Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Արմեն Ամիրյանը չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը

Հայաստանի հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին ընդառաջ՝ այսօր կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը:  Նա մանրամասն ներկայացրել է նաև իր որոշման  պատճառները, նշել նաև, որ կուսակցական դառնալու  որևէ պարտադրանք կառավարության անդամների վրա չկա: Նշենք, որ  մոտ երկու ամիս առաջ ձևավորված  կառավարության  անդամ  18 նախարարներից միայն հինգն են ՀՀԿ անդամ, երեքը՝  դաշնակցական են, մյուսները՝ անկուսակցական՝  դեռ: Նրանցից  տրանսպորտի ու կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն  ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրել է, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շուտով կներկայացնի։ Օրերս  հանրապետականին անդամակցելու մասին  նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սակայն չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը:   Ոչ թե հանձնարարականներ, այլ՝ հայտարարություն: Կառավարության այսօրվա նիստը տարբերվում էր մյուսներից:  Հենց սկզբում վարչապետը մամուլում ակտիվորեն քննարկվող խոսակցություններին վերջ դրեց.«Անդամակցելու  եմ  ՀՀԿ-ին: Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական»: Կարեն  Կարապետյանը մանրամասն  պարզաբանեց, թե ինչու է որոշել կուսակցական դառնալ։ Նախ,  Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում  հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացի այդ, «յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա  քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ –ի կառավարությունը»: Արդարացված չէր լինի նաև այլ կուսակցություն ստեղծելը՝ պարզաբանեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.      «Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝  կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս (ընտրել եմ. խմբ.) ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»: Վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո Կարեն Կարապետյանի առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսել  իրենցից: Հարցը  ՀՀԿ-ում շատը հստակ է դրված՝ ասաց։ « Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից: Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»: Կարեն Կարապետյանը նաև հստակեցրեց՝  «այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են   մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելու այս շարժմանը»: Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝  նախարարների՝  «կուսակցական դառնալու հարցում  որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական, գաղափարական որոշման հարցն է: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»: Իսկ ահա տրանսպորտի, կապի ու ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում արդեն ներկայացրել է: Որոշումն  իրենն է, պարտադրանք չկա: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը որոշել է՝ կանդամակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել՝ մտածելու ժամանակ դեռ  ունի: Նշենք, որ սա կոալիցիոն կառավարություն է, որը ձեւավորել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ- ն։ Հատկանշական է, որ  18 նախարարներից  միայն հինգն են ՀՀԿ անդամ՝ փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները: Երեքը՝ ԿԳ, տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարները ՀՅԴ անդամ են: Մյուսները՝ դեռ  անկուսակցական են: Հիշեցնենք՝ օրերս ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի հանրային ռադիո