Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԵԽԽՎ նախագահի

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Երևանյան գրասենյակի շենքի  առջև այսօր կազմակերպել է բողոքի ակցիա: Մի խումբ երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ: Ցուցարարները նշել են, որ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նիստում Պեդրո Ագրամունտին հայկական պատվիրակության անդամների հանդեպ ցուցաբերել է կողմնակալ և անհարգալից վերաբերմունք՝ խոսելու պահին անջատելով խոսափողը։ «Հանուն օրենքի» հասարակական շարժումն արձանագրում է, որ ԵԽԽՎ նախագահի նման կողմնակալ  պահվածքն առաջինը չէ եւ գնահատում, որ նման քայլերն ուղղված են նաեւ եվրոպական արժեքների դեմ: Ակցիայի մասնակիցներ բողոքի նամակ են հանձնել Երեւանում ԵԽԽՎ պատվիրակության գրասենյակ՝ պահանջելով նաեւ ԵԽԽՎ նախագահի հրաժարականը: Հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահը ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը, երբ վերջիններս փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը: «Հանուն օրենքի» հասարակական շարժումը համոզված է, որ այսպիսով ոտնահարվել են հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: Շարժումը դատապարտում է Պեդրո Ագրամունտի պահվածքը և պահանջում նրա հրաժարականը, քանզի նրա կողմնակալ գործելակերպն ուղղված է նաեւ եվրոպական արժեքների դեմ: Բողոքի ակցիայի պահանջագիրն ընթերցեց «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգողներից Արման Ղուկասյանը: «Հանուն օրենքի» շարժումը պահանջագրով նաեւ անհրաժեշտություն է համարել, որ ԵԽԽՎ նախագահը հրապարակային ներողություն խնդրի Հայաստանի պատվիրակությունից եւ ապահովի այդ կառույցի ոչ կողմնակալ վերաբերմունքը ղարաբաղյան հարցում: Ակցիայի մասնակիցները շեշտեցին, որ ակնհայտորեն Պեդրո Ագրամունտին վարում է պրոադրբեջանական քաղաքականություն եւ պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով, ինչը չի տեղավորվում եվրոպայի որդեգրած բարձրագույն որեւէ արժեքի շրջանակներում: Եթե այդ կառույցը պարտավոր է լինել անկողմնակալ, ապա պետք է ազատվի նման ղեկավարից՝ շեշտել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումն իր բողոքի նամակում: Բողոքի ակցիային միացել էր նաեւ ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչ Հրաչ Բասմաջյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց անհանգստությունն ու պահանջները ձեւակերպող նամակը հանձնեցին ԵԽԽՎ-ի Երևանյան գրասենյակի ներկայացուցչին: Պահանջագիրը վերցնելու համար ակցիայի մասնակիցների հետ հանդիպման էր դուրս եկել եւ ակցիայի կազմակերպիչներին լսեց ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներից Միխայիլ Եսայանը: «Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջագրից զատ նաեւ ԵԽԽՎ նախագահին հանձնելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով խորհրդանշական ԱՄՆ դոլարներ փոխանցեցին՝ այդ կերպ ընդգծելով այն կողմնակալ վերաբերմունքի պատճառները, որ, ըստ ակցիայի մասնակիցների, պարբերաբար դրսեւորում է ԵԽԽՎ նախագահը Պեդրո Ագրամունտին՝ ցուցաբերելով ակնհայտ կողմնակալ մոտեցումներ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված: Ակցիայի մասնակիցները վստահեցրին, որ հետամուտ կլինեն պատասխանի հարցում:

Հայաստանի հանրային ռադիո