Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Այսօր Կառավարությունում

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանը առաջիկայում պետության միջոցներով կմեկնի Գերմանիա` բուժումը շարունակելու: Այս որոշման նախագիծը ներառված է՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Պետրոսյանի բուժման համար պետությունը հատկացնելու է 26 մլն 83 հազար դրամ: Հիշեցնենք, որ Կառավարությունը վիրավոր զինծառայողների հետագա բուժումն արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս քառօրյա պատերազմից օրեր անց: Մհեր Պետրոսյանն առաջինն է, որ կմեկնի արտերկիր բուժումը շարունակելու նպատակով: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 712,9 հազար դրամ: Կառավարությունն այսօր հերթական վարկային համաձայանգրին հավանություն կտա: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներակայացրած նախագծով, կհաստատվի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախատեսված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը ` 50.000.000 ԱՄՆ դոլարի չափով բյուջետային վարկ տրամադրել: Գումարը կծախսվի այն ուղղություններով, որոնք ամրագրված են կառավարության բարեփոխումների օրակարգում՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանմանն ու մրցունակության ամրապնդմանը: Տիչինա-Աշտարակ մայրուղի ճանապարհահատվածում իրացման աշխատանքներ կիրականացվեն, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը և Ասիական զարգացման բանկը ( ԱԶԲ) ստորագրել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ը։ Ծրագիրը բաղկացած է երկու տրանշներից. 1. Տրանշ 1-ը ներառում է Շիրակի փողոցի և Արտաշատի խճուղու բարելավումը, Արշակունյաց պողոտայի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը: 2. Տրանշ 2-ը ներառում է Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույցների բարելավումը: Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները։ Վերջինիս շրջանակներում նախատեսվում է կառուցել Դավթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածները։ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքներ: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի իրացման աշխատանքներն իրականացնելու նպատակով վերջինս բաժանվել է երկու հատվածների՝ Բաբաջանյան-Տիչինա և Տիչինա-Աշտարակ։Ներկայումս ձեռնարկված են համապատասխան միջոցներ՝ համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում սահմանված աշխատանքների իրականացումն ապահովելու համար, ուստի ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տիչինա-Աշտարակ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը»: Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի ՊՈԱԿ-ներ կվերամիավորվեն: Այսպես, «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվի՝ միանալով «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: «Երաժշտագիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմակերպվի՝ միանալով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի հանրային ռադիո