Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գաղափարական դաշի՞նք, թե՞ նախընտրական կոմբինացիա

Քաղաքական դաշտում կարծես ուրվագծվում է նախընտրական առաջին դաշինքի ձևավորման հնարավորությունը: Ընդդիմադիր երեք ուժեր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները  դեկտեմբերի նախօրեին հայտարարել են, որ  ձեռք են բերել  համագործակցության հստակ պայմանավորվածություններ: Փակագծերն առայժմ ամբողջությամբ  չեն բացվում, բայց այս ուժերի ներկայացուցիչները խոստանում են, որ դեկտեմբերի 12-ին  հանդես կգան համատեղ հայտարարությամբ:   Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» և Արամ Սարգսյանի  ղեկավարած «Հանրապետությունը» դեկտեմբերի 1-ի ուշ երեկոյան հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունների հիմնական փուլն ու հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ։ Թե ինչպիսնին կլինի այդ համագործակցությունը, ինչ ձևաչափ կունենա ու արդյոք նախընտրական դաշինք կդառնա թե ոչ, ընդդիմադիրները խոստանում են ներկայացնել դեկտեմբերի 12-ին՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ: Էդմոն Մարուքյանն ասում է՝ երեք ուժերը միտված են կայուն և երկարաժամկետ համագործակցության, թե ինչի շուրջ, այսպես է բացատրում: «Առաջինը գաղափարական և իրար մոտ տեսլական ունենալն է Հայաստանի զարգացման վերաբերյալ: Սա է անկյունաքարը: Մյուս հարցերում գուցե տարաձայնություններ կան, բայց դրանք անհաղթահարելի չեն»: Ի դեպ, Վանաձորի և Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ Լուսավոր Հայաստան և Քաղաքացիական պայմանագիր կուսակցություններին չհաջողվեց  միավորվել ու դաշինք կազմել, ավելին ՝ երկու ուժերի միջև հարաբերություններն անգամ լարվեցին ու նրանք զերծ չմնացին փոխադարձ մեղադրանքներից։ Դրանք չեն մոռացվել, բայց այնքան կարևոր չեն, որ խանգարեն ավելի լուրջ խնդիրների լուծմանը՝ ասում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը: «Ավելի բարձր արժեքներ կան: Մենք ամեն ինչ արել ենք, որ ոչ մեկի հետ համագործակցության կամուրջները չայրենք: Թիմերի մեջ որոշակի նեղսրտվածություն, վիրավորանք ինչ-որ հարցերի հետ կապված կա, բայց կարծում եմ սրան հաղթահարելի դժվարություններ են»: 4-րդ ուժը, որը նույնպես մասնակցում էր  ընդդիմադիր միավորում ստեղծելու հարցի շուրջ կոնսուլտացիոն քննարկումներին, «Ժառանգությունն» էր, որի անունը սակայն տարածված հայտարարության մեջ չի նշվում:  Մարուքյանն ասում է՝ դեռ քննարկումներն ավարտված չեն ու նոր որոշումներ հնարավոր են: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ այդ հնրավարությունը չի բացառում, բայց առայժմ նախընտրում է առանց հստակեցումների խոսել: «Որևէ կուսակության անուն չեմ տա, այս պահին քննարկումների ակտիվ փուլ է, իմ կողմից որևէ մեկնաբանություն կարող է հարվածել այդ քննարկումներին: Եթե հստակություն լինի՝ թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումների առումով, մենք քաղաքացիներին տեղյակ կպահենք: Մի բան հստակ է. մենք կողմ ենք լայն կոնսոլիդացիայի, և կարծում եմ նմանատիպ կոնսոլիդացիայի մաս կկազմենք, հակառակ պարագայում՝ «Ժառանգություն»-ն առանձին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»: Իշխող  քաղաքական ուժի՝ Հանրապետականի ներկայացուցիչները մեծ հույսեր չունեն, որ ընդդիմադիրների միավորման փորձերը հաջողությամբ կպսակվեն, բայց ասում են, որ  ուրախ կլինեն, եթե այդ միավորումը տեղի ունենա: «Էդ միավորումներն ուզում ենք, որ հարատեւ լինեն, ոչ թե խորհրդարան մտնելուց հետո մոռանան, որ միավորված եկել են խորհրդարան»: Այսպես իր ցանկությունը ձևակերպել էր հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը նույն թեմային անդրադառնալով ասել էր, որ եթե ինչ-որ միավորումներ լինեն, դրանք միևնույնն է գաղափարական հենք չեն ունենալու, այլ ընդամենը նախընտրական կոմբինացիաներ են լինելու:

Հայաստանի հանրային ռադիո