Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բնապահպանների գնահատականը՝ կառավարության ծրագրի բնապահպանական հատվածին

Կառավարության ծրագրի բնապահպանական հատվածի գնահատումը՝ բնապահպանների կողմից: «Ռադիոլուրի» հետ զրույցում նրանք նկատում են՝ ծրագիրը սեղմ է, ոչ այնքան մասնագիտական: Բացի այդ, նշված չեն դրանց իրականացման ֆինանսական աղբյուրները։ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարծում է, որ ծրագիրը չափելի ցուցանիշներով է ու կոնկրետ: Փոխնախարարը հայտարարել է, որ արդեն դիմել են կառավարությանն ու ցանկանում են Շաքիի ջրվեժի տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի ստուգում կատարել: Խնդիրներ այնտեղ կան, սակայն Հակոբյանը չի մանրամասնել, թե ինչպիսի: Բնապահպանության նախարարի տեղակալը, անդրադառնալով նախարար  Արծվիկ Մինասյանի՝ իրավաբան -տնտեսագետ լինելու փաստին, նշել է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, կառավարչի աշխատանք, թիմը շատ առողջ համագործակցում է իր ղեկավարի հետ: Մինասյանի  երկու մասնագիտություններն օգնում են իրեն,  «ցանկացած խնդրի իրավական լուծումները  նույնպես գտնում է Արծվիկ Մինասյանը»՝ ասել է բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Կոնկրետ ժամկետներ ու հակիրճություն՝  այս կառավարության ծրագիրը նախորդներից  տարբերվում է: Բնապահպանության ոլորտը նույնպես բացառություն չէ, այստեղ էլ ինչպես ողջ ծրագրում շարադրանքը հակիրճ է ու շատ կոնկրետ՝ օրինակ,  միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն վեց ամսում, մեկ տարում կամ էլ առաջիկա երեք տարիներին: «Բնապահպանական խնդիրները  սեղմ են  ներկայացված ու ոչ այնքան մասնագիտորեն»,- բնապահպան Սիլվա Ադամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսպես է բնութագրում կառավարության ծրագրի բնապահպանական հատվածը: Սևանա լճին վերաբերող հոդվածն առաջինն ու միակն է, որը ժամկետներ չի նախատեսում՝ ձևակերպումը  հետևյալն է՝  օրենսդրական կարգավորումներին համահունչ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն: Բնապահպանը, այդուհանդերձ, սա դրական է գնահատում,  նշում՝ ուրախ է, որ Սևանա լճի պահպանությունն առաջնային է կառավարության համար: Մնացած միջոցառումների իրականացման համար կոնկրետ ժամկետներ են մատնանշված: Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նույնպես ընդգծում է , որ ծրագիրը չափելի ցուցանիշերով է ու կոնկրետ: Նախատեսում են վեց ամսվա ընթացքում Ախուրյանի ու երեք տարվա ընթացքում Սևանի, Հրազդանի ու Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանները հաստատել, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակել, Ջրային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարել:  2017թ-ին  նախատեսված է կանաչ տնտեսության ազգային կենտրոն ձևավորել, առնվազն 20 կետում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգեր ներդնել: Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյան.«Մենք 2016թ ընթացքում ունենք պիլոտային ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ համակարգը ներդրված, բայց 2017թ հնարավոր է լինելու ավելացնել ևս 20-ը»: Մի քանի այլ  միջոցառումների թվում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ընդալայնումը, դրանց կառավարման համակարգի ներդրումը: Այս կետում է, որ առանձնացված է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը: Հիշեցնենք, Ջերմուկին կից շահագործվում է Ամուլսարի հանքավայրը: Բնապահպանության փոխնախարարը կարծում է, որ հնարավոր  է Ջերմուկում ստեղծել ազգային պարկ: Բնապահպան, «էկոլուր» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը, սակայն, հակառակն է պնդում, օրինակ բերում  միջազգային տարբեր կառույցների գնահատականները: «Բացասական գնահատականներ կան: Մեր կարծիքով, կարելի է  թղթի վրա ինչ- որ մի բան ստեղծել։ Եթե դու թղթի վրա ես ստեղծում՝ դա դեռ ոչինչ չի նշանակում: Պետք է նորմալ տարածք լինի: Պտիչկայի համար հո չես ստեղծում հատուկ պահպանվող տարածքը»: Զրուցակիցս նաև նկատում է՝ կառավարության ծրագրի բնապահպանական հատվածում նշված չեն ուղիները, որոնց միջոցով կարող են ֆինանսական ռեսուրսներ հայթայթել: Բնապահպան Սիլվա Ադամյանը մտահոգ է՝ Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Զրուցակիցս նկատում է՝ «այն վիճակը, որը Հայաստանում է տիրում, չի բավարարում ոչ միայն հասարակական կառույցներին, այլ այն համայնքներին, որտեղ դրանք շահագործվում են»: «Լուրջ անդրադարձ էդ խնդրին, որը առաջին կետում պետք է լիներ, չկա»: Սիլվա Ադամյանին հիշեցրեցինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների  նախարարին հանձնարարել է  ուսումնասիրել  ու համալիր վերլուծություն ներկայացնել ընդերքօգտագործման ոլորտի մասին: Բնապահպանը կարծում է, որ հանձնարարականի հիմքում ոչ թե բնապահպանական խնդիրներն են, այլ՝ բիզնես  գործունեությունը:

Հայաստանի հանրային ռադիո