՞ արդյոք երկրի անունը: Գործող Մայր օրենքով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անունները նույնական են, նախագծով այդ նույնականությունը պահպանվելու է՝ նախապատվությունն է փոխվելու: Արցախի Հանրապետության տարածքի հստակություն նոր Սահմանադրության նախագծով չի նախատեսվում: Այն   համարյա թե կրկնում է գործող օրենքով սահմանվածը.  նախագծի  վերջին՝ 173-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետության հանրային իշխանությունն իրականացվում է այն ողջ տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո: Ըստ գործող Սահմանադրության՝ դա այդպես է լինելու   մինչեւ   Լեռնային Ղարաբաղի սահմանների ճշգրտումը:

Հայաստանի հանրային ռադիո