Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կնպաստի նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը. փորձագետներ

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի տեքսը բավականին լավ ընդունվեց: Փորձագետները գրեթե կասկած չունեն, որ այն  կստորագրվի: Կարելի է ասել՝ փորձագիտական հանրության ընդհանրական կարծիքն այն է, որ թեև նոր համաձայնագիրը զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում ու մնում է, որ  ՀՀ իշխանությունները կամք դրսևորեն դրանք իրականացնելու համար: Փորձագետները նաեւ կարեւորում ու դրական են գնահատում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումները, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Միաժամանակ, սակայն, առկա են որոշ մտահոգություններ առ այն, որ այդ համաձայնագրի եւ ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի տեքստերում եղած ԼՂ հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները կարող են տարբեր լինել, քանի որ որոշ երկրներ, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանը ջանք չի խնայում, որպեսզի հռչակագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության առաջնայնությունը շեշտող ձեւակերպում: Հայաստանյան փորձագետները, մինչդեռ, որեւէ խնդիր չեն տեսնում, անգամ այդ պարագայում, քանի որ, ի տարբերություն Հռչակագրի, համաձայնագիրը պարտադրող նշանակություն ունի: Մինչեւ երեկ էլ՝ ԱլԳ գագաթաժողովի նախօրեն, ՀՀ արտաքին գերատեսչությունից հավաստումներ էին հնչում, որ աշխատում են, բանակցում, որ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի տեքստում ԼՂ հիմնահարցը ներկայացվի հայկական դիրքորոշմանը չվնասող ձևակերպումներով: Երեկ էլ լրագրողների հետ ճեպազրույցում՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շեշտեց եւ կարեւորեց այն փաստը, որ Հայաստան-ԵՄ ստորագրվելիք նոր Համապարփակ եւ ընդլանված գործընկերության մասին համաձայանագրում ԼՂ վերաբերյալ ձեւակերպում առկա է. «Ինքնին այդ համաձայնագիրը պարունակում է դրույթ՝ կապված, ընդհանուր առմամբ, ԼՂ-ի հետ եւ  այդ ստորագրումը, համենայնդեպս, ապագայում նմանատիպ հարցերը կհանի: Այս փուլում դեռեւս բանակցություններ են»: Հայաստանյան փորձագիտական շրջանակներում կա համոզմունք, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը  կնպաստի նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը եւ այդ առումով այլընտրանքային նշանակություն կունենա: Այս տեսանկյունից հարցին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  երեկ անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. Սերժ Սարգսյան.«Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝  իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է»։ Հայաստանյան փորձագետների կարծիքով՝ Բրյուսելում ստորագրվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Ղարաբաղյան խնդրին առնչվող ոչ հայանպաստ ձևակերպումներ չեն լինի: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ ԵՄ-Հայաստան նոր Համաձայնագիրը բավականին մեծ դիապազոն է ստեղծում Հայաստանի և Եվրամիության միջև արտաքին ու անվտանգության հարցերում երկխոսության ծավալման համար: Նրա դիտարկմամբ՝ համաձայնագրում ԵՄ-ն, ի դեմս իր անդամ 28 երկրների, նաեւ համաձայնեցնում է ղարաբաղյան քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ ու մանիպուլիացիաներ, ինչին ձգտում է Ադրբեջանը: Ստեփան Սաֆարյան. «Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձևակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիևին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այն պարագայում, երբ ԵՄ-Հայաստան համաձայնագրում կա ԼՂ հարցին նվիրված դրույթ, որեւէ մտահոգություն չունի՝ հռչակագրի հետ կապված: «Պրեամբուլայում հստակ ասված է, որ խաղաղ ճանապարհով պետք է կոնֆլիկտը լուծվի՝ հիմնվելով ինքնորոշման սկզբունքի վրա, նաև տարածքային ամբողջականության, բացի դրանից, որ Մինսկի խումբն է գլխավոր ձևաչափը: Դա նշանակում է, որ պայմանագրում Ղարաբաղի հետ կապված խնդիր չկա, ու դա ավտոմատ պետք է արտահայտվի նաև հռչակագրում։ Հռչակագիրը չի կարող Ղարաբաղի հարցով այլ կարծիք արտահայտել, այն կարծիքից, որը կա պայմանագրում, որը պետք է նույն օրը ստորագրի Եվրամիությունը Հայաստանի հետ»։ Ընդամենը պետք է դիվանագիտական աշխատանք տանել՝ հռչակագրում ԼՂ խնդիրը այլ հակամարտություններից տարանջատելու համար: Քաղաքագետի խոսքով՝ եթե նույնիսկ ԱլԳ հռչակագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, Հայաստանի նախագահը այն կարող է ստորագրել վերապահումով, ինչն ինքնին կնշանակի, որ փաստաթղթի այդ մասը չի աշխատելու:

Հայաստանի հանրային ռադիո