Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Դիլիջանի ազգային պարկում պահնորդների եւ գյուղացիների պայքարը սրվում է

Աշխատանքային  հանդիպում, քննարկում Տավուշի մարզում։ Երեկ լրագրողներն ու բնապահպանության նախարարության ներկայացուցիչները ոլորտի ղեկավարի՝ Արծվիկ Մինասյանի հետ այցելել էին Դիլիջան ազգային պարկ: Մեր երկրում ապօրինի ծառահատումների դեմ, ինչպես իրավասուներն են պնդում, երկարատև  պայքար է սկսվել:  Տեղացիները դժգոհ են, պնդում են՝  զրկված են ձմռանը փայտով  տաքանալու հնարավորությունից: Պատկան մարմինները, սակայն, վստահեցնում են՝   անտառամերձ բնակավայրերի գյուղացիները տաքանալու խնդիր չունեն ու չեն կարող ունենալ: Դիլիջան ազգային պարկում պահպանություն է իրականցնում մասնավոր պահնորդական կազմակերպություն, որի աշխատակիցները գրեթե միշտ բախումներ են ունենում գյուղացիների հետ: Հերթական միջադեպը  գրանցվել է երեկ՝  Դիլիջան ազգային պարկի Շամախյան ուղեփակոցում: Այստեղ գյուղացիները հրդեհել են հենակետը:   Երկկողմանի  պայքար՝ Դիլիջան ազգային պարկում: Մի կողմում  վերահսկողներն են, մյուս կողմում՝ գյուղացիները: Մինչ  վերջերս նրանք հանգիստ ու խաղաղ էին, կար հնարավորություն՝ ապօրինի հատել անտառն ու  վաճառել: Բոլորովին վերջերս, սակայն, այստեղ  ամեն ինչ փոխվեց՝ անգամ  Դիլիջան ազգային պարկի ղեկավարությունն ու պահպանության կանոնները: Մինչեւ փոփոխությունները, 2016թ   լայնամասշտաբ ստուգումներ անցկացվեցին Դիլիջան ազգային պարկի 60 տոկոսում եւ արձանագրվեցին 6 հազարից ավելի ապօրինի ծառահատում։ Արդյունքում՝ հանրապետության նախարարը խստորեն հանձնարարեց պայքարել ապօրինի ծառահատումների դեմ։ Ազգային  պարկի պահպանման համար ներգրավվել է մասնավոր պահնորդական  կազմակերպություն՝ «Պանտերա Սիքյուրիթի»-ին: Այս ընթացքում  գյուղացիները երկու անգամ փակեցին միջպետական ճանապարհը: Սա նրանց բողոքի արտահայտման ձևն է խստացման քաղաքականության դեմ:  Նրանց հետ դեռ կաշխատեն, կբացատրեն, որ անտառը բոլորիս ապագան է,  կփորձեն հասկացնել, որ  նոր բիզնես գաղափարներ պետք է առաջադրեն, այլևս չեն կարող փայտ վաճառելով  սեփական եկամուտն ապահովել: Պատասխանատուները չեն բացառում, որ  ապօրինի անտառհատումների թիկունքում  մարդիկ կան կանգնած, ովքեր  շատ հաճախ փորձում են հանրային ցանկությունը դարձնել իրենց սեփական եկամտի արդյունք: Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝  որևէ բնակիչ ձմռանն իր ընտանիքի  ջերմությունը ապահովելու համար որևէ  խնդիր չի կարող ունենալ: Թափուկն անտառում տալիս է այդ հնարավորությունը:  Նախարարի խոսքերը գրեթե նույնությամբ կրկնում են թե Դիլիջան ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը, թե Դիլիջան խոշորացված  համայնքի  քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Արմեն Աբրահամյանը նաև  վստահեցնում է. «Բնակիչներն այսօրվա դրությամբ օգտվում են ու ես այսօրվա դրությամբ բացասական երևույթներ ու բողոքներ չկան: Ինձ թվում է, որ հասանելիքը բնակիչների համար կապահովենք: Թափուկները չբավականացնելու դեպքում մենք մտածում ենք, որ դժվարանցանելի հատվածներ գնացող ճանապարհները սարքենք, մոտենանք: Եթե կարիքը լինի, տանք բնակիչներին, որպեսզի ձմռան շուրջ  բնակիչները նաև այդ խնդիրը չունենան»: Այստեղ է, որ  պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարությունները բախվում են իրար, ավելին՝ երբեմն՝ հակասում:  Գյուղացիները անտառհատումների մասին դժվարությամբ են խոսում, գրեթե չեն խոսում, սակայն բազմաթիվ հարցերի միջոցով այդուհանդերձ նրանք մեզ իրենց դժգոհությունն են փոխանցում։ «Ռադիոլուրը» թափուկների հավաքման հետ կապված գյուղացիների դժգոհություններն ու մտահոգությունները  Դիլիջան ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանին փոխանցեց,  պարզվեց՝ Աբրահամյանի կարծիքով, սահմանված քանակը բավարար է։ Դիլիջան ազգային պարկում պահնորդական ծառայություն է իրականացնում «Պանտերա սեքյուրիտի» պահնորդական կազմակերպությունը։ Հիմնադիր Վահե Դարբինյանը  նշում է՝  անտառահատները գիշերն են աշխատում։ Պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության աշխատակիցներն ու գյուղացիները հաճախ են միմյանց հետ բախումներ ունենում: Վերջին ամենաթարմ դեպքը երեկ երեկոյան էր:Լրագրողներս   բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ  այցելեցինք  Դիլիջան ազգային պարկի ուղեփակոցներից երկուսը: Ու մինչ նախարարը կայցելեր երրորդ՝ Շամախյան ուղեփակոց, մոտ 40 հոգի  հարձարկվելով  հենակետի վրա, ծեծել են  ծառայություն իրականացնող երկու աշխատակիցներին, նրանց դուրս հանել ու այրել հենակետը: Զրուցակիցս պնդում է՝ շարունակելու են պահպանություն իրականացնել Դիլիջան ազգային պարկի տարածքում, պահպանությունից չեն հրաժարվելու։ Գխավոր դատախազությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում են քննչական, ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ միջադեպի հանգամանքները և հենակետի առերևույթ հրկիզման հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:  

Հայաստանի հանրային ռադիո