Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԵՏՄ-ում Հայաստանի երկու տարին. ինչ արդյունքներ են արձանագրվել

Հայաստանում ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի ակադեմիայում կազմակերպված այսօրվա քննարկման ժամանակ ամփոփվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության 2 տարվա արդյունքները: Միանշանակ արձանագրվել է, որ ԵՏՄ-ի անդամակցությամբ տնտեսական կապերի եւ բիզնեսի հնարավորություններն  ավելացել են, այլ հարց է, թե որքանով ենք հասցրել օգտվել այդ հնարավորություններից: Տարին ամփոփելուց հետո՝ պատկերն ամբողջությամբ ու առավել հստակ կերեւա՝ ասաց Ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը: Նա կարծում է, որ դրական մի շարք տենդենցներ եղել են, իսկ հնարավորությունները շատ ավելի մեծ են:   ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության անցած երկու տարիները, Հայաստանում ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի գնահատմամբ, միանշանակ դրական են եղել: Մի շարք ուղղություններով ավելացել է ապրանքաշրջանառությունը, իսկ որոշ ապրանքների վրա գների դրական ազդեցություն է ունեցել: «Գների բարձրացման այն տեմպերը, որը կարող էր լինել, Հայաստանի Հանրապետության համար կասեցվեց, կարծում եմ: Ընդհանուր տեսանկյունից, սակայն, ես միաժամանակ կարծում եմ, որ մենք շատ ավելին կարող ենք անել»: Մհեր Շահգելդյանը համոզված է, որ աշխատանքային համագործակցության եզրերն են ընդլայնվել, հնարավորությունները հսկայական են, հատկապես հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած նոր համաձայնագիրը: Դեմկուսի նախագահ Արամ Գ. Սարգսյանը, մինչդեռ, կարծում է, որ այս երկու համագործակցությունները առանձին է պետք դիտարկել, քանի որ մեկն ավելի շուտ քաղաքական է, իսկ մյուսը՝ տնտեսական: Հնարավորությունները կան, բայց տնտեսության կարողությունները դեռ չեն բավարարում, պետք է տնտեսություն զարգացնել՝ հավելեց Դեմկուսի ղեկավարը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը պարզաբանեց, թե ինչու սպասված արդյունքները չկան: ԵՏՄ-ի անցած երկու տարին դրական գնահատեց նաեւ Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Լրագրողների հետ զրույցում նա շեշտեց, թե ԵՏՄ հարթակում ինչպես Հայաստան-Բելառուս երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններն ընթանում են դրական դինամիկայով՝ բոլոր ուղղություններով: Բելառուսի դեսպանը չկիսեց դիտարկումը, թե երկկողմ քաղաքական հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ կան: Բացարձակապես համաձայն չեմ՝ նման հաստատումը, հարցադրումը պրովակացիա է՝ ասաց: «Հայտնի է, որ… դե՝ ոչ, դա միայն ոմանք են այդպես համարում: Նրանք ճնշող փոքրամասնություն են, իսկ բոլոր մնացածը գիտեն եւ  քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Եթե նախագահները պարբերաբար ձեւաչափով հանդիպում են, եթե վարչապետերը լուծում են ցանկացած սուր հարցեր եւ փակ թեմաներ չկան, դա խոսում է մեր ղեկավարների եւ մեր պետությունների միջեւ բարձր մակարդակի փոխգործակցության  մասին»: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մինչդեռ կարծում է, որ ԵԱՏՄ-ում քաղաքական շահերը գերադասվում է տնտեսականից, ինչով եւ պայմանավորված են ակնկալված, բայց չստացված արդյունքները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ իհարկե կան իրարամերժ կարծիքներ եւ Հայաստանի տնտեսական դժվարությունները որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ փորձում են պայմանավորել ԵՏՄ-ի անդամակցությամբ: Տնտեսագետի գնահատմամբ, մինչդեռ, ԵՏՄ-ին անդամակցության 2 տարիներին տեղ գտած միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում, դա այդպես չէ: ԵՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ ընձեռել է, առանձին ճյուղերում էլ՝ արդեն հաջողություններ արձանագրել: Տնտեսագետը կարծում է, որ նույնքան կարեւոր է, թե Հայաստանը ինչ է տալու ԵՏՄ-ին: ՏՏ ոլորտն ու տնտեսության գիտատար ճյուղերը մատնանշեց, որտեղ շատ շահավետ համագործակցություն հնարավոր է ծավալել: Դա հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունն այն մակարդակի, որ հավասարի պես կարող ենք ներկայանալ նաեւ ԵՄ անդամ երկրների շուկաներում:

Հայաստանի հանրային ռադիո