Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գումար, թե ազգային ավանդույթներ

Ընտանեկան բռնության մասին օրինագծի շուրջ աղմուկն այսօր հասավ խորհրդարան։ Հանրային քննարկումը չվերածել հանրային առճակատման՝ խորհրդարանական լսումները կազմակերպվեցին այս պայմանով։ Հակառակ լուրջ տարաձայնությունների եւ երբեմն անգամ ոչ կոռեկտ ձեւակերպումների ու վիրավորանքների՝ նախագծի քննարկումն այս պահին էլ հաջողված է համարում արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Ասում է՝ արդեն ստացել են 100-ից ավելի առաջարկներ, եւ բացի այդ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «E-Draft» կայքում նախագիծն ընթերցել է արդեն 40 հազար մարդ: Թիվը հասկանալու համար բավական է միայն իմանալ, որ նույն կայքում ոչ պակաս կարեւոր օրինագծերը սովորաբար ունենում են շուրջ 400 դիտում:    Որն է իրական աղմուկի պատճառը, որը բարձրացավ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծի շուրջ: Ընդդիմախոսները ենթադրում են, որ նպատակը ոչ թե ոլորտի կարգավորումն է, այլ՝ ավանդական հայ ընտանիքի քայքայումը՝ «դրսի» ուժերի ֆինանսավորմամբ: Կոնկրետ «դրսի» ֆինանսավորման փաստն այսօր Աժ-ում հաստատեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Ահա հենց սա է, կարելի ասել, իրական կռվանը՝ նախընտրում ենք գումարը, թե ազգային ավանդույթները: Փոխնախարարի վստահեցմամբ՝ մեր ավանդույթներին այսպիսի օրենքով ոչինչ չի սպառնում: Առավել համոզիչ լինելու համար Քոչարյանը վկայակոչում է Մխիթար Գոշին: Փոխնախարարը պնդում է, որ նոր նախագծով նախատեսված կարգավորումները չեն կարող լուծում ստանալ արդեն գոյություն ունեցող քրեական կամ ընտանեկան օրենսդրությամբ, հետեւաբար՝ նախագծի ընդունումն անհրաժեշտ է համարում: Փոխնախարարի խոսքը տպավորիչ էր, բայց այս պահի դրությամբ ընդդիմախոսների համար դեռ համոզիչ չէր: Այսօրվա լսումներին ներկա էին բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր եւս մեկ անգամ արդեն Աժ-ում հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց մտահոգությունները: Կոնկրետ Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերից այս քննարկումներում էին «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: Մանե Թանդիլյան, Գեւորգ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Նաիրա Զոհրաբյան. այս պատգամավորները այլ խնդիրներ են տեսնում հայկական ընտանիքի հիմքում, ինչի վրա էլ հրավիրեցին կառավարության ներկայացուցչի ուշադրությունը: Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, որն ի դեպ, խորհրդարանական լսումների նախաձեռնողն էր, իր վերջնական եւ միասնական տեսակետը նշյալ նախագծի վերաբերյալ չունի, քանի որ կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից եւ խմբակցությունները դեռ պետք է առանձին քննարկեն իրենց մոտեցումներն այս հարցի շուրջ: Նույն անորոշ վիճակում են նաեւ հոգեւորականները: Մի մասը հստակ դեմ է ներկայացված նախագծին, բայց օրինակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կարծիքը հետեւյալն է. Ընտանեկան բռնության փաստերով վիճակագրությունը մտահոգիչ է համարում արդարադատության փոխնախարարը: Նրա ունեցած տվյալներով՝ օրական շուրջ 2 անգամ ընտանեկան բռնության հարցով դիմում են ոստիկանություն, սպանությունների մոտ 17 տոկոսն ուղղակիորեն կապված է  ընտանեկան բռնության հետ: Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսը նույնպես տեղի է ունենում ընտանիքում՝ հայտարարեց արդարադատության փոխնախարարը:

Հայաստանի հանրային ռադիո