Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երաժշտությունը՝ ներշնչանքի աղբյուր

Օրերս Նարեկացի արվեստի միությունում «Երաժշտություն և պլաստիկա»խորագրով  կազմակերպվել էր ցուցահանդես-համերգ, որտեղ բացվեց երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի կերտած Դանիել Երաժշտի դիմաքանդակը: Երիտասարդ քանդակագործը կարողացել է շունչ ու ոգի դնել քանդակի մեջ երաժշտության օգնությամբ: Միևնույն հարթակում  երկուսով են, նույն ինքը  Շարական համույթի  գեղարվեստական ղեկավար, ջութակահար, դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ  Գրիգոր Դանիելյանը կամ Դանիել Երաժիշտը: Նրանք կարծես իրար հետ խոսում են, կռվում ու հաշտվում,  և այս ամենը միայն երաժշտության միջոցով: Երաժշտությունը ոգեշնչում է դիրիժորին՝ արտահայտելու իր  հոգու հույզերն ու պոռթկումները, իսկ քանդակագործին՝ որսալու բնորդի  յուրաքանչյուր դիմախաղը և անմահացնելու:  Հենց այդպես էլ ծնվեց Դանիել Երաժշտի դիմաքանդակը: Քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը նշեց, որ հեշտ է աշխատել  Վանիել Երաժշտի հետ, դժվարը՝ երաժիշտ-դիրիժոր կերպարն արտահայտելն էր, իսկ անհատական շփումները սահուն են անցել:Աշխատանքում դժվարություներ եղել են, սակայն այստեղ օգնության է հասել  երաժշտությունն ու  բնորդ- արվեստագետի հումորը: Երիտասարդ քանդակագործն ասում է. «Դանիել Երաժիշտը կարծես ինձ համար համերգ էր կազմակերպում, որտեղ ես  տեսնում էի իր դեմքի արտահայտությունն ու  այն էմոցիաները,  որոնք համերգների ի ժամանակ են փոխանցում»:Ռաֆայել Մանուկյանը չնայած իր երիտասարդ տարիքին մի շարք մրցույթների մրցանակակիր է, բազմաթիվ քանդակների հեղինակ, որոնք ցուցադրվել են մշակութային տարբեր կենտրոններում: Հատկապես աչքի են ընկնում  Կոմիտասի, Նարեկացու, Սահյանի, Մհեր Մկրտչյանի, Բեթհովենի  քանդակները: Ռաֆայելը առանձնահատուկ մոտեցում ունի Կոմիտասի նկատմամբ: Վարդապետին նվիրված քանդակները մի քանիսն են: Աշխատանքները ծնվում են սիրով, իսկ մինչ այդ երկար ուսումնասիրում է կերպարը, ընկալում նրանց հոգեվիճակը, լսում սրտի զարկը և  ուրվագծում էսքիզը: «Քանդակին եթե էություն չարտահայտես ու չտեսնես այն՝ ուղղակի դիմագծեր կլինեն: Եթե պոետ ես քանդակում, պետք է նրա մեջ լինի պոեզիա, իսկ եթե երաժիշտ՝ երաժշտություն, այնպես, որ նայողը հասկանա, որ սա երաժշտի քանդակ է», — ասում է Ռաֆայել Մանուկյանը:Ցուցահանդեսի միակ նմուշի ցուցադրության մասին տպավորություններով կիսվեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: «Ռաֆայելը այն լռակյաց մարդկանցից է, որ առաջին տպավորությունից չես հասկանա, որ նա  այսքան տաղանդավոր քանդակագործ է:  Ես չէի ակնկալում, որ նա այսպիսի քանդակի հեղինակ է, այդպիսի քանդակ պետք է ակնկալել ավելի հասուն, փորձառություն ունեցող, կյանք ապրած քանդակագործից: Ամեն քանդակ այս ոգին չունի, շատերը ընդամենը ձուլվածք են»: Ռաֆայել Մանուկյանի միտքը շարունակ զբաղված է, հայացքը՝ պրպտող: Ստեղծագործում է յուրաքանչյուր վայրկյան, մտովի ուրվագծում, ապա անցնում գործի՝ կռիվ տալով կավի հետ:

Հայաստանի հանրային ռադիո