Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

«Գազպրոմ- Արմենիան» այլընտրանք չուներ. տնտեսագետը՝ գազի էժանացման մասին

Փորձագետները համոզված են, որ գազի սակագնի նվազեցնելու նախաձեռնությունը դրական կազդի թե տնտեսության, թե բնակչության կենսամակարդակի վրա:  Երկարաժամկետ հատվածում մի շարք ապրանքների գների նվազում է կանխատեսվում, սակայն Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մտահոգություն ունի՝ գուցե սա կարճաժամկետ ու միայն այս տարվա նախաձեռնությունն է:   «Ցանկություն և պրոֆեսիոնալիզմ».  այս երկու հատկանիշների առկայության դեպքում հնարավոր կլիներ գազի սակագինը նվազեցնել ոչ  թե այսօր, այլ երկու տարի առաջ՝ կարծում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով,  նվազեցումը առավելագույն չափը չէ, կա ավելիի հնարավորություն: Գազի սակագինը նվազելու է՝  բացառապես «Գազպրոմ Արմենիայի» հաշվին: Գյուղմթերքի վերամշակմամբ ու ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները մոտ 46 տոկոս պակաս գումար կվճարեն  սպառած գազի դիմաց: Գագիկ Մակարյանն այս փուլում  ապրանքների գների նվազմանը  սպառողներին շտապում է  հիասթափեցնել։ «Մի սպասեք, որ հիմա միանգամից շատ ապրանքներ սկսելու են էժանանալ: Հատկապես վերամշակողներ կամ ջերմոցային տնտեսությունները էժան գազը նոր են սկսելու օգտագործել: Նրանց արտադրանքը կերևա ձմռանը, գարնանը, պահածո արտադրողների դեպքում՝ հունիսից հետո, երբ իրենք էժան գազով կարտադրեն պահածոները»: Հացի ու  պահածոների արտադրություններում գների նվազում նույնպես  սպասվում է: Սոցիալական խմբերի համար գազի սակագին է սահմանվելու 100 դրամ՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ սակայն ոչ ավելի, քան 600 խորանարդն է: ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գիտության,  կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նախատեսված ծավալը քիչ չի համարում: «Բոլորս էլ գազ սպառող ենք , գիտենք, որ ամենացուրտ ամիսներին որևէ մեկն այդ սահմանագիծը չի հատում»: Գագիկ Մակարյանը սակայն մտահոգություն ունի՝ գուցե սա կարճաժամկետ ու միայն այս տարվա նախաձեռնություն է: Մինչդեռ,  Արտակ Դավթյանը հույս ունի, որ գազի սակագնի նվազումը շարունակական բնույթ կկրի:  Իսկ նախաձեռնությունը  սոցիալական բեռը նվազեցնելու  լուրջ քայլ է, մարդիկ խնայած գումարները կծախսեն կենսամակարդակի բարելավման վրա: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը սակագնի վերանայումը միայն վարչապետի անձով է  պայմանավորում: Մինչդեռ,  «Գազպրոմ Արմենիան», ըստ Գործատուների հանրապետական միության նախագահի, այլընտրանք չուներ, պետք է քայլն աներ, քանի որ անընդհատ բաժանորդներ է կորցնում: Այս քայլով մոտ 25 տոկոսով գուցե ավելանա  բաժանորդների թիվը: Մակարյանը սակայն չի մոռանում ընդգծել բաժանորդներին մատակարարվող գազի որակի մասին՝ գուցե այս կերպ ընկերությունը կարողանա փակել իր ծախսերը: Տրամաբանորեն  կնվազի նաև  էլեկտրաէներգիայի սակագինը, այս դեպքում ՀԾԿՀ չսպասեց ՀԷՑ-ի առաջարկին ու սեփական նախաձեռնությամբ կսկսի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացը: Էներգակիրների  գների  նվազումը  երկարաժամկետ հատվածում դրական կազդի նաև տնտեսության վրա: Կառավարության այս ծրագրով տնտեսությունը խթանում ենք՝ ընդգծում է Գագիկ Մակարյանը: Նա կարծում է, որ2017 թ բյուջեն ուղղակիորեն  բխում է ծրագրից։ Հենց սա էլ հաշվի առնելով՝ շատ ավելի արդյունավետ կարող է լինել՝ չնայած թվային ցուցանիշերում հաջորդ  տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ըստ էության  նախորդների կրկնությունն է: «Լավ կլիներ, որ մենք շատ ավելի մեծ թվեր տեսնեինք: Ինչպես անցյալ տարի, սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը մեկ երրորդն են կազմում, դա ցույց է տալիս, որ տարեցտարի սոցիալական մեր խնդիրները դեռ չեն բարելավվում»։ Միայն փոքր-ինչ ավելացել է կրթության ոլորտին  տրամադրվելիք գումարը: Մնացած ոլորտներում հատկացումները մնացել են անփոփոխ:  Այդուհանդերձ, Գագիկ Մակարյանը կարծում է, որ  պասիվ վիճակում գրված այս  բյուջեով ավելի շատ խնդիրներ կլուծվեն:

Հայաստանի հանրային ռադիո