Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արդյո՞ք էկոլոգիական վերջին աղետներում կա մարդկային գործոն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին զգուշացնում է, որ օգոստոսի 22-26 հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Նախորդ նման զգուշացումների ժամանակ, հիշեցնենք, որ հանրապետությունում գրանցվեց էկոլոգիական աղետ՝ այրվեցին հսկայական տարածքներ, որոնցից մեծ մասը Խոսրովի անտառ արգելոցի տարածքում: Այս գործի շրջանակներում հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, բայց շատ ու շատ տարբեր վարկածներ եւ ասեկոսեներ արդեն շրջանառվում են: «Ռադիոլուրը» փորձել է փաստերով հասկանալ ասեկոսեների հիմքերը:   Ի՞նչ կա Հայաստանի անտառների տարածքի ընդերքում, որ կարող է մարդկային, ավելի ճիշտ՝ բիզնես հետաքրքրություն ներկայացնել: Օրեր շարունակ այսպես էին այրվում Հայաստանի անտառածածկ տարածքները. Արտավանում շուրջ  230 հեկտար տարածքում ոչնչացվեց ողջ էկոհամակարգը, Խոսրովի անտառ-արգելոցում նշվում է մինչեւ 3 հազար հեկտար վնասված տարածքի մասին: Կրակի հաղթահարումից անմիջապես հետո շահագրգիռ կողմերը սկսեցին վերհիշել տարբեր խոսակցություններ եւ հրապարակումներ: Օրինակ՝ այն, որ ժամանակին խոսակցություններ են եղել հենց Արտավանի տարածքում հանք շահագործելու մասին: Անգամ նշվում են նախագծի մանրամասները՝ «Թոռնիկ Եվա» ՍՊԸ-ն Սիսկատար-Արտավան հանքային դաշտում մտադրվել էր կատարել ոսկի-բազմամետաղային հանքայնացման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Նախատեսվում էր 20 հորատանցք իրականացնել՝ ուսումնասիրելով ավելի քան 6000 հեկտար տարածք: Մեկ այլ ընկերություն՝ «Սենտերա Մայնինգ» ՍՊԸ-ն, դեռեւս 2015 թվականին բնապահպանության նախարարություն ներկայացրեց գրեթե նույն տարածքում «Կապույտ» բազմամետաղային հանքերեւակման երկրաբանական ուսումնասիրության հայտը: Հետազոտության արդյունքում պետք է պարզվեր հանքաքարում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, բիսմուտի, սելենիումի, թելուրի պարունակությունը: Վերջին հրդեհների արդյունքում, սակայն, էկոլոգիական ամենամեծ վնասը հասցվեց Խոսրովի անտառ-արգելոցին, հետեւաբար ամենամեծ ուշադրությունը սեւեռված է հենց այդ ուղղությամբ: Մեզ հետաքրքրող հարցերի պարզաբանումների համար դիմեցինք երկրաբանության ինստիտուտ: Երկրաբանության ինստիտուտի փոխտնօրենը Լիլիթ Սահակյանն է: Հենց նրա օգնությամբ էլ փորձեցինք հասկանալ, թե երկրաբանության տեսանկյունից ինչ հետաքրքրություններ կարող են լինել Խոսրովի արգելոցի այրված տարածքներում: Տարբեր գրականությունից օգտվելիս պարզում ենք, որ  Խոսրովի անտառ արգելոցի մոտակայքում 20-րդ դարի երկրորդ կեսին կատարվել են օգտակար հանածոների որոնման աշխատանքներ։ Մասնավորապես՝ ուսումնասիրվել են նավթի եւ գազի հնարավոր պաշարների առկայությունը, ածխի ելքերի պաշարները: Դա արվել է Ջերմանիս գյուղատեղիի մոտ։  Կվարցի երակներ են հայտնաբերվել Ուրծի լեռների շրջանում։ Լայնորեն տարածված է պեմզան, բազալտը, կրաքարը, հանդիպում են յաշմայի առանձին օջախներ։ Հրդեհը, պարզվում է, դժվարությամբ էր մարվում նաեւ մեկ այլ պատճառով՝ անտառ արգելոցի  տարածքում առկա է շատ հաստ տորֆային զանգված: Դեռեւս հրդեհի օրերին լուրը լրագրողներին փոխանցեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Խոսրովի անտառ արգելոցի քարտեզը վերջին օրերին հատկապես Արծվիկ Մինասյանը շատ երկար ուսումնասիրեց: Նաեւ լրագրողներին արդեն պատկերավոր փորձեց ներկայացնել խնդիրներն ու վիճահարույց կողմերը: Արդյո՞ք էկոլոգիական վերջին աղետներում կա մարդկային գործոն՝ այս հարցի պատասխանները դեռ կտա հարուցված քրեական գործերի քննությունը:

Հայաստանի հանրային ռադիո