Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Դա բանակի ժողովրդավարացումն է. պաշտպանության նախարարը «1000 դրամներ»- ի մասին

Ուղիղ երեք օր տեւեց ԱԺ- ում <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին>> օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը: Շուրջ 40 ելույթ՝ երբեմն սուր, երբեմն սկանդալային, երբեմն կառուցողական, երբեմն մեղադրական: Հարցի քննարկումն այսօր ավարտվեց, քվեարկության պատկերը պարզ կդառնա վաղը կեսօրին, իսկ այսօր քվեարկության առումով նախնական տրամադրությունների մասին տեղեկացրեցին խմբակցությունները:       Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ էր եկել Եռաբլուրից: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակը նշվում էր այնտեղ եւ հենց Եռաբլուրում՝ ապրիլյան բոլոր հերոսների շիրիմներին մոտենալուց հետո նախարարը հասկացել է՝ ճիշտ ուղղությամբ է գնում Աժ-ին ներկայացնելով ինչպես արդեն որակվել է <<հազար դրամների>> նախագիծը: Նախարարն, ի դեպ, խոստովանեց՝ եթե անգամ բյուջեի գումարները բավարարեին, եթե անգամ ստվերից բերվեին բոլոր անհետացած փողերը, միեւնույնն է, առաջարկելու էր այս առանձին տուրքը իբրեւ ազգին միավորող գաղափարախոսություն: Այս պահին արդեն պարզաբանում է՝ չի ընդունում պատգամավորների առաջարկը՝ տարբերակված, պրոգրեսիվ հարկի սկզբունքով գանձումների մասին: Բոլորից հավասարաչափ հազար դրամ հավաքելն ունի իր հիմնավորումը: <<Հարուստ, թե աղքատ, ունեւոր, թե չունեւոր ինքը պետք է հավասար լինի, որովհետեւ այդ մարդկանց նկատմամբ մենք բոլորս հավասար ենք: Շատ վտանգավոր եմ համարում, երբ մենք ընդունելով ինչ- որ մեկի ապօրինի հարստացումը, ակնկալում ենք նրանից ավելի վճարում: Դրանով մենք լեգիտիմացնում ենք ապօրինի հարստացումը»,- ասում է նախարարը։ Վերջին երեք օրվա ընթացքում պաշտպանության նախարարը անտարբերության պակաս չի զգացել, շնորհակալ է բոլորից՝ անկեղծ եւ բովանդակային քննարկման համար, այն համարում է ցուցիչ, որի արդյունքում նոր գաղափարներ է ստացել եւ ասում է՝ նոր առաջարկներն իրենց սպասեցնել չեն տա: Հասարակության մոտ վստահության վերականգնումը շատ կարեւոր է համարում, բայց խորհրդարանի ամբիոնին մոտեցողներին, ամեն դեպքում, խորհուրդ տվեց զգույշ խոսել: Իբրեւ պաշտպանության նախարար ցավ է ապրել այս օրերին, երբ լսում էր, թե ինչպիսի <<ցեխ>> է շպրտվում սպայական կազմի ուղղությամբ: ԱԺ-ում ներկայացված վեց խմբակցությունից նախապես ելույթ ունեցան երեքի ներկայացուցիչները: Քվեարկելու առումով բոլորն էլ կողմնորոշված են՝ առանց որեւէ ելույթների հասկանալի է՝ հանրապետականները կողմ են քվեարկելու, այդ գործում իրենց անվերապահորեն միանալու են նաեւ դաշնակցականները՝ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վեհ գաղափարն է միայն, որ ստիպում է <<Բարգավաճ Հայաստան>> եւ <<Օրինաց երկիր>> խմբակցություններին աջակցել նախագծին: Կողմ են քվեարկելու նախապայմաններով՝ դեմ լինելով որոշ սկզբունքներին: <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօրվանից դիմեց հետաքննող լրագրողներին՝ առաջարկելով նաեւ իր օգնությունը՝ <<դղյակատեր>> գեներալներին բացահայտելու, <<գողի>> տեղը ցույց տալու եւ ձեռքը բռնելու համար: <<Ժառանգություն>> խմբակցության դիրքորոշման մասին որեւէ հայտարարություն չեղավ: Հստակ <<դեմի>> կողմնակիցը միայն ՀԱԿ խմբակցությունն էր: Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ստիպեց արձագանքել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Զուրաբյան.  Մենք ոչ միայն կողմ ենք, այլ նաեւ պահանջում ենք՝ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրվի հատուցում օրինագծում նախատեսված չափերով, բայց մենք պահանջում ենք, որ հիմնադրամին դրամական այդ հատկացումները կատարվեն ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ ներդնելու, այլ բյուջեի ծախսերը վերանայելու միջոցով: Իսկ այս տեսքով նախագիծը, բնականաբար, մերժում ենք, ինչպես մեր ամբողջ ժողովուրդը: Նաղդալյան. Ամբողջ ժողովրդի անունից մի խոսեք, ամբողջ ժողովուրդը ձեր պես ոչ մտածում է, ոչ խոսում է, ոչ գործում: Այս հարցի առնչությամբ քվեարկությունը կկազմակերպվի վաղը՝ կեսօրին: Իսկ մինչ այդ պաշտպանության նախարարը բացատրեց, որ նախագիծը որեւէ կապ չունի ազգ-բանակ գաղափարի հետ: Վիգեն Սարգսյանը գաղափարը բացատրեց հետեւյալ կերպ՝ դա դրամահավաք չէ,  հասարակության ռազմականացումը չէ, դա պարզապես բանակի ժողովրդավարացումն է:

Հայաստանի հանրային ռադիո