Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ղարաբաղյան հակամարտությունից մինչև դեսպանների նշանակման շուրջ թեժ քննարկումներ. Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում

Հայաստանը 2018-ին դիվանագիտական գործընկերների ցանկը համալրել չի նախատեսում. նոր դեսպանատների բացում, միջազգային կառույցների  նոր անդամակցություններ այս պահին չեն  ենթադրվում: Արտաքին քաղաքական գերատեսչությունը  նախատեսում է  շարունակել աշխատանքը այն հիմնական ուղղություններով, որոնցով շարժվել է 2017-ին: Դրանց մասին այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  խոսել է  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Պատգամավորներին նա ներկայացրել է այդ ուղղությունները, իսկ  լրագրողների հետ զրույցում ստիպված եղել  մանրամասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին հայտարարություններն  ու  դեպասնների վերջին  նշանակումները: Ադրբեջանի և Հայաստանի  արտգործնախարարների նոր  հանդիպում առաջիկայում նախատեսված չէ, փոխարենը նոր հանդիպման մասին խոսել է  Թուրքիայի նախագահը:  Երեկ թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է  ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնահարցը: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է ՝ նշել է  Էրդողանն ու առանց ավելորդությունների հավելել՝ եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այս գործի վերա, հիմնախնդրի լուծումը շատ կհեշտանա:  Հայաստանի փոխարտգործնախարար  Շավարշ Քոչարյանն այս հայտարարությանն արձագանում է, այսպես ասենք, միայն հայտնի փաստերի տեսանկյունից: «Նորություն չէ, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի մեջքին է կանգնած, ասում է նույնը, ինչ Ադրբեջանը: Այս տեսանկյունից մենք հստակ գիտենք Թուրքիայի դիրքորոշումը»: Օրերս մի հայտարարություն էլ Սերժ Սարգսյանն էր արել, բայց արդեն ներքին քննարկումներից մեկի ժամանակ՝  նշելով,  որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը ցավոտ լուծումներ ու  փոխզիջումներ է ենթադրում: Լրագրողներն այսօր փոխարտգործնախարարից մանրմասներ էին ակնկալում: Քոչարյանը, սակայն, փակագծեր բացելու մասին հարցը տեղին չի համարում և կարծում է, որ որևէ նոր բան նախագահը չի ասել: Ցանկացած նմանատիպ խնդրի դեպքում  եթե գնում ես լուծման, ապա լինում են փոխադարձ քայլեր՝ փոխզիջումներ: Բայց ես հրաժարվում եմ խոսել որեւէ փոխզիջման մասին, որովհետեւ եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմի զիջումների մասին կոպիտ սխալ է, դա կլինի հենց զիջում, ոչ թե փոխզիջում: Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որեւէ մի հայտարարություն, որ ինքը պատրաստ է ինչ-որ բան զիջել, այդ դեպքում ես համարում եմ մազոխիզմ՝ անընդհատ այդ հարցը տալ: Շավարշ Քոչարյանն այսօր խորհրդարանում էր հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում:  Նախարարությունը  հաջորդ տարվա ընթացքում բյուջեից  շուրջ  16  միլիարդ դրամ է ստանալու, համարյա այնքան, որքան նախորդ տարվա ընթացքում: Գործունեության ուղղությունները գրեթե  նույնն են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Ցեղասպանության ճանաչում, երկկողմ ու բազմակողմ հարաբերություններ: 2018-ին որևէ նոր միջազգային կառույցի անդամակցելու պլաններ Հայաստանն այս պահին չունի, չի նախատեսում նաև նոր դեսպանության բացում որևէ երկրում: Արտաքին քաղաքական գերատեսչությունում փորձելու են շեշտել դեսպանությունների աշխատանքի տնտեսական բաղադրիչը: Կառավարությունը դա փորձում է անել արդեն երկու տարի,  կան արդյոք չափելի արդյունքներ՝ հետաքրքվում էր «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Չափելի թվերով դժվար է խոսել: Դժվար է ասել, թե որ մասն է ԱԳՆ-ի աշխատանքի արդյունքը, որ մասը էկոնոմիկայի նախարարության, որքանը այլ կառույցների:  Պարզ է միայն մեկ բան՝ ցուցանիշը տվյալ երկրի հետ ապրանքաշրջանառության և ներդրումների ծավալներն են»: Մեր դեսպանատների կեսից ավելիում ունենք 2 դիվանագետ ՝ դեսպանն ու հյուպատոսը: Ուժերը փոքր են, աշխատանքի ծավալները մեծ: Շավարշ Քոչարյանը նաև սրանով է բացատրում դեսպանությունների  տնտեսական գործունեության ցածր արդյունավետությունը: Տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու ակնկալիքներ  կլինեն նաև ամենթարմ  ՝ Վրաստանում վերջերս նշանակված  դեսպանից: Լրագրողնեըի հարցին,  թե ինչ սկզբունքով է ընտրությունը կանգ առել Ռուբեն Սադոյանի վրա, ով դիվանագետ չէ ու հայտնի է որպես գործարար, Շավարշ Քոչարյանը պատասխանեց: «Շատ լավ գիտեք,  և  դա ոչ միայն Հայաստանի պրակտիկան է, այլև այլ պետությունների, որ նշանակումները հաճախ լինում են քաղաքական»: Իսկ ընդհանրապես Շավարշ Քոչարյանը տարակուսում է, թե ինչու է դեսպանների նշանակաման հարցը նման քննարկումների առիթ դառնում Հայաստանում: Վրաստանն, ասում է, տարբեր դեսպաններ է նշանակել Հայաստանում, բայց նրանց մասին մամուլում երբևէ նման քննարկումներ չեն ծավալվել: Իսկ Ռուբեն Սադոյանի գնահատականը ԱԳՆ-ն, ըստ Շավարշ Քոչարյանի, կտա՝ նրա աշխատանքի արդյուքները գնահատելով:

Հայաստանի հանրային ռադիո