Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Խաշթարակը… կամ Հայաստանի երբեմնի Հոլիվուդը

 Մեր գյուղը ՝ Հայաստանի Հոլիվուդն է`ամեն գյուղ մտնողի ասում են  Խաշթարակը բնակիչները։ Ժամանակի պատմական իրադարձությունների ականատես գյուղն այժմ  պահանջարկ  չի վայելում, դեռ ուշադրության պակաս է զգում:   Ցուցանակն ազդարարում է, որ  մենք Տավուշի մարզի Խաշթարակ գյուղում ենք: Հետո արդեն գյուղամիջում  այլ ցուցանակների ենք ականատես լինում, բայց դրանք սովորական ցուցանակներ չեն: Գյուղ մտնող ու դուրս եկողներին դիմավորում և ճանապարհում են հայ կինոյի վարպետները, նրանց նկարները փակցված են հենց երթուղային կանգառում, որը գյուղացիների համար յուրօրինակ հավաքատեղի  է: Այդ նկարներն ունեն պատմություն։ Կինոարվեստի նկատմամբ նրանց սերը պատահական չէ: Խաշթարակը խորհրդային  տարիներին «Հայֆիլմի» նկարահանումների  համար  ծառայել է որպես նկարահանման տաղավար էր։ Այստեղ  նկարահանվել  են «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հուշարձան» ֆիլմերը: Իսկ մասսայական տեսարաններում, հատկապես  «Հուշարձան»  ֆիլմում, նկարվել են հենց խաչթարակցիները: Հետևաբար՝ առաջին հարցը երբ ուղղում ես նրանց ու խնդրում պատմել գյուղի մասին, զարմանում են. դուք չգիտե՞ք, որ մեր գյուղը Հայաստանի Հոլիվուդն է։ Պատմում են, որ  1965-77 թթ. գյուղում անընդհատ նկարահանումներ  են արվել, իսկ  գյուղացիներն էլ թողել են իրենց բան ու գործը, գնացել հավաքվել են նկարահանող խմբի կողքին: Խաշթարակի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գրետա Թիրաբյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ խաշթարակցիները կրթվեցին, դաստիարակվեցին կինոյով: Ասում  է՝ Մհեր Մկրտչյանն  ու Սոս Սարգսյանը դարձել էին իրենց   բոլորի տան անդամները. Մեր գյուղում պահպանվել է այդ տունը,որտեղ լողացրել են Ազատ Շերենցին,այդ տանը պահպանվել է գրեթե ամեն ինչ:  Երբ զրուցակիցս խոսում է  այդ տան մասին՝ մեծ ցանկություն է   առաջանում տեսնել այն:  Գյուղում բոլորը գիտեն Արթուրենց  տան տեղը։ Հարց ու փորձ անելով գտնում ենք այն: Մտնում եմ հենց այն բակը, որտեղ  նկարահանվել են հատվածներ «Մենք մեր սարերը»  ֆիլմից ու հատկապես այն տեսարանը, երբ Մհեր Մկրտչյանը լողացնում է Ազատ Շերենցին։ Արթուր Օհանյանի  համար արդեն սովորական է դարձել, որ  գյուղ մտնող  յուրաքանչյուր ոք գալիս է իրեն հյուր, այս պարագայում՝ ոչ այնքան իրեն, որքան՝ Շերենցին։ Նա ամեն մտնողին ցանկանում է հյուրասիրել ու ճանապարհել, իսկ երբ հրաժարվում ես՝ լսում ես. «Բա գաք Շերենցի տուն ու մի բան չհյուրսիրվե՞ք» Ֆիլմից անցնում ենք առօրյա  կյանքի խնդիրներին: Այսօր ինչ կյանքով է ապրում խաշթարակցին, ինչպես է վաստակում օրվա ապրուստը: Այստեղ լսում ես  խորը հոգոց ու ափսոսանք: Գյուղացիներն ասում են, որ իրենց գյուղը  կարող էր դառնալ զբոսաշրջության հիանալի  վայր,  բայց ժամանակի պատմական իրադարձությունների ականատես գյուղն այժմ  պահանջարկ  չի վայելում, դեռ ուշադրության պակաս է զգում: Գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը «Ռադիոլուրին» ներկայացնում է  գյուղի խնդիրները, ասում, որ այս պահին առաջնահերթը   մանկապարտեզի վերանորոգումն է։ Եթե մանկապարտեզը վերանորոգվի, ապա այսօրվա 35 երեխաների փոխարեն կհաճախեն 85-ը։ Իսկ ահա դպրոցը  հիմնովին վերանորոգված է, բայց դպրոցում էլ տարեցտարի պակասում է աշակերտների թիվը: Պատճառն արտագաղթն է, այս տարի 3-4  ընտանիք գնացել է գյուղից։ Անահիտ Բեգլարյանի ամուսինը խորհրդային տարիներին  գյուղի հեռուստացույց վերանորոգողն է եղել: Հենց գյուղամիջում է եղել նրա արհեստանոցը, բայց այսօր այն հիշեցնող ոչինչ չկա: Սև ու սպիտակ հեռուստացույցների վերանալուն զուգահեռ՝ փակվեց նաև  արհեստանոցը: Հիմա այստեղ  տիկին Անահիտը վաճառում է հեռախոսի լիցքավորման քարտեր, օծանելիքներ, մարմնի համար նախատեսված խնամքի միջոցներ, երբեմն էլ գյուղատնտեսական գործիքներ։ «Հիմա  մեր գյուղում լավ ապրող չկա, տղամարդկանց 80 տոկոսը դրսում է,ու կանայք ամեն ինչ անում են միայնակ.Ով Փարոս կամ թոշակ է ստանում կարողանում է գոյատևել»,- ասում է նա։ Իսկ ինձ մնում է միայն գոռալ «Հեյ, հե՛յ»՝ հիշելով «Մենք ենք մեր սարերում» Իշխանի՝ Մհեր Մկրտչյանի հանրահայտ խոսքը։

Հայաստանի հանրային ռադիո