Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բնապահպանների բողոքի ակցիան բնապահպանական համաժողովում

«Էկոտուրիզմը Հայաստանում» այսօր կայացած համաժողովն ու ցացահանդեսը գրավել էր նաեւ այն բնապահպանների ուշադրությունը, որոնք անհանգստացած են Գոշի լճի շուրջ իրականացվող շինարարությամբ։ Եվ ահա նրանք նույն միջոցառման ժամանակ բողոքի ցույց անցկացրեցին Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հենց բնապահպանության նախարարի ելույթի ժամանակ։ Ինչ վերաբերում է Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի այս տարի կազմակերպած միջոցառումներին, դրանք  ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության 2017 թվականի միջոցառումների համաշխարհային օրացույցում են ընդգրկված։ Էկոտուրիզմի միջազգային ընկերակցության հաշվարկներով՝ մինչև 2020 թվականի կեսերը էկոտուրիզմը կարող է կազմել համաշխարհային զբոսաշրջության շուկայի  25 տոկոսը՝ ապահովելով մինչեւ 470 միլիարդ դոլարի եկամուտ: Փորձագետները կարծում են՝ Հայաստանն ունի ներուժ զարգացնելու իր կարողությունները՝ օգուտ քաղելով այդ շուկայից:  Էկոտուրերը Հայաստան դառնում են ավելի և ավելի պահանջված ուղղություն զբոսաշրջության համար: Եվ իսկապես՝ եթե տարիներ առաջ շատերի համար խորթ էր այս արտահայտությունը, այսօր արդեն պարբերաբար խոսվում է  Հայաստանում էկոտուրիզմի զարգացման նոր հեռանկարների և նոր ուղղությունների մասին: Դրանցից մեկն էլ լեռնահեծանվային նախագիծն է, որի նպատակն է մինչև 2020 թվականը ստեղծել առաջին լեռնահեծանվային պարկը Հայաստանում: Նախագծի ղեկավար Էմմա Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ այն կխթանի ոչ միայն էկոտուրիզմը, այլև հեծանվասպորտը: Ամերիկյան համալսարանում կազմակերպված համաժողովին զուգահեռ կազմակերպված էր նաեւ ցուցահանդես՝ առանձին տաղավարներով։ Էկոտուրիզմի զարգացմանը կարող է նպաստել նաև Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը: Ուստի հաջորդ տաղավարը, որին մոտեցա, ներկայացնում էր օրգանական արտադրության մեծ տեսականի: Ամերիկյան համալսարանի կազմակերպած այս միջոցառումների նպատակն է ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց, խրախուսել էկոտուրիզմի կայուն զարգացումը, ձեւավորել գաղափարների և փորձի փոխանակման հարթակ Հաշվի առնելով ոլորտի մարտահրավերները՝  բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ իր խոսքում նկատեց, որ կայուն զարգացման հիմքում էկոլոգիական մոտեցումն է: Դեռ նոր էր սկսել նախարարը ելույթը, երբ ակտիվիստների մի խումբ սկսեցին վանկարկել «Հեռու Գոշից», «Հեռու Ամուլսարից»: Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին սոցցանցերի օգտատերերը և լրատվամիջոցները ծառահատումների և բնական միջավայրի ավերման բազմաթիվ դեպքեր են բացահայտում, որոնցից մի քանիսն արդեն մեծ աղմուկ են բարձրացրել: Դրանցից մեկը կապված է Գոշ լճի հետ: Խնդիրն այն է, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցրել ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել ափի երկայնքով։ Պարզվել է, որ տարածքը տրվել է վարձակալությամբ «քոթեջներ կառուցելու և էկոտուրիզմ զարգացնելու» նպատակով: Բնապահպաններն ահազանգում են, որ հողային աշխատանքների հետևանքով վնասվել է լճի և հարակից տարածքների էկոլոգիական հավասարակշռությունը: Անդրադառնալով խնդրին՝ բնապահպանության նախարարը հավաստիացրեց, որ ներկայումս շինարարությունը կասեցված է: Նախ այն չպետք է խաթարի էկոլոգիական հավասարակշռությունը: Այն պետք է դառնա հանգստի գոտի և ոչ թե խնջույքի վայր: Որևէ ձևով չպետք է սահմանափակվի նաև ցանկացած այցելուի մուտքն այս տարածք, քանի որ Գոշի լիճը համարվում է մեր բնական միջավայրի կարևորագույն արժեքներից մեկը: Իսկ որ ամենակարևորն է, նախարարը հավաստիացրեց, որ այս տարածքում ծանր տեխնիկա այլևս չի գործարկվելու:

Հայաստանի հանրային ռադիո