Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երբ և ինչ խնդիր է լուծել ԱԺ էթիկայի հանձնաժողովը

Ազգային ժողովի այսօրվա նիստն ընդամենը րոպեներ է տևել ու սահմանափակվել միայն քվեարկություններով: Պատգամավորները քվեարկել են երեկ քննարկած հարցերն ու սպառել քառօրյա նիստերի օրակարգը: 87 կողմ, 7 դեմ ձայնով ընդունվել է նաև  հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Հենց այս հարցի թեժ քննարկումն էր երեկ բռունցքներով բանավեճի առիթ դարձել:  Միջադեպը դեռ օրակարգում է: «Ելք» -ի ներկայացուցիչները պատրաստվում են հարցն էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել:  Բայց որպեսզի հանձնաժողովը քննարկի հարցը, նախ պետք է ձևավորվի: ԱԺ նոր կանոնակարգն արմատապես փոխել է դրա ստեղծման կարգն ու պայմանները: Հօգուտ էթիկայի կանոնների պահպանմա՞ն, թե՞ հակառակը:   «Ելք» խմբակցությունում կարծում են, որ Փաշինյան- Գեղամյան միջադեպին Հանրապետական խմբակցությունը համարժեք չի արձագանքել:  «Եթե սա մարտահրավեր է, համարեք, որ ընդունում ենք այն»,- այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ արձագանք չի եղել: «Մենք անմիջապես միջադեպից հետո  հաղորդագրություն ենք, տարածել, որ մեզ համար անընդունելի է վիրավորանքով, հրմշտոցով, ծեծկռտուքով քաղաքական հարցեր լուծելը: Դա անընդունելի ենք համարում»: Հաղորդագրությունը, որի մասին խոսում է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, տարածվեց  այսօր և ոչ թե ՀՀԿ-ի,  այլ հենց  Վահրամ Բաղդասարյանի գրասենյակի կողմից: Դրանում նշվում է, որ խմբակցությունը բացասաբար  և քննադատաբար է  մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած ձևաչափի: Երեկ, հիշեցնեմ, այս գումարման խորհրդարանում արձանագրվեց առաջին  բռունցքներով բանավեճը: Այն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև սկսվեց նիստերի դահլիճում, հայ- ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի քննարկման ժամանակ, ավարտվեց միջանցքում: Միջադեպի մասին տեղեկացանք  Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից: «Ելքի» ներկայացուցիչը գրելուց հետո այն նաև բանավոր ներկայացրեց, իսկ  Գեղամյանը հերքեց միջադեպի իրողությունը: Սա առաջին միջադեպն է, որը կարող է նոր գումարման խորհրդարանի  էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնալ:  Բայց որպեսզի դառնա, նախ պետք է էթիկայի հանձնաժողով ձևավորվի: ԱԺ նոր կանոնակարգն արմատապես փոխել է դրա ձևավորման կարգն ու պայմանները: Եթե նախորդ գումարման ամբողջ ընթացքում նման հանձնաժողով գործում էր և յուրաքանչյուր կոնկրետ  դեպքում պատգամավորները գիտեին, թե ուր դիմել, հիմա նոր կանոնակարգն այլ բան է սահմանում: Էթիկայի հարցերով զբաղվող  հանձնաժողով կարող է ստեղծվել կոնկրետ  դեպքի համար միայն՝ խմբակցության կամ խմբակցությունների առաջարկությամբ, ճիշտ այնպես, ինչպես ստեղծվում են ժամանակավոր հանձնաժողովները:  ԱԺ կանոնակարգում գրված է հետևյալը. « Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել  առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար: Այն ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը»: Արդյո՞ք «Ելք»-ը պատրաստվում է հանդես գալ  նման նախաձեռնությամբ՝ հարցնում եմ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին: ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգով դեռ էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել,  իսկ նոր ընթացակարգը տարբերվում է նախորդից: Էթիկայի հանձնաժողովը  ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակ ունի և ձևավորվում է նույն կարգով: Կանոնակարգում որոշակի անհստակություններ կան, քանի որ մի տեղում էլ գրված է, որ պետք է դիմում ներկայացվի: Մենք հիմա այդ ընթացակարգերի հստակեցման փուլում ենք: Նախագիծ է նախապատրաստվել, որը մտածում ենք, թե ինչպես ներկայացնել:  Նախադեպը չկա, ու սա որպես առաջին քայլ ճանապարհ է բացելու մյուս դեպքերի համար: Հանձնաժողով ձևավորելու  հարցը քվեարկվելու է Ազգային ժողովում, ինչը նշանակում է, որ դրա ստեղծումը կախված կլինի իշխող մեծամասնությունից՝ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից:  Արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունը կողմ է, որ միջադեպի քննության համար էթիկայի հանձնաժողով ձևավորվի: «Մենք չենք խուսափում քննարկումից,  առավել ևս, որ  Արտաշես Գեղամյանն էլ իր փաստարկներն ունի: Համատեղ քննարկման կարիք,  կարծում եմ, կա,  ու կարող է դաս լինել հետագայի համար»: Նաև կարճ վիճակագրություն  5-րդ գումարման խորհրդարանում գործած էթիկայի հանձնաժողովի աշխատանքի մասին: 5 տարիների ընթացքում հանձնաժողովը տարբեր արդյունավետությամբ է աշխատել։ Եղել են  նստաշրջաններ, որ ընդհանրապես դիմում չի ստացել  ու որոշում չի կայացրել, եղել են  ծանրաբեռնված նստաշրջաններ: Ընդհանուր առմամբ՝ 5  տարվա ընթացքում հանձնաժողովը 7 անգամ է էթիկայի կանոնների խախտում արձանագրել:  Որոշումներից 3-ը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, 2-ը՝ Մհեր Սեդրակյանին, 1-ը՝ Սամվել Ալեքսանյանին: 3 պատգամավորի վերաբերյալ խախտում արձանագրող 7 որոշումը թերևս, փաստում է, որ հանձնաժողովի որոշումները պատգամավորների վարքագծի վրա այնքան էլ չեն ազդել:

Հայաստանի հանրային ռադիո