Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

ԳՄՕ սնունդ. վերացնե՞լ, թե՞ ճիշտ մակնշել

ԱՄՆ դեսպանատանն երեք օր առաջ ներկայացվեցին ամերիկյան Վալմոնթ և Մոնսանթո ընկերությունների գործունեությունը Հայաստանում։ Գյուղատնտեսության ոլորտում  նոր տեխնոլոգիաներ առաջարկող  ընկերությունների վերաբերյալ, սակայն, կան բազմաթիվ մտահոգություններ։ Անգամ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար  համարվող «Մոնսանթո» ընկերության արտադրանքից։ Այս ընկերության բացասական գործունեությանն անգամ անդրադարձել է ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթը։   Գենետիկապես ձևափոխված  օրգանիզմները մեծ վնաս են ներկայացնում  շրջակա միջավայրի, բնական կենսաբազմազանության և հողի բերրիության  վրա՝ ասում է սննդագետ Դավիթ Պիպոյանը և բացատրում՝ գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմ պարունակող  լոլիկի հետ գործ ունենալուց հետո,  մարդիկ այլևս չեն կարող  զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ տեղի է ունենում  խաչաձև աղտոտում: Սննդագետն օրինակ է բերում Իտալիայի փորձը, որտեղ գյուղատնտեսության  մեջ արգելված է գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործումը: Իտալիայում աշխատած տարիներին՝ Դավիթ Պիպոյանն Առողջապահության ազգային ինստիտուտից համագործակցության ծրագրի հրավեր է ստացել, սակայն դադարեցրել է գործը, քանի որ եվրոպացի գործընկերները  փորձել են  Հայաստանում ձեռք բերել հողատարածքներ և  փորձարկել ԳՄՕ սերմերի սնկային թույներով  աղտոտման առանձնահատկությունները: Վերջիններիս չի հաջողվել նույնիսկ  տարածաշրջանում գիտական փորձարկումներ իրականացնելու թույլտվություն ստանալ: 2012 թվականին պտուղ-բանջարեղենի շուկայում իրականացվել են գենետիկապես ձևափոխված օրգանիզմների ուսումնասիրություն՝ արդյունքները մտահոգիչ են: Հնարավոր է թույլտվություն ստանալ ԳՄՕ-ն տեխնիկական կուլտուրա աճեցնելու համար: Թեև խիստ հակացուցված է տեխնիկական կուլտուրան օգտագործել պարենային մթերքում, սակայն գենետիկապես մոդիֆիկացված սոյայի կամ եգիպտացորենի տարատեսակներ կան, որոնք անգամ արգելված են օգտագործել սննդային նպատակով, թեեւ ապահովում են բարձրորակ տեխնիկական  հումք, որից ստանում են սոսինձ: Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ Monsanto-ի արտադրանքից Հայաստանում չկա սերմերի համապատասխան փորձարկում, պատշաճ վերահսկողություն, իսկ մարդիկ Հայաստանում մթերքների մեծ մասը ձեռք են բերում  գյուղատնտեսական  շուկաներից, որտեղ չկան  համապատասխան մակնշումներ: Իսկ այդտեղից մարդկանց մոտ առաջանում է հարց՝ ինչպես տարբերակել գենետիկապես մոդիֆիկացված պտուղ-բանջարեղենը: Ամերիկյան «Վալմոնթ» և «Մոնսանթո» ընկերությունների շնորհանդեսին մասնակցել էր նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։ «Ռադիոլուրը» փորձեց մեկնաբանություններ ստանալ գերատեսչությունից։ Մեր հարցմանը գյուղնախարարությունից պատասխանեցին գրավոր։ «Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»։ Ի դեպ՝ սննդագետ Դավիթ Պիպոյանը կարծում է, որ աշխարհում պետք չէ վերացնել ԳՄՕ սնունդը, այլ պետք է լինի համապատասխան մակնշում, որը սպառողին ընտրության հնարավորություն կտա։

Հայաստանի հանրային ռադիո