Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արդար հիշողություն. երբ հիշվում է նաեւ լավը

Մեծ եղեռնից հարյուր տարի անց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները պատմում են, թե ինչպես են իրենց նախնիներին փրկել թուրք հարևանները կամ ընկերները: Շուրջ հինգ տասնյակ իրական պատմություններ՝ առանց բովանդակային խմբագրման, մեկտեղվել են «100 տարի… իրական պատմություններ» գրքում։ Լույս է տեսել ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել նախ Անկարայում, ապա՝ Երևանում: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության այս նախաձենության նպատակը ոչ թե թուրքերին գովաբանելն է, այլ ցույց տալ, որ հայերը հիշում են թե լավը, թե վատը և նույնն էլ ակնկալում են դիմացինից: Ցեղասպանությունը վերապրած հայերի մեջ կան մարդիկ, որոնց կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ կամ մեկ այլ ականատեսի կողմից: Նրանցից մեկն էլ Նիկողոս Չարախչյանն է, ով ծնվել ու մեծացել է Վանում: Մասնագիտությամբ սափրիչ էր, բայց հոր կողմից իբրև ժառանգություն ստացել էր հյուրանոցներ ու վարսավիրանոցներ: Ուներ նաև մեծ շրջապատ, ազգությամբ թուրք ընկերներ: 1915 թվականի ոճրագործության օրերին Նիկողոս Չարախչյանն իր հյուրանոցներից մեկում էր, երբ մի թուրք սպա մոտենում է իրեն և զգուշացնում՝ կարճ ժամանակ ունի անհրաժեշտ իրերը հավաքելու և Վանից հեռանալու համար։ Մոր պապի մասին է «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում Ալիկ Սարգսյանը: Ի տարբերություն թուրք սպայի, որին, ըստ էության, Նիկողոս Չարախչյանը չէր էլ ճանաչում, ահագնացող վտանգի մասին լռել էին թուրք հարևանները, որոնց հետ նա բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել: Հետաքրքքրական է նաև այն, որ Ցեղասպանության օրերին թուրք բարեկամները հավաստիացնում էին, որ այդ ամենը ժամանակավոր է, որ ինքը անպայման վերադառնա Վան և շարունակի հոր բիզնեսը: «Թուրք բարեկամները զգուշացրել էին»: Տարիներ անց Նիկողոս Չարախչյանն իհարկե վերադառնում է Վան և գտնում իր տունը, կամ ավելի ճիշտ կլինի ասել երբեմնի տան ավերակները, իսկ հյուրանոցների ճակատագիրն այդպես էլ մնում է անհայտ: Զրուցակիցս մեծ պապի մասին լսել է դեռ մանկուց,  շատ է ցավում, որ անձամբ չի հասցրել ճանաչել մոր պապին, ով, ըստ էության, փրկվել է թուրք սպայի շնորհիվ: Ինչպես Նիկողոս Չարախչյանի, այնպես էլ թուրքերի շնորհիվ փրկված մյուս վերապրածների իրական պատմությունները մեկտեղվել են «100 տարի… իրական պատմություններ» գրքում: Պատմությունները հավաքագրվել են «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության ուժերով՝ Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ՝ «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրետա Ավետիսյան: Ծրագիրն իր ներկայացուցիչն ուներ նաև Թուրքիայում և թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներ այս պատմությունները հրապարակել են նաև թուրքերենով:

Հայաստանի հանրային ռադիո