Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գերհագեցած օրակարգ՝ ԱԺ նստաշրջանի առաջին նիստում

Քաղաքական արձակուրդի շրջանն  ավարտված է, քաղաքական սեզոնի մեկնարկը՝ տրված: Այսօր 6-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է երկրորդ նստաշրջանի աշխատանքը: Առաջին նիստին մասնակցել է 105 պատգամավորից 91-ը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է նստարշրաջնի օրակարգը, որում ընդգրկված է 57 հարց: Քառօրյա նիստերի  օրակագում դրանցից  30-ն է: Ի տարբերություն նախորդ նիստերի ՝ օրակարգն այսօր հաստատվել է առանց առարկությունների ու վերապահումների.  պատգամավորները հարցեր ու ելույթներ չեն ունեցել  և սահուն  անցել են  օրակարգային հարցերի քննարկմանը: Թե ինչ են քննարկելու պատգամավորներն այսօր, ինչ հերթականությամբ ու տևողությամբ, ավելի վաղ ՝ մինչև նստաշրջանի մեկնարկը, որոշել էր Ազգային ժողովի խորհուրդը: Սա խորհրդարանի նոր կառույցներից է, որում ընդգրկված են ԱԺ նախագահությունը, հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Խորհուրդը քառօրյաներից առաջ նիստեր է հրավիրում ու կազմում մեծ և փոքր օրակարգերը: Աշնանային նստաշրջանի օրակարգում 57 հարց է, քառօրյա նիստերի օրակագում՝ դրանցից 30-ը: Ի տարբերություն նախորդ նիստերի ՝ օրակարգն այսօր հաստատվեց  առանց առարկությունների. պատգամավորները օրակարգի առնչությամբ վերապահումներ չունեին: Աշխատանքը խորհրդարանը սկսեց միջազգային պայմանագրերից: Դրանց քննարկումով  նախկինում ԱԺ-ն  սովորաբար ավարտում էր աշխատանքը:  Սա նախորդ նիստերից միակ տարբերությունը չէր: Այսուհետ, ինչպես ԱԺ նախագահը տեղեկացրեց, օրենսդրական փաթեթներն ու նախագծերը հաստափոր թղթային տարբերակներով չեն դրվի պատգամավորների սեղաններին, այլ նրանց հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով: ԱԺ նախագահությունը կարծում է, որ այսպես պատգամավորներն ավելի արդյունավետ կլինեն: Արդյունավետությունն այսօր դրսևորվեց հարցերի արագ քննարկմամբ: Եթե պատկերավոր, ապա հիմնի հնչյուններից անմիջապես հետո պատգամավորներն անցան օրենսդրական աշխատանքին: Քննարկեցին մոտ 1 տասնյակ հարց ՝ հիմնականում միջազգային պայմանագրեր, որոնք փոփոխված կանոնակարգով  արդեն  խորհրդարան են գալիս օրենքի նախագծի կարգավիճակով:  Դրանցից մեկով, օրինակ,  նախատեսվում է առանց վիզայի ռեժիմ սահմանել Հայաստանի և Մոլդովայի միջև՝ ժամկետային սահմանափակմամբ:  Երկու երկրների  քաղաքացիները կկարողանան   առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս կողմի տարածքում ՝ 90 օրը չգերազանցող ժամկետով: Մեկ այլ համաձայնագրով էլ կառավարությունն առաջարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին և դրա անձնակազմին Հայաստանում տալ  դիվանագիտական  կարգավիճակ՝ դրանից բխող  արտոնություններով  ու անձեռնմխելիություններով:  Կառույցի հետ Հայաստանը համագործակցում է, բայց այն ներկայացուցչություն մեր երկրում մինչ այժմ չունի:  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն   ասում է, որ նոր կարգավիճակը թույլ կտա ավելի արդյունավետ համագործակցել միգրացիոն հարցերով զբաղվող կառույցի հետ:   Իսկ արդյոք դրա ներկայությունը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել այլ պետություններում Հայասատնի քաղաքացիների միգրացիոն իրավունքերը: Քոչարյանն ասում է՝ այդ հարցին համաձայանգիրը չի առնչվում: «Սա ավելի եվրոպական ուղղության կառույց է»: Մի համաձայնգաիր էլ հայ-իրանական  տնտեսական հարաբերությունների համատեքստում:   Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է վավերացնել «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: ՊԵԿ-ի ներկայացուցիչն ասում է՝ նպատակը մաքսային անցակետերում ծառայություններն  ավելի մատչելի դարձնել է, 2 երկրների միջև առևտուրը խթանելը:  Ելք խմբակցությունը հայ-իրանական հարաբերույթյունների խորացումը կարևորում է,  համաձայնագրին կողմ կքվեարկի, բայց մինչ այժմ հայտարարված   հայ-իրանական նախագծերի  կատարողականը ցածր է գնահատում: Վերապահում ունի նաև սահմանային դարպասի առնչությամբ: Փոխարենը նոր հնարավորություն`  արտադրական նշանակության սարքավորումներ և հումք ներկրող ընկերությունների համար:  Հաջորդ տարվա հունվարի 1-ից նրանք կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի վճարումից: Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում, որոնց նպատակը, ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է ասում, տնտեսավարողներին ազատ  շրջանառու միջոցներ ունենալու  հնարավորություն տալն է: «Կարող ենք թե ֆինանսական, թե ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»: Ի դեպ, կառավրությունը  բացառության է գնացել. ընդունվելու դեպքում օրենքը   նաև հետադարձ ուժ կունենա: Գործադիրը կարծում է, որ կլինեն ընկերություններ, որոնք մինչև հաջորդ տարեսկիզբ արտադրական նշանակության մեքենասարքավորումներ և հումք  ներմուծելու ծրագրեր կունենք:  Որպեսզի նրանք չհապաղեն ու չսպասեն օրենքի ուժի մեջ մտնելուն, կառավարությունը նախագծում հետադարձ ուժի դրույթներ է նախատեսել:

Հայաստանի հանրային ռադիո