Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երբ ընտանիքի հոգսն ընկնում է անչափահասի վրա

«Ռադիոլուրի» «Սոցիալական Հայաստան» շարքի այսօրվա հերոսը Երեւանից է։ Սոցիալական խնդիրները ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում է նույնը։ 50 տարեկանից հետո արդեն մարդ դժվարությամբ է աշխատանք գտնում՝ հույսը դնելով անչափահաս երեխայի վրա, որը դեռ կարող է ինչ- որ աշխատանք գտնել։ Տիկին Լարիսայի բնակարանը դժվարությամբ գտանք Նորքի այգիներում: Շքեղ առանձնատների կողքին փոքրիկ տնակը գրեթե չէր երևում: Միայն ձյան վրայի ոտնահետքերն ու կենցաղային որոշ պարագաներն էին հուշում, որ այդտեղ ևս կարող է մարդ բնակվել: Տիկին Լարիսային հանդիպեցինք հենց տան մոտքի մոտ: Տանտիրուհին, ի դեպ, մենակ չէր եկել  մեզ դիմավորելու: Նրան ուղեկցում էր Սևուկը, որը ժամանակին թափառական շուն էր, իսկ այսօր արդեն այդ բակի մշտական բնակիչն է: Քարե տնակը, որը մինչև վերջերս փայտից էր, 12 քմ ծավալով փոքրիկ սենյակ է, որտեղ տեղադրված է 3 անկողին, հնամաշ պահարան, փայտի վառարան և փոքրիկ սեղան: Տան մեջ տեղաշարժվելն արդեն իսկ մեծ դժվարություն էր։ Իսկ այստեղ արդեն երկար տարիներ ապրում է 4 հոգանոց ընտանիք: Տղային հանդիպեցինք դրսում, աշխատանքի էր գնում: 16 տարեկան Դավիթը մատուցողի օգնական է, օրական վաստակը՝ 1500 դրամ։ Դա էլ հազիվ մոր համար դեղորայք և տան համար հաց գնելուն է բավարարում։ Իսկ աղջիկը դպրոցում էր:  8-րդ դասարանում է սովորում: Աշխատելու մասին կմտածի 9-րդ- ն ավարտելուց հետո: Ի դեպ՝ տան մի անկյունում դրված կաթսայի պարունակությունը հենց նրան էր սպասում:  Տանը չէր նաև տիկին Լարիսայի ամուսինը: Նա ամեն առավոտ գնում է աշխատանք փնտրելու, բայց միշտ չէ, որ ձեռքին գումարով է վերադառնում: Իհարկե, Հայաստանում դժվար է 40-45- ից հետո աշխատանք գտնել։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ աշխատանք չեն գտնում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցողները: Մյուսների համար աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է: Նրանք համաձայն են ցանկացած աշխատանքի, նշում է սոցիոլոգը: Միակ խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է 30 -40 տարիքային խմբի աշխատողներ ունենալ: Թե 50 տարեկանից բարձր բնակչության քանի տոկոսն աշխատանք չունի, սոցիոլոգը դժվարանում է պատասխանել:  Պաշտոնապես գործազուրկ են  համարվում բոլոր նրանք, ովքեր գրանցված են զբաղվածության պետական գործակալությունում: Փետրվարի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված շուրջ 95 հազար աշխատանք փնտրողներից գործազուրկ են 80 հազարը: Գործազուրկների շուրջ 17 տոկոսը 50-ից բարձր տարիքային խմբում են, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Թադևոսյանը: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, բայց ինքնուրույն աշխատանք գտնել չեն կարող, Հասմիկ Թադևոսյանը խորհուրդ է տալիս դիմել իրենց: Գալով տիկին Լարիսայի ընտանիքին, այստեղ փաստորեն տան միակ աշխատողն անչափահաս տղան է: Բայց էլի չեն բողոքում: Օրական 1500 դրամով կարողանում են նաև լույսի վարձը տալ: Դժվարն իհարկե  ձմռանն էր: Տունը պետք էր տաքացնել: Թեև այս ձմեռ առավելություն ունեին: Փայտե տնակը նոր էին վերածել  քարի և բավականաչափ վառելիք ունեին: Սևուկը, ի դեպ, փոքրիկ խրճիթի միակ պահակը չէ: Բելի հետ միասին են հսկում տան բնակիչների անդորրը, թեև, ինչպես ասում է տիկին Լարիսան, հսկելու բան էլ չի մնացել:

Հայաստանի հանրային ռադիո