Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Գյուղոլորտ եւ բնապահպանություն. հաշվետվություն ԱԺ-ում

Այսօր խորհրդարանում մշտական հանձնաժողովներում ավարտվեցին անցյալ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունները՝ ըստ ոլորտների: Բնական է, որ քննարկումները չեն սահմանափակվել միայն 2016-ով: Այս տարին ու նաեւ սպասվող նոր խնդիրներն ու դրանց լուծումներն էին ցանկանում լսել պատգամավորներն ու լրագրողները՝ մասնավորապես գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարներից: Կարկուտը եւ ցրտահարությունն էին պատճառը, որ անցյալ տարի գրանցվեց բերքի՝ հիմնականում՝ խաղողի ու խնձորի բերքի նվազում: Հետեւանքային խնդիրները խաղողագործության ոլորտում բերքատվության նոր անկման պատճառ են հանդիսանալու արդեն այս տարվա համար՝ Աժ-ում նախորդ տարվա բյուջեի հաշվետվության ժամանակ հաստատեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:   Համակարգային լուծումները բնականաբար ժամանակ են պահանջում:  Դա ինչպես ապահովագրական համակարգի ներդրումն է, որը, հավանաբար, կմեկնարկի 2018 թվականից, այնպես էլ խնդիրների թիրախային լուծումը: Կարկուտների դեպքում՝ նոր տիպի կայանների գործարկումն է:   Կարկտային ցանցերով պաշտպանվող ենթակա տարածքները կազմում են 1400 հեկտար: Ծավալները թույլ են տալիս անգամ հակակարկտային ցանցերի արտադրություն կազմակերպել, իհարկե եթե հաշվարկներով ապացուցվի, որ արտադրությունը ներկրումից ավելի շահավետ է:   Գյուղատնտեսության ոլորտի աղմկահարույց խնդիրներից մեկն առնչվում է Ադրբեջանից Հայաստան ներկրվող գյուղմթերքին: Գյուղնախարարն այս մասով որեւէ տեղեկություն պատգամավորներին փոխանցել չկարողացավ: Հարցը բարձրաձայնած Մանե Թանդիլյանին դա հետեւություններ անելու տեղիք տվեց: Առաջարկում եմ լսել նախարարի եւ պատգամավորի երկխոսությունից մի հատված: Խորհրդարանում աղմկահարույց է խոստանում լինել մեկ այլ խնդիր եւս: Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հարցով վաղը գումարվելու է Աժ արտահերթ նիստ: Այն նախաձեռնել է կառավարությունը, օրակարգում է միայն այս մեկ հարցն է: Բնապահպանների մի մասն արդեն ահազանգել է՝ Սեւանից տարեկան 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը ռուսական ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթ ապահովելն է: Այնպես չէ, որ կառավարության առաջարկին անվերապահորեն կողմ է բնապահպանության նախարարությունը, բայց նախարար Արծվիկ Մինասյանը նաեւ կողմ չէ, որ ձեւակերպումների մեջ նշվի, թե նախարարությունը անթույլատրելի է համարում որոշումը: Ի վերջո դե՞մ է Արծվիկ Մինասյանը, թե՞ կողմ՝ առաջարկում ենք ինքներդ ենթադրություններ անել եւ հասկանալ նրա ասածներից:   Ամեն դեպքում՝ բնապահպանության նախարարը պնդում է, որ Սեւանից լրացուցիչ ջրառի հարցում որեւէ ինտրիգ չկա եւ այն պետք չէ փնտրել:

Հայաստանի հանրային ռադիո