Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Սարգսյան հանդիպումներից հետո

Ինչ է կատարվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կամ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափում: Վերջին երկու օրերի ընթացքում շատերն են փորձում գտնել այս հարցերի պատասխանները՝ առաջ քաշելով տարաբնույթ վարկածներ: Դրանցից մեկն էլ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին է: Այս հարցի քննարկումները կամ շահարկումները պարբերաբար թարմացվում են։ Այսօր կրկին թարմացվել են նույն խոսակցություններն ու շահարկումները՝ հատկապես Պուտին-Ալիեւ հուլիսյան եւ Պուտին- Սարգսյան oգոստոսյան հանդիպումներից հետո: Ռուսաստանի Դաշնությունը փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, Միացյալ Նահանգները կանխում է՝ ակնհայտորեն ցուցադրելով, որ չի զիջելու իր դիրքերը: Շատերն այսպես են հասկանում վերջին օրերին տեղի ունեցածը: Ռուսական մամուլը դեռ օրեր առաջ՝ Սարգսյան-Պուտին հանդիպումից էլ շուտ, փորձում էր շրջանառության մեջ դնել կարծիքը, թե առանց Ռուսաստանի ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել: Դեռեւս հուլիսի 21-ին նույն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չնախատեսված հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսական քաղաքական եւ վերլուծական հռետորաբանությունը ստիպում էր կարծել, որ ռուսական եւ ադրբեջանական կողմերը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել: Օգոստոսի 23-ին կրկին Սոչիում Պուտինն արդեն հանդիպեց Հայաստանի նախագահի հետ: Գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը նկատել է՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Մի կողմ դնելով կարգավորման հրապարակված կետերն ու առանձին նրբությունները՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այս ակտիվացման հետ կապված մատնանշում է ավելի լուրջ խնդիր: Ինչ են իրականում քննարկել նախագահները՝ հայտնի չէ: Փաստն այն է, որ վերջին օրերին կրկին շրջանառության մեջ դրվեց տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու հարցը: Մի խնդիր, որի քննարկումը պարբերաբար ակտիվանում է: Վերջին հանդիպումների ֆոնին հատկապես հստակեցվում է՝ խոսքը ռուս խաղաղապահների մասին է: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսպիսի որոշակի ակնարկ արեց նաեւ ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նա հղումներ է անում 2016-ի ապրիլից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի չիրականացված պայմանավորվածությունների վրա: «Որոշ հատկանիշներով այսօր ՄԽ-ում գոյություն ունի հակամարտության կարգավորման փուլային լուծման ծրագիր: Ապրիլյան պատերազմից հետո, օրինակ, մոնիտորինգի համակարգը, նույնիսկ չի բացառվում խաղաղապահ կորպուսի ներկայությունը: Իսկ ով կարող է այդտեղ լինել: Փաստացի միայն ռուսների ներկայությունը կարող է ապահովել կայունություն»: Եթե ռուս վերլուծաբանն այս ամենում փուլային լուծումների տարբերակներ է տեսնում, ապա Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կտրականապես մերժում է նման լուծումը: Արցախյան կողմի համար ընդունելի է միմիայն փաթեթային տարբերակը՝ «Ռադիոլուր»- ին փոխանցեց Բաբայանը՝ անդրադառնալով խաղաղապահների հնարավոր տեղակայման խնդրին: Այս համատեքստում Արցախի նախագահի մամուլի քարտուղարը որեւէ քողարկված եւ արտառոց հանգամանքներ չի նկատել Սարգսյան-Պուտին հանդիպման մեջ: Ասում է, որ հարյուրավոր հարցեր այստեղ կարելի է շահարկել, բայց վերջին իրադարձություններում նա որեւէ կապ չի տեսնում:

Հայաստանի հանրային ռադիո