Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Այս տարվա վերջին քառօրյայի «կարեւոր» եւ «կարեւորագույն» հարցերը

Այսօր մեկնարկել է ԱԺ այս տարվա վերջին հերթական քառօրյան: Այն թերեւս նաեւ վերջին լիարժեք աշխատանքն է՝ նոր խորհրդարան ձեւավորելուց առաջ: Պատգամավորներից շատերն արդեն այսօր չեն թաքցնում, որ փետրվարին զբաղված են լինելու քարոզարշավով եւ դժվար թե ակտիվորեն մասնակցեն այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի աշխատանքներին:   2017 թվականի ապրիլյան ընտրություններից առաջ վերջին լիարժեք նստաշրջանի վերջին քառօրյայի մեկնարկին պատգամավորներից շատերը փորձեցին ուշադրություն հրավիրել, իրենց կարծիքով, կարեւորագույն հարցի վրա: Ստացվեց այնպես, որ շատերի կարծիքով դա վարկերի խնդիրն է: Արմավիրի մարզում ունեցած հանդիպումներից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համոզվել է՝  գյուղացիական վարկերի հարցը համարժեք է անվտանգության խնդիրներին, քանզի <<վարկային փոսը>> սպառնում է բոլորին: Նման սպառնալիքներով խնդիրներ ունեն նաեւ <<Աշտարակ կաթ>> ընկերությունում ծավալվող <<դրամատիկ>> իրադարձություններից տուժող աշխատակիցները՝ իր հերթին ահազանգում է Նիկոլ Փաշինյանը: Պատկերն ամբողջացրեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ առաջարկելով ԱԺ օրակարգ բերել «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» իր հեղինակած հայտարարությունը: Հիմնավորման մեջ հիշեցրեց, որ դժգոհելու տեղ ունենք այսօր գրեթե բոլորս: Հստակ պատասխանի արժանացավ թերեւս Զարուհի Փոստանջյանի առաջարկը: Դրվեց քվեարկության եւ մերժվեց, թեեւ նույնիսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կողմ քվեարկեց ապստամբության իրավունքի հարցը օրակարգ ներառելուն։ Հետո պարվեց՝ շփոթվել էր: Քվեարկության պատկերն ուղղվեց փոխնախագահների միջամտությամբ: Մնացած դեպքերում հստակեցվեց՝ կառավարությունն իհարկե տեղյակ է թե գյուղացիական վարկերից, թե բարձրացված մյուս խնդիրներից: Հետեւում է, մտահոգվում, բայց լսումներ կազմակերպելու համար Գալուստ Սահակյանը պատգամավորներին խորհուրդ տվեց հույսը դնել սեփական իրավունքների վրա՝ ուզում են՝ թող կազմակերպեն: Սրանք կարեւորագույն հարցերի մասին։ Իսկ այս քառօրյայի կարեւոր հարցը թերեւս հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման շարունակությունն է: Պատգամավորների առաջարկություններով համալրված փաստաթուղթը վերջնական քննարկման է ներկայացվել: Հարցին խորհրդարանը հավանաբար կանդրադառնա արդեն վաղը: Իսկ այսօրվա ընթացիկ հարցերն առնչվում էին  քրեական դատավարությանը, տեղական տուրքերին ու վճարներին, ինչպես նաեւ բանակում ծառայելու կարգին: Այս հարցում ունեցած թերություններից մեկը կառավարությունը փորձում է շտկել <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> օրենքում արվող  փոփոխություններով եւ լրացումներով: «Երբ պայմանագիր է կնքվում, որ որպես կուրսանտներ սովորեն ռազմաբժշկական ֆակուլտետում, ծախսերի փոխհատուցումն իր վրա է վերցնում ՊՆ-ն: Ունենք դեպքեր՝ 2011-ին 3, 2012-ին 3, 2014-ին 4, 2015-ին 4, այս տարի դեռ մեկը, որ տվյալ ֆակուլտետի ուսանողներն ավարտում են բակալավրիատը, այնուհետեւ երկու տարի մագիստրատուրան, որից հետո, գործող կարգի համաձայն, նրանց շնորհվում է լեյտենանտի կոչում եւ ինտերնատուրա ընդունվելուց քննությունները չեն հանձնում տարբեր պատճառով: Ստացվում է կազուսային իրավիճակ, երբ որպես մասնագետ նա կարող է աշխատել միայն ինտերնատուրան ավարտելուց հետո, մյուս կողմից՝ նա արդեն լեյտենանտ է: Նրան չես կարողանում որպես շարքային զորակոչես, եւ նրան չես կարող զորակոչես որպես լեյտենանտ, որ բժիշկ ծառայի»,- խնդիրն է ներկայացնում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։ Այս խնդիրը լուծելու համար գտնվել է տարբերակ: Սահմանվում է, որ լեյտենանտ զինվորական կոչումը կուրսանտին կշնորհվի միայն ինտերնատուրան ավարտելուց հետո: Մեկ այլ փոփոխությունը վերաբերում է  հետեւյալ իրավիճակին, երբ կուրսանտն ավարտում է եւ հետագա 10 տարիներին ինքնակամ հրաժարվում ծառայությունից: Այս դեպքում առաջարկվում է, որ կուրսանտները պարտավորվեն փոխհատուցել չծառայած տարիների ծախսերը: Յուրաքանչյուր չծառայած տարվա համար սահմանվել է մոտավորապես 1 միլիոն դրամի կարգի փոխհատուցում կամ տուգանք:

Հայաստանի հանրային ռադիո