Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բնապահպաններն ահազանգում են. Սեւանում անթույլատրելի չափով կրճատվել են խեցգետնի պաշարները

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Սեւանի ձկնապաշարների այս տարվա չափի որոշումը կավարտի դեկտեմբերին: Մինչ այդ, կենտրոնը շարունակելու է ուսումնասիրությունները: Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է, որ անցած մի քանի տարիների ընթացքում Սեւանի ձկնապաշարների մի փոքր աճ է նկատվել, սակայն, դա եղել է շատ քիչ եւ ոչ կայուն: Ի տարբերություն ձկնային պաշարների, Սեւանում կտրուկ եւ անթույլատրելի չափով կրճատվել են խեցգետնի պաշարները: Այս մասին էլ ահազանգել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Հիդրոէկոլոգ-ձկնաբանները կարծում են, որ հատկապես ձվադրման շրջանում պատշաճ պահպանության անհրաժեշտություն կա՝ ոչ կառավարելի որսը կանխելու եւ ցանկալի արդյունք ստանալու համար: Պատասխանատուները, մինչդեռ, համոզված են, որ Սեւանի հարցով որդեգրված քաղաքականությունն արդյունքներ արդեն տալիս է: 2014 թվականից սկսած Սեւանա լճում կիրառվում են նոր տիպի որսագործիքներ, որոնք, ի տարբերություն խայծով թակարդների, որսում են բոլոր չափերի խեցգետիններին: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն այսօր հերթական անգամ ահազանգեց, որ նման որսագործիքների կիրառումը անթույլատրելի չափերով կրճատում է խեցգետիների պաշարը լճում: Ներկա դրությամբ, ըստ նրա, դրանք գրեթե երկու անգամ կրճատվել են: «Անխնա ձեւով հանվում են նաեւ ոչ արդյունագործական չափի կենդանիները: Մեր կատարած ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ Սեւանա լճում կտրուկ կրճատվել են խեցգետնի պաշարները»: Խեցգետնի բազմացման շրջանում բնապահպանության նախարարությունն ընդհանրապես արգելեց խեցգետնի որսը: Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ դա կարող էր որոշ չափով բարելավել վիճակը, եթե հնարավոր լիներ խիստ վերահսկողություն ապահովել: Թե որքանո՞վ է արդյունավետ եղել այդ արգելքը՝ ցույց կտան արդեն տարեվերջյան դիտարկումներն ու ավարտուն հաշվարկները՝ ասաց Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենը: «Եթե այս տեմպերով, այս որսագործիքներով որսը շարունակվի, ապա մենք կունենանք ոչ միայն ձկնային պաշարների խզում, այլեւ խեցգետնային պաշարների»: Խեցգետինների հետ տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ կատարվեց կոնկրետ սիգ ձկնատեսակի հետ՝ նկատեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Փաստորեն գերորսի արդյունքում մենք ունենք արդյունագործական պաշարների խզում: Դա ոչ կառավարելի որսի արդյունքն է, այսինքն՝ որսում են մանր, ոչ արդյունագործական չափերի առանձնյակներ, որսում են բազմացման ժամանակ, թեկուզ այս տարի արգելք եղավ բազմացման շրջանում, բայց դա բավարար չէ: Պետք է դա լինի շարունակական, որպեսզի ունենանք վերականգնում ե՛ւ խեցգետնի, ե՛ւ սիգի, ե՛ւ մնացած ձկնատեսակների, որոնք գոյություն ունեն Սեւանա Լճում: Սեւանի խնդիրներն օրերս քննարկվեցին պատասխանատուների հետ հանրապետության նախագահի անցկացրած խորհրդակցության ժամանակ, որտեղ տրվեցին նաեւ հանձնարարականներ: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահ է. «Քաղաքականությունը, որ որդեգրվել է Սեւանի բարձրացման եւ որակական ուղղություններով, լավ արդյունքներ է տալիս»: Նախագահին առընթեր Սեւանի հարցերի հանձնաժողովի համակարգող Յուրի Ջավադյանի խոսքով՝ հաստատված եւ իրականացված պետական ծրագրով կատարված աշխատանքների արդյունքներն արդեն տեսանելի են՝ սկսած ջրի որակի բարելավումից. «Թափանցելիությունը բավականին բարձրացել է: Արդեն ձկնային պաշարների վերականգնումն ու աճն է սկսվելու: Մեր նպատակը մաքուր ջրով Սեւանի մակարդակը բարձրացնելն է ու լավ էկոհամակարգով լիճ ունենալը»: Սեւանա լճում ձկնապաշարների վերականգնման համալիր ծրագրի արդյունքների համար կարեւոր օղակներ են «Սեւան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություններն ու «Սեւանի իշխան» ընկերության նորաբաց մանրաձկան գործարանը: Ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի առաջին փուլն ավարտվելու է 2022 թվականին: Սպասվող արդյունքների մասին էլ ասաց. «Ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում այս գործարանում մենք կարտադրենք 4 մլն մանրաձուկ՝ արտադրական նպատակներով, իսկ լճում պաշարները վերականգնելու համար՝ յուրաքանչյուր տարի 1.5 մլն մանրաձուկ»: Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն տնօրեն  Բարդուխ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ Սեւանի այս տարվա ձկնապաշարների չափի որոշումն իրենք կավարտեն դեկտեմբերին: Մինչ այդ կենտրոնը շարունակելու է ուսումնասիրությունները: Կենտրոնն, ի դեպ,  անցած մի քանի տարիների ընթացքում Սեւանի ձկնապաշարների, մասնավորապես՝ սիգի, մի փոքր աճ է արձանագրել: «Արդյունագործական պաշարները վերջին 3-4 տարվա մեջ աճել են ընդամենը, երեւի, մի 100 տոննայով: Այսինքն, եղել են մոտավորապես 300-350 տոննա, հիմա՝ անցյալ տարվա դրությամբ, մեզ մոտ այն գնահատվել է 450 տոննա, ինչը շատ քիչ է»: Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ հատկապես ձվադրման շրջանում պատշաճ պահպանության դեպքում միայն հնարավոր կլինի 2-3 տարում հասնել 1000 տոննայի, ինչը թույլ կտա Սեւանից թույլատրելի որս կատարելու առաջարկ տալ՝ արդյունագործական պաշարի 40-50 տոկոսի չափով:

Հայաստանի հանրային ռադիո