Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ղարաբաղյան խնդիրը՝ 2016- ին

Ադրբեջանին զսպող միակ գործիքն այն ընկալումն է, որ հայկական կողմերն իրենից ուժեղ են: Որ վայրկյանին մտածեն, որ բալանսը խախտվել է, նրանք կփորձեն  ռազմական ճանապարհով վիճակը փոխել` կարծում է պատգամավոր Թևան Պողոսյանը: Ինչպես ենք ամփոփում 2016-ը: «Ռադիոլուրը» ներկայացնում է քաղաքագետների ու պատգամավորի կարծիքներն ու դիտարկումները։   2016-ը ի ցույց դրեց մի շարք իրողություններ ղարաբաղյան խնդրում: Ապրիլյան ռազմական գործողությունները վկայեցին հայ զինվորի քաջության ու սեփական հայրենիքը կյանքի գնով մինչև վերջ պաշտպանելու պատրաստակամության մասին: Անցնող տարին ցույց տվեց նաև, որ կան խնդիրներ և դրանք մեր փոխարեն մեկ ուրիշը չի լուծելու՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով՝ ապրիլը ջրի երես հանեց խնդիրներ. մենք պետք է կարողանայինք զարկ տալ ռազմարդյունաբերությանը: Կոռուպցիոն գործընթացները, որ կան բանակում, անթույլատրելի են, և հարկ է մեղավորներին պատժել, որպեսզի  կարողանանք առաջ շարժվել՝ ասաց։ Որևէ տեղաշարժ չկա բանակցային դաշտում, ավելին՝ ապրիլից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Համբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն անգամ չեն իրագործվում, ինչին խոչընդոտում է Բաքուն է: Ու այսօր բանակցությունների միակ նպատակը շփման գծում լարվածություն  թույլ չտալն է: Ըստ Թևան Պողոսյանի՝ պետք է միջազգային հանրությունն ու առաջին հերթին  Բաքվում հասկանան, որ առանց Արցախի խնդրի բուն կարգավորման շուրջ բանակցությունների՝ որևէ մեկը չի կարող զիջում պարտադրել: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան խնդրում ՌԴ- ն իր շահն ունի և այդ շահը Բաքվին ԵՏՄ ներառելն է։ «Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության մեջ ոչ միայն միջնորդ է, այլեւ ունի շահեր եւ իր ավանդույթի համաձայն փորձում է իր շահերն առաջ քաշելով ինչ-որ հարցեր լուծել։ Օրինակ՝ ուզում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ եւ այնքան շատ է ուզում, որ ճնշում է ՀՀ իշխանություններին, որ գնանք զիջումների եւ այդ հարցը լուծվի նշել է»։ Ապրիլյան պատերազմը հակամարտության կողմերին սթափեցրեց ու հիշեցրեց, որ խնդիրը լուծված չէ` ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` նշելով, թե շատերի մոտ տպավորություն էր կարծես, թե խնդիրը լուծված է և ստատուս քվոն կարելի է պահպանել հավերժ։ Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը ևս տպավորություն ունի, թե վերջին տարիներին ձգտում կա  ոչ թե կարգավորել խնդիրը, այլ՝  պահպանել  ստատուս քվոն։ «Ապրիլից հետո իրավիճակը ավելի վատացավ անվտանգության երաշխիքների առումով: Կողմերին  ու նաև համանախագահներին սակայն  հաջողվում է ինչ-որ չափով զսպել բռնությունը ապրիլից հետո»: Քաղաքագետը որևէ հիմք չի տեսնում ասելու թե  ղարաբաղյան հակամարտությունը կարող է տեղաշարժ գրանցել առաջիկայում: Կողմերը պարզապես փորձում է զերծ պահել իրավիճակը սրացումներից:

Հայաստանի հանրային ռադիո