Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ծառուկյանը վերադառնում է, ՀՀԿ- ն իր մոտեցումը չի փոխել (լրացված)

ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին ՝ այսօր խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Թե ինչ ձևաչափ կունենա այդ մասնակցությունը,  առաջիկայում կմանրամասնի հենց ինքը ՝ Գագիկ Ծառուկյանը՝ հանդես գալով  հրապարակային հայտարարությամբ : Զոհրաբյանը նշել է, որ  ԲՀԿ նախկին առաջնորդը ակտիվ քաղաքականություն է վերադառնում կուսակիցների խնդրանքով, բայց իր որոշմամբ:  Զոհրաբյանի տպավորությամբ , ի դեպ,  Գագիկ Ծառուկյանի վերադարձը  ընդդիմադիր դաշտում խուճապ է  առաջացրել: ՀՀԿ-ում այդ խուճապը չեն տեսնում  և  իրավիճակը գնահատում են փիլիսոփայաբար: Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում՝ այսպես է ձևակերպել իշխող քաղաքական ուժի վերաբերմունքը ԱԺ փոխնախագահը՝ հորդորելով ավելի շատ ոչ հետ, այլ առաջ նայել:   Գագիկ Ծառուկյանն, այո, կվերադառնա ակտիվ քաղաքականություն, առաջիկայում ինքը հրապարակային հայտարարությամբ կմանրամասնի, թե ինչ ձևաչափ  կունենա այդ վերադարձը ու համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: «Ես վստահեցնում եմ, որ ոչ շատ ուշ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանն իր մասնակցության ձևի , ֆորմատի մասին  բաց և հրապարակային կտեղեկացնի»: Հարցը, թե արդյոք  Ծառուկյանը քաղաքական դաշտում հանդես կգա որպես ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ խմբակցության ղեկավարին զարմացնում է: «Իսկ այլ կերպ ո՞նց եք պատկերացնում նրա մասնակցությունը»: Հետևելով ոչ իշխանական ուժերի արձագանքներին՝   Զոհրաբյանը տպավորություն է ստացել, որ  քաղաքականություն վերադառնալու Ծառուկյանի մտադրությունը  դաշտում խուճապ է առաջացրել: ԲՀԿ խմբակցության ղեկավարը գիտի թե ինչու: «Բնականաբար Ծառուկյանի վերադարձը խառնել է բոլոր ընդդիմադիր ուժերի խաղաքարտերը, գծած սցենարները: Դրա համար էլ բազմաթիվ ուժերի մոտ քաղաքական շաքարը բարձրացել է և դիաբետը դարձել է համատարած»: Ակտիվ քաղաքականությունը ԲՀԿ նախկին առաջնորդը թողել է սեփական որոշմամբ և սեփական որոշմամբ է վերադառնում է՝ վստահեցնում է Նաիրա Զոհրաբյանը և  հորդորում քաղաքական գործընթացներին նորից մաս կազմելու Ծառուկյանի որոշումը չպայմանավորել տարբեր հանգամանքներով ՝ օրինակ իշխող կուսակցության հետ  համաձայնեցմամբ: Ծառուկյանի վերադարձը հանրային պահանջի արձագանքն է՝ ասում է Զոհրաբյանը: «Այսօր միակ քաղաքական գործիչը , որ պահանջարկված է հանրության կողմից, Գագիկ Ծառուկյանն է: Լավ է դա թե վատ, ձեր դուրը գալիս է, թե՝ ոչ , բայց դա փաստ է»: Ամեն ինչ փոփոխվում է , ամեն ինչ հոսում ՝ այսպես համարյա փիլիսոփայաբար են  գնահատում ԲՀԿ առաջնորդի վերադարձը իշխող ՀՀԿ- ում: Մոտ 1.5- ամյա վաղեմության իրադարձություններում, որոնց արդյունքում ԲՀԿ առաջնորդը որոշեց հեռանալ ակտիվ քաղաքականությունից, աննկատ դերակատարում չուներ հենց հանրապետական կուսակցությունը: Ամենակոշտ որակումներն այդ շրջանում հնչեցին հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների շուրթերից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է ՝ ժամանակին ոչ թե անձերին, այլ երևույթներն են քննադատել: «Մնում ենք մեր կարծիքին: Բոլոր վատ երևույթները մերժում ենք, դրականը ողջունում: Մենք երբեք անձերին չենք պիտակավորել, խոսել ենք երևույթների մասին: Ու մի խորհուրդ ձեզ՝ շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ»: Ծառուկյանի վերադարձը հանրապետականին չի անհանգստացնում, այդ վերադարձի պատճառները նույնպես:  Շարմազանովն ասում է՝ բոլոր մանրամասները գիտի միայն ԲՀԿ-ն: «Դա բացառապես ԲՀԿ-ական come back  է, իրենք էլ թող մանրամասնեն»: Նույն գետը նորից մտնելու անհնարինության մասին խոսում են նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում, բայց նաև չեն բացառում համագործակցության նոր հնարավորությունը:   Քառյակի, հետո եռյակի ձևաչափերում ԲՀԿ-ի հետ աշխատելը  ՀԱԿ-ում համագործակցության հաջող փորձ են համարում, բայց նաև չեն շտապում հստակեցնել իրենց դիրքորոշումը հետևյալ արձանագրումով: «Ամեն քաղաքական իրավիճակ թելադրում է իր լուծումները: Մենք երբեք ինչ-որ կլիշեների ու կարծրատիպերի գերի չենք եղել»: Լևոն Զուրաբյանը չի ցանկանում գնահատականներ տալ, ենթադրություններ անել, թե ինչու է ԲՀԿ առաջնորդը կրկին քաղաքական վերադառնալու հայտ ներկայացնում: Ասում է՝ կսպասեն բոլոր հայտերի հստակեցմանը, հետո նոր որոշումներ կկայացնեն:

Հայաստանի հանրային ռադիո