Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԵԽԽՎ պատվիրակության անդամները հանդիպեցին Հայաստանի հարցով համազեկուցողների հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ: ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններին հաջորդող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի քննարկման եւ ընդունման ընթացակարգերը` նշելով, որ օրենքի նախագծում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու հանձնարարականները: Տիկին Նաղդալյանը նշել է, որ 4+4+4 ձեւաչափով համագործակցության արդյունքում քաղաքական ուժերի միջեւ հիմնական խնդրահարույց հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված մի շարք օրենքների նախագծերին, ինչպես նաեւ 2017թ. ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետներին: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը խոսել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ եւ ընդգծել, որ նախագիծը խորությամբ քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի լիարժեք իրականացումը եւ հավելել, որ ծրագրում ընդգրկված նախագծերն ուղղակի կերպով կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի պարտավորություններին: Տիկին Նաղդալյանը հյուրերին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ դրանք եղել են ժողովրդավարական եւ մրցակցային: Անդրադառնալով ԵԽ անդամ պետությունների միջեւ հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը` հայկական պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ենթահանձնաժողովը պետք է գործի ամենայն զգուշությամբ եւ նրբանկատորեն: Նրա համոզմամբ` համազեկուցողներն այս հարցում պետք է ունենան իրենց ներդրումը: Ալան Միլը ողջունել է Հայաստանում իրականացված բարեփոխումները եւ դրա արդյունքում քաղաքական դաշտում ստեղծված ներդաշնակությունը: «Հայաստանի առաջընթացը դեպի խորհրդարանական ժողովրդավարություն արտասովոր է, նկատելի է ու տպավորիչ»,- նշել է պարոն Միլը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի վերաբերյալ միջանկյալ եւ վերջնական զեկույցների կազմման եւ ներկայացման ժամկետներին առնչվող հարցերին: Քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորության հարցը: Ալան Միլը վստահություն է հայտնել, որ միջանկյալ եւ վերջնական հաշվետվություններում իրենք կնախանշեն այն բոլոր ընթացակարգերը եւ նախապայմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին` հետմոնիթորինգային ընթացակարգին անցնելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող քայլերին:

Հայաստանի հանրային ռադիո