Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Ելք»-ն արձանագրում է վարկանիշի դրական դինամիկա

Քարոզչության համար ծախսվելիք գումարները հավաքելու նպատակով մարտի 5-ին կազմակերպված դրամահավաքին «Ելք» դաշինքը հավաքել է 15 միլիոն դրամ եւ շարունակում է կոչ անել քաղաքացիներին իրենց օգնություն ցուցաբերել: Այսօր Դավիթաշեն համայնքում քարոզչության ժամանակ ասել է դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հայտնել է, որ ըստ սոցհարցումների՝ դաշինքն ունի պոզիտիվ վարկանիշի ամենամեծ դինամիկան: Պատգամավորը խոստացել է, որ ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ են մատուցելու: Կեսօրին դուրս ենք գալիս «Ելք» դաշինքի Դավիթաշենի շտաբից, այսօր քարոզչությունը այս համայնքում է: Գնում ենք քայլերթի: Մեզ բաժանված ծրագրում, ի դեպ, հատուկ հաշվարկված է՝ ոտքով քայլելու ենք 2 ժամ 36 րոպե՝ այդ ընթացքում հաղթահարելով  12 կիլոմետր 300 մետր տարածք: Դավիթաշենի գլխավոր փողոցներով՝ առանց բակեր մտնելու, դաշինքի անդամներն անցան շենքից շենք, խանութից խանութ՝ համաքաղաքացիներին ուղղելով միեւնույն հորդորն ու բաժանելով նախապես պատրաստված բուկլետները՝ «ԵԼՔ»-ի առաջարկած 30 քայլով: Ի դեպ, բուկլետը տպագրվել է 50 հազար տպաքանակով: Անցորդների, ինչպես նաեւ պատուհաններից նայող քաղաքացիների վերաբերմունքը կարելի է գնահատել զգուշավոր: Պատուհանները փակում էին եւ ներս էին մտնում, որ հանկարծ չհայտնվեն կադրում, այն անցորդները, որոնք բուկլետը վերցնում էին, շտապ հեռանում էին, բայց կային նաեւ զրույցի բռնվողներ, պատուհաններից քայլերթը հեռախոսով նկարողներ եւ նույնիսկ՝ մեղադրողներ: Այդպես օրինակ. Նիկոլ Փաշինյանին տեսնելով, մի կին դժգոհեց, որ հոգնել է 30 տարի նույն խոստումները լսելուց: «Բայց ես ընդամենը 41 տարեկան եմ, տիկին»,- ասաց Փաշինյանը: Ըստ մշակված ռազմավարության՝ այսօրվա ձեւաչափն էր այսպես՝ ոչ թե քարոզչական, այլ ավելի շուտ տեղեկատվական: Դաշինքի ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանն ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը բացատրում են, թե առաջնայինը ինչ խնդիր էին ցանկանում լուծել այս ձեւաչափով: Դաշինքի համամասնական ցուցակի առաջատարներից առաջիկայում Երեւանում կտեսնենք միայն Նիկոլ Փաշինյանին: Դաշինքի խորհուրդը որոշել է եւ հանրապետության տարածքը բաժանել 4 մասի: Մինչեւ մարտի 19-ը  զուգահեռ քարոզչությամբ այդ տարածքներում են լինելու Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը: Ամսի 19-ից միավորվելու են եւ զբաղվելու միասնական քարոզչությամբ: Իսկ վաղը արդեն «Ելք» դաշինքը հանրահավաք է անցկացնելու Շարլ Ազնավուրի հրապարակում:

Հայաստանի հանրային ռադիո