Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Երեք ուժերն էլ տեղ կունենան Երեւանի ավագանիում

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին հանրապետական կուսակցությունը մասնակցում է  «Հանուն Երեւանի», «Ելք» դաշինքը հանդես է գալու «Երեւան ջան, ելք կա» կարգախոսներով: «Երկիր Ծիրանին» առայժմ փակագծերը չի բացում: Կարգախոսը կհայտնեն ապրիլի 21-ին՝ քարոզարշավի  մեկնարկի ժամանակ: Այս ընտրություններում քաղաքական ուժերի մասնակցությունը մեծ չէ եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար կա ընդամենը երեք թեկնածու: ՀՀԿ-ից Տարոն Մարգարյանն է, «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի»-ից՝ Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին: Բայց ընտրությունների մասնակցող գործիչները ակտիվ աշխատում էին նաեւ այսօր: Մի խումբ լրագրողներով գտնվում ենք Արին բերդ բլրի գագաթին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքն է իր առաջին ասուլիսի համար ընտրել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա իր թիմով մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին: Մինչ տիկին Փոստանջյանը հաղթահարում էդեպի բլրի գագաթը ձգվող աստիճանները, ասեմ, որ այստեղից բացվող քաղաքի տեսարանը, ցավալի է, բայց անկեղծ՝ մի քիչ հուսադրող չէ: Այս կետից վերեւից մեր քաղաքն անգույն է երեւում, իսկ ավելի ճիշտ՝ մոխրագույն։ Նորակառույցներ այստեղից չես տեսնում, աչքի են ընկնում  հին տանիքները: Մի խոսքով՝ ժամանակակից քաղաք այստեղից չեմ տեսնում: Այժմ մոտենում եմ տիկին Փոստանջյանին: Նախընտրական կարգախոսները եւ ծրագրերը Զարուհի Փոստանջյանն այս պահին չի շտապում բացահայտել: Քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 21-ին, ավարտվելու է մայիսի 12-ին՝ ամեն ինչ պարզ կդառնա այդ շրջանում: Իսկ այսօր եկել են պարզապես զգուշացնելու: Հանրապետականները, իհարկե, չեն վախենում այսպիսի զգուշացումներից եւ իրենց հերթին հայտարարում՝ գոհ են Տարոն Մարգարյանի աշխատանքից, քանի որ վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանը առաջընթաց է գրանցել գրեթե բոլոր ոլորտներում: Այս ընտրություններում հանրապետականների շտաբի պետը Էդուարդ Շարմազանովն է: ԵԼՔ դաշինքի հապավումը  ավագանու ընտրությունների դեպքում վերափոխվել է եւ տվյալ դեպքում բացվում է որպես «Երեւանի Լավագույն Քաղաքապետ»: Քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է երգել, նկարահանել գովազդային տեսահոլովակ, իսկ այսօր առավոտյան աուդիտ է անցկացրել Երեւանի կենտրոնական փողոցում՝ Մաշտոցի պողոտայում, որտեղ ասֆալտապատման նպատակով հատվածական բացվել են փոսեր, ինչը դժվարացնում է հատկապես վարորդների աշխատանքը: Այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ որեւէ համագործակցություն, կարծես, չի նշմարվում: Նորաստեղծ «Երկիր Ծիրանիի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին անվանել է «սպոնտան ձեւավորված ուժ» եւ դեռ չի պատկերացնում՝ այն կմնա՞ որպես մեկ միավորում, թե՞ ոչ: Ըստ տիկին Փոստանջյանի՝ «Ելքը» դեռ հղկվելու կարիք ունի: «Ելքն» -իր հերթին չի շտապում որեւէ համագործակցության, իսկ երկուսը միասին թիրախ են ընտրել հանրապետականին։ Այնպես որ՝ այստեղ էլ համագործակցություն չի լինի: Իսկ ընդհանրապես, այն պահից, երբ քաղաքական ուժերի մեծ մասը որոշեց հրաժարվել այս ընտրություններից, ստեղծվեց հետաքրքիր մի իրավիճակ: Այժմ ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի անցողիկ շեմը, եւ մանդատների բաշխումը տեղի կունենա այս երեք ուժերի միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն՝ այսօր արդեն կարող ենք կանխատեսել, որ Երեւանի նորընտիր ավագանիում տեղ կգտնեն եւ «Ելքը», եւ «Երկիր Ծիրանին» եւ Հանրապետականը: Այստեղ հարց է միայն, թե ում բաժին կհասնի քաղաքապետի աթոռը:

Հայաստանի հանրային ռադիո